ՀՀ կենտրոնական բանկի մասին
Պատմություն
Առաջին հիշատակումներից մինչև Անդրկովկասյան կոմիսարիատի ստեղծումը (1917 թ.)
Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք հոնիական Միլետոս քաղաքում թողարկված երկու արծաթե դիօբոլոսներն են, որոնք հայտնաբերվել են Էրեբունիի պեղումներից։
Մետաղադրամները Հայաստանում տարածում են գտնում Ք.ա. III դարից սկսած։ Հելլենիստական դարաշրջանում ռազմական արշավանքների և միջազգային առևտրի միջոցով Հայաստան էին մտնում Ալեքսանդր Մակեդոնացու, սելևկյան, աթենական, պարթևական, հռոմեական, կապպադովկյան և այլ ծագման դրամներ:
Երվանդյան հարստության հայ արքաները Ք.ա. III դարի կեսից Ծոփքում սկսում են թողարկել դրամներ, որոնք ամենավաղ հայկական դրամներն են:
Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանում (Ք.ա. 189 թ. – Ք.հ. 1 թ.) Մեծ Հայքում դրամահատությունը սկիզբ է առել Տիգրան II Մեծի օրոք (Ք.ա. 95-55 թթ.):
Նրա կայսրության մի շարք քաղաքներում՝ Արտաշատում, Տիգրանակերտում, Մծբինում, Անտիոքում, Դամասկոսում, հատվել են մեծ քանակությամբ արծաթե և պղնձե դրամներ:
Նկ.՝ Տիգրան II Մեծ (Ք.ա. 95-55 թթ.), արծաթե տետրադրախմաներ
Հաջորդ արքաների ժամանակ հիմնականում թողարկվել են պղնձե դրամներ։ Հելլենիստական հայկական դրամների պատկերագրությունն ու ոճն ամբողջովին համահունչ էր ժամանակաշրջանի ոգուն. դիմերեսին միապետի դիմապատկերն էր, դարձերեսին` դիցաբանական խորհրդանշաններ, արքայի անունն ու տիտղոսը` հունարեն գրերով:
Նկ.՝ Արտավազդ II (Ք.ա. 55-34 թթ.), Նկ.՝ Արտաշես II (Ք.ա. 30-20 թթ.),
արծաթե դրախմա պղնձե խալկոս
Արտաշեսյան հարստության անկման ժամանակաշրջանում թողարկվել են Արտաշատ մայրաքաղաքի դիցուհի Տիխվեի պատկերով քաղաքային պղնձե դրամներ, որոնց եզակի օրինակները խոսում են Արտաշատում դրամահատարանի առկայության մասին։
Նկ.՝ Արտաշատ քաղաքի պնղձե խալկոս
Արշակունյաց հարստության ժամանակներից (66-428 թթ.) դրամներ, որոշակիորեն, հայտնի չեն: Արշակունիների իշխանության սկզբնական շրջանում՝ Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հիմնականում Հռոմեական կայսրության և Պարթևական թագավորության դրամներով:
III դարի կեսերից սկսած Հայաստանում հայտնվում են Սասանյան Իրանի, իսկ V դարի վերջից՝ նաև Բյուզանդական կայսրության դրամները:
VII դարի երկրորդ կեսին Արաբական խալիֆայության կողմից Հայաստանի նվաճումից հետո դրամաշրջանառությունը կատարվել է Օմայանների տոհմի, իսկ ավելի ուշ` Աբբասյանների դրամներով: Արաբական խալիֆայության դրամներից Հայաստանում շրջանառվել են արծաթե դիրհեմներ, պղնձե ֆելսեր և, սահմանափակ քանակով, ոսկե դինարներ:
X դարի վերջից արծաթե դիրհեմներին փոխարինում են բյուզանդական ոսկե դրամները և պղնձե ֆոլիսները, որոնք տարածաշրջանում կատարում էին հիմնական դրամական միավորի դեր: XI-XII դարերում շրջանառության մեջ սկսում են թափանցել նաև սելջուկյան և այլ մահմեդական տիրակալների մետաղադրամները:
Անիի Բագրատունյաց թագավորությունում (885-1045 թթ.) դրամներ չեն հատվել, սակայն Տաշիր-Ձորագետի փոքրիկ թագավորությունում, որտեղ իշխում էր Բագրատունիների ճյուղերից մեկը, Կորիկե II արքայի օրոք (1048-1089 թթ.) թողարկվել են պղնձե դրամներ՝ բյուզանդական անանուն ֆոլիսների նմանությամբ, բայց հայ թագավորի անվան հիշատակությամբ։ Սրանք առաջին դրամներն են, որ կրում են հայերեն գրություններ:
Նկ.՝ Կորիկե II (1048-1089 թթ.), պղնձե մետաղադրամ
XI դարի վերջին Կիլիկիայում հիմնվեց Հայոց պետություն, որը գոյատևեց շուրջ երեք հարյուր տարի (1080-1375 թթ.): Իշխանապետության շրջանում (1080-1198 թթ.) Ռուբինյան իշխաններից ոմանք թողարկել են պղնձե դրամներ, որոնք կրում էին խաչակրաց դրամների պատկերագրության ազդեցությունը, բայց ունեին հայերեն գրություններ: Թագավորության շրջանում (1198-1375 թթ.), արքա Լևոն I-ից (1198-1219 թթ.) սկսած, առատորեն թողարկվել են արծաթե և պղնձե, երբեմն՝ բիլոնե (արծաթի ցածր պարունակությամբ համաձուլվածք) դրամներ:
Արծաթե դրամները կոչվել են «դրամ», «թագվորին», իսկ պղնձե դրամները` «դանգ», «քարտեզ», «փող»: Կիլիկյան դրամները բնորոշվում են հայկական, եվրոպական և արևելյան տարրերից հյուսված ինքնատիպ պատկերագրությամբ և հայերեն գրություններով։
Նկ.` Լևոն I (1198-1219 թթ.), Նկ.`Հեթում I (1226-1269 թթ.),
արծաթե դրամ արծաթե դրամ
XIII դարի սկզբից Հայաստանի հյուսիսում և արևելքում շրջանառվել են վրաց թագավորների, հիմնականում՝ Թամար թագուհու, պղնձե դրամները:
XIII դարի կեսից սկսած Հայաստանի դրամաշրջանառության մեջ գերիշխող են դառնում մոնղոլական տիրակալների դրամները` արծաթե դիրհեմներն ու սակավաթիվ պղնձե ֆելսերը: Հետագայում դրամական գործարքները Հայաստանում սպասարկվում էին թյուրքական ծագման մահմեդական տոհմերի դրամներով:
XVI դարից մինչև 1820-ական թթ. Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հիմնականում Իրանական շահերի դրամներով: Ինչպես Իրանի բազմաթիվ քաղաքներում, XVI-XVIII դարերում Երևանում նույնպես թողարկվել են պղնձե, արծաթե և ոսկե դրամներ:
1828 թ. Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում ընդգրկվելուց հետո, Հայաստանում շրջանառության մեջ են մտնում ռուսական ոսկե, արծաթե և պղնձե դրամական թողարկումները։ Առաջին անգամ սկսում են կիրառվել կայսերական թղթադրամները, իսկ փետրվարյան հեղաշրջումից հետո (1917 թ.)՝ նաև Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության թղթադրամները:
Նկ.՝ Ռուսական կայսրության 500 ռուբլի և 50 կոպեկ անվանական արժեքով թղթադրամներ