ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Ներածություն
ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է Հայաստանի ֆինանսական հատվածի կարգավորումն ու վերահսկողությունը:
ՀՀ ֆինանսական շուկայի խոշորագույն մասնակիցն է բանկային համակարգը, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների 83.5%-ը:
2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցներն են՝
17 բանկ` 551 մասնաճյուղով,
43 վարկային կազմակերպություն` 233 մասնաճյուղով,
7 ապահովագրական ընկերություն և 4 ապահովագրական միջնորդ (բրոքեր),
ՀՀ արժեթղթերի շուկայի մասնակիցները, որոնք են՝ 13 ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդերի 5 կառավարիչ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, Հայաստանի ֆոնդային բորսան, առևտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները, վարկային կազմակերպությունները և 25 հաշվետու թողարկող
108 գրավատուն,
211 արտարժույթի առք ու վաճառք իրականացնող փոխանակման կետ (մասնաճյուղերը ներառված չեն),
10 դրամական փոխանցումներ իրականացնող ընկերություն,
6 վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպություն,
25 հաշվետու թողարկող:
31.12.2019 թվականի դրությամբ բանկային համակարգի
ընդհանուր ակտիվները կազմում են 5 տրլն 828 մլրդ դրամ,
ընդհանուր կապիտալը կազմում է 824 մլրդ դրամ,
ընդհանուր պարտավորությունները կազմում են 5 տրլն 4 մլրդ դրամ:
Բանկային համակարգի ակտիվների 58.6%-ը (կամ 3 տրլն 415 մլրդ դրամը) բաժին է ընկնում տնտեսությանը տրամադրած վարկերին: Բանկերի պարտավորությունների 65.1%-ը (կամ 3 տրլն 255 մլրդ դրամը) կազմում են ֆիզիկական և իրավաբանական (բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների) անձանցից ներգրաված միջոցները: Բանկային համակարգի կապիտալի կազմում (փաստացի լրացված) կանոնադրական հիմնադրամի մեծությունը կազմում է 525.6 մլրդ դրամ: ՀՀ բանկային համակարգում կենտրոնացվածությունը գնահատվում է ցածր. կենտրոնացվածության Հերֆինդալ-Հիրշմանի գործակիցը ՀՀ բանկային համակարգում 31.12.2019 թվականի դրությամբ ըստ ընդհանուր ակտիվների կազմում է 0.089, ըստ ընդհանուր պարտավորությունների` 0.095, ըստ ընդհանուր կապիտալի` 0.068:
31.12.2019 թվականի դրությամբ վարկային կազմակերպությունների
ընդհանուր ակտիվները կազմում են 711.5 մլրդ դրամ,
ընդհանուր պարտավորությունները կազմում են 384.1 մլրդ դրամ,
ընդհանուր կապիտալը կազմում է 327.3 մլրդ դրամ:
31.12.2019 թվականի դրությամբ ապահովագրական ընկերությունների
ընդհանուր ակտիվները կազմում են 66.9 մլրդ դրամ,
ընդհանուր պարտավորությունները կազմում են 45.8 մլրդ դրամ,
ընդհանուր կապիտալը կազմում է 21.1 մլրդ դրամ:
31.12.2019 թվականի դրությամբ ներդրումային ընկերությունների
ընդհանուր ակտիվները կազմում են 63.5 մլրդ դրամ,
ընդհանուր պարտավորությունները կազմում են 50.4 մլրդ դրամ,
ընդհանուր կապիտալը կազմում է 13.1 մլրդ դրամ:
31.12.2019 թվականի դրությամբ վճարահաշվարկային կազմակերպությունների
ընդհանուր ակտիվները կազմում են 51.6 մլրդ դրամ,
ընդհանուր պարտավորությունները կազմում են 29.7 մլրդ դրամ,
ընդհանուր կապիտալը կազմում է 21.9 մլրդ դրամ:
31.12.2019 թվականի դրությամբ գրավատների
ընդհանուր ակտիվները կազմում են 9.9 մլրդ դրամ,
ընդհանուր պարտավորությունները կազմում են 7.9 մլրդ դրամ,
սեփական կապիտալը կազմում է 2.0 մլրդ դրամ:
2019 թվականի ընթացքում փոխանակման կետերում իրականացվել է`
487.5 մլն ԱՄՆ դոլարի առք և 491.8 մլն ԱՄՆ դոլարի վաճառք,
76.7 մլն Եվրոյի առք և 72.8 մլն Եվրոյի վաճառք։
ՀՀ տարածքում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների գործունեություն իրականացնելու լիցենզիա է ունեցել 2 ներդրումային ֆոնդի կառավարիչ: Յուրաքանչյուրը կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ:
31.12.2019թ. դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը կազմել է 251.2 մլրդ դրամ: Տարեվերջի դրությամբ զուտ ակտիվներ / ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 3.8 %:
ՀՀ արժեթղթերի շուկան կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքով, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, այլ օրենքներով և իրավական ակտերով: