ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Ներդրումային եւ կենսաթոշակային ֆոնդեր
Ներածություն
Ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերը հանդիսանում են կոլեկտիվ ներդրումային ինստիտուտներ:
Կոլեկտիվ ներդրումային ինստիտուտը ստեղծվում է կոլեկտիվ ներդրումային գործունեություն իրականացնելու համար, որի էությունն է ներգրավել բազմաթիվ ներդրողների միջոցները և միասնաբար ներդնել դրանք տարբեր ակտիվներում և այդ միջոցով վաստակել շահույթ ներդրողների համար՝ յուրաքանչյուրին իր ներդրած մասնաբաժնին համապատասխան:
ՀՀ-ում կոլեկտիվ ներդրումների համակարգը ներառում է ՀՀ տարածքում գործող ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերը, ներդրումային ֆոնդերի կառավարիչներին և պահառուներին, ինչպես նաև ներդրումային ֆոնդերի գործունեության ենթակառուցվածքի մեջ ներգրավված այլ անձանց:
Կոլեկտիվ ներդրումների ոլորտի մեջ ներգրավված ֆինանսական կազմակերպությունների կարգավորման և վերահսկողության գործառույթն իրականացնում է Կենտրոնական բանկը՝ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Ներդրումային ֆոնդերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքով:
Նշված օրենքի նպատակն է ՀՀ ներդրողների իրավունքների պաշտպանությունը, կոլեկտիվ ներդրումային համակարգի զարգացումը և ներդրումային ֆոնդերի ու ներդրումային ֆոնդերի կառավարիչների ստեղծման ու գործունեության կարգավորումը և վերահսկողությունը:
«Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքը, մասնավորապես, սահմանում է.
- ՀՀ տարածքում գործող ներդրումային ֆոնդերի տեսակները,
- ֆոնդերի, ֆոնդի կառավարիչների և ֆոնդի պահառուների իրավական կարգավիճակը, դրանց կազմավորման, գործունեության, կառավարման ու դադարեցման ընթացակարգերը,
- ֆոնդերի ներդրումային քաղաքականությանը ներկայացվող պահանջները,
- ՀՀ տարածքում օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերի վաճառքը, և այլն:
Ներդրումային ֆոնդը իրավաբանական անձ է կամ օրենքով նախատեսված պայմանագրերի հիման վրա ձևավորված ակտիվների համախումբ, որի ստեղծման և (կամ) գործունեության նպատակն է ներդրողներից հավաքագրված միջոցները միասնական ներդրումային քաղաքականության ներքո ներդնել արժեթղթերում և (կամ) այլ ակտիվներում, և ֆոնդի կոլեկտիվ ներդրումների միջոցով ապահովել մասնակիցներին իրենց ներդրված միջոցներից ֆինանսական եկամուտ` յուրաքանչյուր մասնակցին իր ներդրումներին համապատասխան և կախված այդ ներդրումների կառավարման արդյունքներից:
Ֆոնդի կառավարիչը ֆոնդի կառավարման լիցենզիա ստացած իրավաբանական անձ է, որն իրականացնում է ֆոնդի կառավարումը:
Ֆոնդի պահառուն ֆոնդի ակտիվների պահառություն իրականացնող իրավաբանական անձ է, որն ի պահ է ընդունում, պահպանում և հաշվառում է ֆոնդի ակտիվները, իրականացնում է այդ ակտիվների կառավարման հետ կապված գործարքների սպասարկումը, ինչպես նաև իր իրավասությունների շրջանակում վերահսկում է ֆոնդի կառավարչի գործունեությունը` ի շահ ֆոնդի մասնակիցների:
Ֆոնդի փայը (բաժնետոմսը) ֆոնդի թողարկած անվանական ներդրումային արժեթուղթ է, որը հավաստում է իր տիրապետողի (ֆոնդի մասնակցի)` տվյալ ֆոնդի ակտիվներում մասնակցության իրավունքը:
Կենսաթոշակային ֆոնդը ներդրումային ֆոնդի տեսակ է, որի ակտիվները ձևավորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաքագրված կուտակային վճարների և դրանց ներդրման հաշվին, և որի մասնակիցներին ֆոնդի ակտիվներից վճարումները կատարվում են կենսաթոշակի ձևով մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Կենսաթոշակային ֆոնդերի առանձնահատկությունները սահմանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով:
Նշված օրենքի նպատակը աշխատանքային գործունեության ընթացքում կուտակային կենսաթոշակային վճար կատարած անձանց կենսաթոշակային տարիքում, ի լրումն պետական կենսաթոշակների, այլ կենսաթոշակային եկամուտների ստացման հնարավորության ստեղծումն է` ապահովելով կատարված կենսաթոշակային վճարների և ստացվող կենսաթոշակի չափի միջև ուղղակի կապը, ինչպես նաև հնարավորություն ընձեռելով վճար կատարողին ազդելու կուտակային կենսաթոշակների չափի վրա` ընտրելով իր կուտակած միջոցները կառավարող անձին և այդ միջոցների կառավարման քաղաքականությունը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, մասնավորապես սահմանում է.
- կուտակային կենսաթոշակային բաղադրիչի կառուցվածքը,
- կուտակային բաղադրիչի կառավարման գործընթացը,
- մասնակիցների ռեեստրը վարողի, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների, կենսաթոշակային ֆոնդի պահառուի, հաշվի օպերատորների գործառույթները,
- կուտակային կենսաթոշակային բաղադրիչին միանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը,
- կենսաթոշակային հաշիվների վարումը,
- կենսաթոշակային ֆոնդի ներդրումը,
- կուտակային կենսաթոշակների տեսակները և դրանց վճարումը, և այլն: