Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՀՀ կենտրոնական բանկի մասին

Պատմություն

Հայաստանի բանկային համակարգը XIX դարի վերջից  մինչև 1991թ.

 
 
1893 թ. հոկտեմբերի 7-ին Երևանում բացվեց ցարական Ռուսաստանի պետական բանկի Երևանի բաժանմունքը
 
Լուսանկար` Ռուսաստանի կայսրության պետական բանկի Երևանի բաժանմունքի շենք, Ցարսկայա` այժմ Արամի փողոց:
 
XX դարի սկզբին Հայաստանում կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ տեղի էր ունենում կապիտալի կենտրոնացում: Երևանում բացվեցին Ազով-Դոնի, Վոլգա-Կամսկի, Կովկասյան, Թիֆլիսի վաճառականների բանկերի բաժանմունքները, իսկ Ալեքսանդրապոլում բացվեց Հասարակական քաղաքային բանկը:
1914 թ. Երևանում գործում էին շուրջ 10 բանկային հաստատություններ: Բանկերը, վարկային գործառնություններից բացի, փայատիրական ձեռնարկություններում կապիտալի ներդրման միջոցով ծավալում էին առևտրաարդյունաբերական գործունեություն: Քաղաքացիական կռիվների տարիներին ֆինանսավարկային համակարգը և դրամաշրջանառությունը կազմալուծված էին: Ֆինանսական իրավունքները ձևական բնույթ էին կրում, և «գանձատների»  գործունեությունը որևէ կարգավորման չէր ենթարկվում:
1917 թ. Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Անդրկովկասում ստեղծվում է Անդրկովկասյան կոմիսարիատը, որում ընդգրկվում են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը: Անդրկովկասյան կոմիսարիատի ֆինանսների նախարարն էր Խաչատուր Կարճիկյանը:
1918 թ. մայիսին Անդրկովկասյան կոմիսարիատը լուծարվում է, և ստեղծվում են անկախ հանրապետություններ: 1918 թ. մայիսի 28-ին անկախ հռչակված Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ է նշանակվում Հովհաննես Քաջազնունին, իսկ ելևմտական (ֆինանսների) նախարար` Սարգիս Արարատյանը, հետագայում` Գրիգոր Ջաղեթյանը:
1918-1919 թթ. երկրի ֆինանսավարկային համակարգը լիովին փլուզված էր, պետական գանձարանն ի վիճակի չէր ապահովել ընթացիկ ծախսերն ու անհրաժեշտ հատկացումները: Պետական ծախսերի կրճատման և եկամուտների ավելացման նպատակով Կառավարությունը որոշում է բարձրացնել հարկերը, կրճատել դրամական նպաստները, նվազեցնել պետական ծառայողների թիվը:
Ընթացիկ ծախսերը փակելու համար Կառավարությունը ստիպված էր իրականացնել լրացուցիչ էմիսիաներ: Պետական օրավուր աճող ծախսերը Կառավարությունը հոգում էր թղթադրամներով, տպագրական մեքենան գործում էր կանոնավոր և արագ, ամսական դրամանիշերի տպագրության ծավալը հասնում էր 600-800 մլն ռուբլու: Բնականաբար, դրամական այս հեղեղը մեծ չափով անդրադառնում էր և° երկրի առևտրա-արդյունաբերական վիճակի, և° ապրուստի սղության վրա: Մթերքների գները բարձրանում էին խելահեղ արագությամբ¦,- գրում էր վարչապետ Սիմոն Վրացյանը:
Կառավարությունը հսկայական չափերի է հասցնում չերաշխավորված թղթադրամների թողարկումը: 1919 թ. օգոստոսից մինչև 1920 թ. դեկտեմբերը թողարկվում է 11 մլրդ ռուբլու չեկ, որը հավասար էր 6 մլն ռուբլու` ոսկով: Դա հանգեցնում է գնաճի. եթե 1919 թ. ամռանը Ռուսաստանի կայսրության ոսկե չերվոնեցը (10 ռուբլի) գնահատվում էր 900 ռուբլի չեկերով, ապա 1920 թ. ամռանը` 200 000 ռուբլի չեկերով:
1920 թ. օգոստոսի 20-ին ընդունվում է «Դրամանենգության վերաբերյալ»  օրենքը, համաձայն որի խստացվում են պետական դրամանիշերը կեղծող անձանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Մասնավորապես, տաժանակիր աշխատանք և մահապատիժ է սպառնում բոլոր նրանց, ովքեր որևէ մասնակցություն կունենան դրամանիշերի կեղծմանը, կպատրաստեն կեղծ դրամներ կամ կեղծող անձանց կմատակարարեն դրամի տպագրության համար անհրաժեշտ գործիքներ, նյութեր և այլն:
1920 թ. հոկտեմբերի 26-ին ընդունվում է օրենք` Պետական բանկի երևանյան բաժանմունքը Հայաստանի Հանրապետության պետական բանկ վերանվանվելու մասին: Սակայն այդ օրենքի պահանջը չի իրականացվում:
Բոլշևիկյան իշխանության հաստատումից հետո, 1920 թ. դեկտեմբերի 20-ին, ընդունվում է բանկերի ազգայնացման մասին դեկրետը:
Վարկային քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարությունը միջոցներ էր ձեռնարկում արժեզրկումը կասեցնելու և Պետական բանկը գործող կառույցի վերածելու համար, քանի որ բանկային գործառնությունները հիմնականում իրականացնում էր Ելևմտական նախարարությունը: ՀՀ կառավարությունը փորձում էր որոշակի փոխարժեքով հայկական չեկեր տրամադրել Բաթումում գտնվող Բրիտանական բանկին և Թիֆլիսի բանկում որոշ քանակությամբ արտարժույթ պահել, որի դիմաց ՀՀ քաղաքներում հայկական չեկերով կատարել ֆունտ ստեռլինգի, ֆրանկի, վրացական և ադրբեջանական դրամների փոխանակում: Սակայն, չնայած Կառավարության ջանքերին, բնակչությունը, հատկապես մահմեդական շրջաններում, վստահություն չուներ ՀՀ թղթադրամների նկատմամբ և առևտուրն իրականացնում էր հիմնականում անդրկովկասյան բոների միջոցով: ՀՀ կառավարությունը փորձում էր բանակցել վրացական կառավարության հետ` անդրկովկասյան բոների ոչնչացման համար:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման նախօրեին գործում էր 6 բանկ (մասնաճյուղ), շրջանառվում էին 340 մլն անդրկովկասյան բոն և 11 մլրդ ռուբլուց ավելի հայկական չեկ, որոնց իրական արժեքը կազմում էր ընդամենը 353 հազար մինչպատերազմյան ռուբլի: Փողը լրիվ արժեզրկված էր: Էմիսիայից և մյուս աղբյուրներից ստացված եկամուտները հիմնականում ծառայում էին Ներքին գործոց նախարարությանը և ռազմական ծախսերը հոգալուն: Ֆինանսավարկային համակարգի գլխավոր օղակը` պետբյուջեն, բացակայում էր:
 
 
ՀՍԽՀ ֆինժողկոմի 1920 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 5 հրամանով Ռուսաստանի Պետական բանկի Երևանի բաժանմունքը վերանվանվում է ՀՍԽՀ Պետական բանկ, իսկ դեկտեմբերի 29-ին` ՀՍԽՀ ժողովրդական բանկ, որի կառավարիչ է նշանակվում Վսեվոլոդ Մորավսկին:

Լուսանկար` Վսեվոլոդ Կոնստանտինի Մորավսկի, 1916 - 1921 թթ.:
 
Ժողովրդական բանկը 1921 թ. օգոստոսին դադարեցնում է իր գործունեությունը, իսկ այդ կառույցի մի շարք գործառնություններ փոխանցվում են Ֆինժողկոմին:
1922 թ. մարտի 20-ին ստեղծվում է ՀՍԽՀ պետական բանկը, որի վարչության նախագահ է նշանակվում Մարտին Սահակյանը և պաշտոնավարում մինչև 1924 թ.:
 
1924 թ. ՀՍԽՀ պետական բանկի Երևանի գրասենյակը վերանվանվում է ԽՍՀՄ պետական բանկի Երևանի գրասենյակի, որի կառավարիչն էր Գրիգոր Ջաղեթյանը:
 
 
1924 թ. ապրիլի 15-ի պետական հրամանագրով որոշում է ընդունվում Անդրկովկասում շրջանառության մեջ եղած բոլոր տիպի դրամանիշերը Խորհրդային Միության միասնական նմուշի դրամանիշերով փոխարինելու մասին:
 
 
1929 թ. ճարտարապետ, ակադեմիկոս Ալ. Թամանյանի առաջարկությամբ Պետական բանկի Հայաստանի գրասենյակի նոր շենքի կառուցման համար տրամադրվեց տարածք: Շենքի կառուցումը տևեց 1930-ից մինչև 1933 թվականը: Շենքի նախագծումը և կառուցումն իրականացրել է ճարտարապետ Նիկոլայ Բաևը:
 
Լուսանկար՝ Պետական բանկի Հայաստանի գրասենյակի շենքը 1930-ականների սկզբին:
 
1930 – 1932 թթ. անցկացվեց վարկային բարեփոխում. մասնագիտացված բանկերը վերափոխվեցին և դարձան Երկարատև վարկավորման բանկեր, իսկ բաժանմունքների ցանցը փոխանցվեց ԽՍՀՄ պետական բանկի Հայաստանի գրասենյակին: Մասնագիտացված բանկերն իրականացնում էին իրենց գործառույթները Պետական բանկի բաժանմունքների միջոցով: 1930 թ. հունվարի 1-ի դրությամբ գործում էր ԽՍՀՄ պետական բանկի հայկական գրասենյակի 7 բաժանմունք, իսկ 1931 թ.` 26:
1938 թ. Պետական բանկը դուրս է գալիս Ֆինանսների ժողովրդական կոմիսարիատի կազմից:
1946 թ. ԽՍՀՄ պետական բանկը կրկին ընդգրկվում է ԽՍՀՄ ֆինանսների նախարարության կազմում: Պետական բանկի կառավարիչը (նախագահը) միաժամանակ ֆինանսների նախարարի տեղակալն էր:
1953 թ. ԽՍՀՄ պետական բանկի հայկական գրասենյակը վերանվանվում է ԽՍՀՄ պետական բանկի հայկական հանրապետական գրասենյակ:
1954 թ. ԽՍՀՄ պետական բանկը վերջնականապես դուրս է բերվում ԽՍՀՄ ֆինանսների նախարարության կազմից:
1961 թ. տեղի է ունենում դրամական բարեփոխում` հին նմուշի դրամանիշերի փոխանակում նորով` 1/10 հարաբերությամբ:
1977 թ. օգոստոսին Պետական բանկի հայկական հանրապետական գրասենյակը ենթարկվեց կողոպուտի: Պահուստային հիմնադրամի պահոցից առևանգվել էր մեծ գումար (ժողովուրդը այս կողոպուտն անվանել է «դարի կողոպուտ»): 1978 թ. ամռանը հանցագործները ձերբակալվեցին Մոսկվայում, և առևանգված գումարի մեծ մասը վերադարձվեց Պետական բանկի հայկական հանրապետական գրասենյակ:
1987 թ. ԽՍՀՄ պետբանկի հայկական հանրապետական գրասենյակը վերանվանվում է ԽՍՀՄ պետական բանկի հայկական հանրապետական բանկ (ուներ 52 բաժանմունք):
1987 թ. ստեղծվեցին մի շարք մասնագիտացված բանկեր` ԽՍՀՄ Արտաքին տնտեսական բանկը, Արդշինբանկը, Բնակսոցբանկը, Ագրոարդբանկը և Խնայբանկը:
1988 թ-ից ԽՍՀՄ պետական բանկի հայկական հանրապետական բանկի բոլոր 52 բաժանմունքներն իրենց հաշվեկշիռներով փոխանցվեցին Արդշինբանկին, Բնակսոցբանկին, Ագրոարդբանկին:
1988 թ. հաստատվում է ԽՍՀՄ պետական բանկի չորրորդ և վերջին կանոնադրությունը, համաձայն որի` Պետական բանկը երկրի գլխավոր բանկն է, միասնական էմիսիոն կենտրոնը և ժողովրդական տնտեսությունում վարկային և հաշվարկային հարաբերությունների կազմակերպիչը:
 
​​
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next