Կենտրոնական բանկի բարձրագույն պաշտոնատար անձը Կենտրոնական բանկի նախագահն է: Կենտրոնական բանկի նախագահին ընտրում է ՀՀ Ազգային ժողովը` վեց տարի ժամկետով:
Կենտրոնական բանկի նախագահը կոորդինացնում է Կենտրոնական բանկի բնականոն աշխատանքը, ներկայացնում է Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, իրականացնում է օրենքով Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ: Կենտրոնական բանկի նախագահի բացակայության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում են` Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներից մեկը, իսկ տեղակալների բացակայության կամ նրանց պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` Կենտրոնական բանկի խորհրդի տարիքով ավագ անդամը:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներին ընտրում է ՀՀ Ազգային ժողովը` վեց տարի ժամկետով:
Կենտրոնական բանկի նախագահը, տեղակալները և խորհրդի այլ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, նախագահը, տեղակալներն իրավունք ունեն առևտրային կազմակերպություններում և հիմնադրամներում զբաղեցնելու իրենց կարգավիճակով պայմանավորված պաշտոններ:
Կենտրոնական բանկերի կառավարման համակարգի չափանիշներից է ԿԲ-ների անկախության աստիճանը, որն առավելապես վերաբերում է դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացի անկախությանը:
Ըստ միջազգայնորեն ընդունված անկախության ինդեքսների 2013 թվականի համար գնահատվել է ՀՀ ԿԲ-ի անկախության Քուքիրմանի և GMT ինդեքսները:
Քուքիերմանի կշռված ինդեքսը ՀՀ կենտրոնական բանկի համար կազմում է 0.96 (առավելագույնը՝ 1.0), Քուքիերմանի պարզ ինդեքսը՝ 0.92(առավելագույնը՝ 1.0), GMT ինդեքսը՝ 13 (առավելագույնը՝ 16): Անկախության ինդեքսների մասին մանրամասն տե՛ս սույն կայքէջի «Հաճախ տրվող հարցեր» բաժնում: