Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից
պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային,
պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք
մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը
բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն
անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն
հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է
հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից,
արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը
հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես
դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական
առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված
վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական
առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես
ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ»
վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար: