ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Կազմակերպական կառուցվածք
ՖԴԿ-ն Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական հետախուզության ազգային մարմինն է, որի նպատակը ՓԼ/ԱՖ դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդնումն ու կիրարկումն է: Կենտրոնն իր կառուցվածքում ունի 4 բաժին` Իրավական ապահովման, Վերլուծությունների, Տեղեկատվական համակարգերի մշակման ու զարգացման և Միջազգային հարաբերությունների բաժինները:
Իրավական ապահովման բաժինն իրականացնում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության մշակումն ու բարելավումը` ոլորտում առկա միջազգային ստանդարտների և լավագույն փորձի հիման վրա, կարգավորում է ներպետական երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, ապահովում է կասկածելի գործարքների վերլուծության արդյունքների իրավական պատշաճ ձևակերպումը:
Վերլուծությունների բաժինը վերլուծում է ՓԼ/ԱՖ հետ կապված տեղեկատվությունը, այդ թվում՝ կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետու անձանցից ստացված հաշվետվությունները,անհրաժեշտության դեպքում համապատասխան տվյալներ է տրամադրում իրավասու մարմիններին, ցուցաբերում է փորձագիտական օժանդակություն, սահմանում է հսկողություն հաշվետու անձանց նկատմամբ, ինչպես նաև ապահովում է ոլորտում օրենսդրության պահանջների պատշաճ կատարումը:
Տեղեկատվական համակարգերի մշակման ու զարգացման բաժինը ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում համակարգում է հաշվետվություն տրամադրող անձանցից հաշվետվությունների ստացումը, մշակումը և մուտքագրումը տվյալների կենտրոնացված համակարգ: Բաժինն ապահովում է համապատասխան տեղեկատվական բազաների ձևավորումն ու զարգացումը, սահմանափակ և համընդհանուր հասանելիությամբ տվյալների տարբեր շտեմարանների հասանելիությունը: Բաժնի գործառույթների թվում է նաև համադրման ալգորիթմների մշակումն ու ներդրումը՝ վերլուծությունների իրականացման նպատակով:
Միջազգային հարաբերությունների բաժինն ապահովում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում միջազգային չափանիշների ներդնումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում: Բաժինը համակարգում է միջազգային կառույցների և օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմինների հետ ՖԴԿ-ի համագործակցությունը, ինչպես նաև ապահովում է միջազգային կառույցների կողմից ընդունվող բանաձևերի և հրապարակվող հայտարարությունների կատարումը: