ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ՖԴԿ մասին
Ֆինանսական դիտարկումների կենտրոնը
(ՖԴԿ) ստեղծվել է 2005 թվականին` որպես Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
առանձնացված ստորաբաժանում: Այն վարչական տիպի ֆինանսական հետախուզության ազգային
մարմին է, որը հանդես է գալիս որպես միջնորդ հաշվետու անձանց և իրավապահ մարմինների
միջև: ՖԴԿ-ի առաքելությունը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ)
դեմ պայքարն է:
ՖԴԿ-ի հիմնական գործառույթը ՓԼ/ԱՖ
դեմ պայքարի նպատակով տեղեկությունների հավաքագրումը, վերլուծությունը և
փոխանակումն է: Հարկ է նշել, որ ՖԴԿ-ն նաև ներկայացնում է Հայաստանի
Հանրապետությունը մի շարք միջազգային կազմակերպություններում և կառույցներում`
ակտիվորեն մասնակցելով ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային նախաձեռնություններին:
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի գործունեության
ուղղություններն ու նպատակները սահմանված են «Փողերի լվացման և ահաբեկչության
ֆինանսավորման դեմ պայքարի ազգային ռազմավարությամբ»:
ՖԴԿ-ի լիազորությունները սահմանված
են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով,
իսկ կազմակերպական կառուցվածքն ու գործառույթները սահմանված են ՖԴԿ-ի
կանոնադրությամբ: