Հիմնական գործառույթներ
Ֆինանսական համակարգն առանցքային դեր է խաղում ժամանակակից տնտեսություններում, և դրա կայունությունն ու ամբողջականությունը պաշտպանված են նորմաիրավական կարգավորման ամենատարբեր գործիքներով և մեխանիզմներով: Այդ մեխանիզմները ներառում են դրամավարկային քաղաքականությունը, վճարահաշվարկային համակարգերը, ֆինանսական վերահսկողությունը, սպառողների պաշտպանությունը, և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը, որոնք բոլորն էլ տնտեսական անխափան գործունեությունն ապահովող էական օղակներ են:
Դրամավարկային քաղաքականություն
Հայաստանի Հանրապետությունում Կենտրոնական բանկը պատասխանատու է դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման համար, և գների կայունությունը պահպանելը սահմանված է որպես առաջնային նպատակ։ Սա իրագործվում է տարեկան 3% գնաճի մակարդակ ապահովելու միջոցով, որն օգնում է խարսխել սպասումները և ուղղորդել տնտեսական որոշումները: Տոկոսադրույքները – այսինքն՝ փողի գինը – ճշգրտելու եղանակով Կենտրոնական բանկն ազդեցություն է գործում փոխառությունների, ծախսումների և ներդրումների վրա՝ ի վերջո ձևավորելով գնաճի միտումները: ՀՀ կենտրոնական բանկը, արժևորելով թափանցիկ և կառուցավորված մոտեցումը, կայացնում է դրամավարկային քաղաքականության փաստարկված որոշումներ, դրանք արդյունավետ կերպով հաղորդակցում է և ապահովում հանրության առջև իր հաշվետվականությունը՝ խթանելով տնտեսական աճը և ֆինանսական կայունությունը:
Ֆինանսական կայունություն
Ֆինանսական կայունությունն էական անհրաժեշտություն է ուժեղ և դիմադրունակ տնտեսության համար, երբ ֆինանսական հաստատությունները, շուկաները և ենթակառուցվածքները կարողանում են տանել ցնցումները և խաթարումները: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, գների կայունության ապահովման գործում իր դերակատարումից զատ, պատասխանատու է ֆինանսական կայունության պահպանման համար։ Մակրոպրուդենցիալ քաղաքականության շրջանակներում ռիսկերի գնահատման և սթրես-թեստավորման գործիքներով Կենտրոնական բանկը մշտադիտարկում է ֆինանսական համակարգի դեմ հավանական սպառնալիքները և ակտիվ միջոցներ ձեռնարկում ռիսկերը մեղմելու համար: Ֆինանսական կայունության և հատուկ կարգավորման հանձնախումբը ֆինանսական պայմանները վերլուծելու և քաղաքականության գործողություններ առաջարկելու աշխատանքով նեցուկ է կանգնում այս ջանքերին՝ ի պաշտպանություն ամբողջ ֆինանսական համակարգի կայունության:
Վճարահաշվարկային համակարգեր
Վճարահաշվարկային համակարգերն էական բաղադրիչներ են, որոնց միջոցով է, որ ֆիզիկական անձանց, գործարար շրջանակների և կառավարությունների միջև գումարներ փոխանցելը հնարավոր է դառնում: Այս համակարգերն ապահովում են ապրանքների և ծառայությունների արդյունավետ փոխանակում, դյուրացնում են միջազգային դրամական փոխանցումները, սատարում են ֆինանսական ներառման գործընթացը և կենտրոնական բանկերին օժանդակում դրամավարկային քաղաքականության իրականացնելու գործում: Հաշվի առնելով տնտեսական կայունության մեջ վճարահաշվարկային համակարգերի կենտրոնական դերը, վերջիններս պետք է այնքան ապահով, հուսալի և արդյունավետ գործեն, որ խթանեն աճը և նեցուկ լինեն ֆինանսական կայունության պահպանմանը:
Դրամաշրջանառություն
Դրամաշրջանառությունը կենտրոնական բանկերի կողմից բանեցվող ևս մեկ հիմնական գործառույթ է, և այն երաշխավորում է կանխիկ դրամի՝ հուսալի վճարամիջոց մնալը: ՀՀ կենտրոնական բանկը վերահսկում է արժույթի արտադրությունը, տարաբաշխումը և կարգավորումը և ապահովում, որ այն ոչ միայն բավարարի տնտեսության կարիքները, այլև պահպանի որակական բարձր չափանիշներ: Կառավարելով արժույթի շրջանառությունը՝ կենտրոնական բանկերն աջակցում են ֆինանսական կայունության ապահովմանը, հանրային վստահության պահպանմանը և մեխանիզմներ են տրամադրում վնասված կամ մաշված արժույթը փոխանակելու համար:
Ֆինանսական վերահսկողություն և կարգավորում
Ֆինանսական վերահսկողությունը և կարգավորումը կենտրոնական նշանակություն ունեն առողջ ֆինանսական համակարգի համար: Կենտրոնական բանկի դերը կարգավորող ստանդարտների սահմանման հարցում երաշխավորում է, որ ֆինանսական հաստատություններն ունենան կապիտալացման բավարար մակարդակ, իրացվելիությունը արդյունավետ կառավարեն և հետևեն ռիսկերի կառավարման խելամիտ գործելակերպերի: Բացի այդ, առաջնահերթություն է տրվում սպառողների պաշտպանության խնդրին արդար վերաբերմունք ցույց տալու և չարաշահումները կանխելու համար: Ռիսկերի վրա հիմնված վերահսկողության միջոցով Կենտրոնական բանկը կոչված է ապահովել ֆինանսական հաստատությունների անվտանգ և առողջ գործունեությունը՝ նպաստելով շուկայի համընդհանուր ամբողջությանը:
Սպառողների պաշտպանություն
Սպառողների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էական իրավասություն է, որն ապահովում է ֆինանսական ծառայություններ մատուցողների արդար և թափանցիկ գործելակերպը: Սահմանելով կարգավորող ստանդարտներ, ընդունելով և քննության առնելով բողոքներ, խթանելով ֆինանսական կրթությունը՝ ՀՀ կենտրոնական բանկն աջակցում է սպառողներին, որ գրագետ որոշումներ կայացնեն, ինչպես նաև վերջիններիս պաշտպանում է ֆինանսական ծառայությունների հետ կապված խարդախություններից: Հատուկ ուշադրություն հատկացնելով ֆինանսական գրագիտության հարցին՝ Կենտրոնական բանկը հնարավորություն է տալիս անհատներին իրենց ֆինանսական բարեկեցությունը բարելավել կրթության և մատչելի ռեսուրսների միջոցով:
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը վճռականորեն կարևոր է ֆինանսական համակարգն ապօրինի գործունեությունից պաշտպանելու համար: Փողերի լվացումը հանցագործներին թույլ է տալիս օրինականացնել ապօրինի գործունեությունից ստացված հասույթները, իսկ ահաբեկչության ֆինանսավորումն աջակցում է հակաիրավական գործողություններին, որոնք ապակայունացնում են տնտեսությունները և հանրությունները։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը իր Ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ) միջոցով առանցքային դեր է խաղում այդ սպառնալիքների կանխարգելման գործում. ՖԴԿ-ն հավաքում և վերլուծում է ֆինանսական տեղեկություններ ու տվյալներ, գործակցում է իրավապահ մարմինների հետ՝ ապահովելով համապատասխանությունը միջազգային չափանիշներին:
Այս գործառույթները միասին կազմում են ամուր ֆինանսական համակարգի ողնաշարը՝ խթանելով թափանցիկությունը, արդարությունը և կայունությունը ինչպես ֆինանսական հատվածում, այնպես էլ ավելի լայն տնտեսությունում: Ֆինանսական գործունեության ոլորտում շարունակվող մշտադիտարկմամբ և կարգավորմամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը երաշխավորում է, որ երկրի ֆինանսական ենթակառուցվածքն աջակցում է աճին, նորարարությանը և հանրության ապահովությանը։