Մեր կառավարումը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր գործունեությունը ծավալելիս առաջնորդվում է հետևյալ երեք առանցքային սկզբունքներով, որոնք անհրաժեշտ են Բանկին երկրի օրենսդրության շրջանակներում գործելու համար. անկախություն, հաշվետվողականություն և թափանցիկություն:
Այս սկզբունքները վճռորոշ դեր են խաղում՝ որոշելու, թե ինչպես է Կենտրոնական բանկը փոխգործակցում Կառավարության և Ազգային Ժողովի հետ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր գործունեությունը ծավալում է՝ համադրելով պետական/հանրային և մասնավոր կառավարումը։ Եվ ահա թե ինչու.
- Պետական/հանրային կառավարում.
- Բանկը ստեղծվել է օրենքի համաձայն, և նրա միակ սեփականատերն ու հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։
- Որոշումների կայացումը ենթադրում է թափանցիկություն և հանրային քննարկումներ:
- Բանկը թափանցիկորեն ներկայացնում է իր գործունեության արդյունքները, ինչպես նաև քաղաքականության իրականացման տրամաբանությունը տարբեր ուղիներով՝ այդ թվում, Ազգային Ժողովին հաղորդումների և հանրությանը կանոնավոր կերպով ներկայացվող հաշվետվությունների միջոցով:
- Բանկը գործում է որպես մասնավոր ֆինանսական հաստատությունների գործունեության կարգավորող և վերահսկող կառույց:
- Կորպորատիվ կառավարում.
- Բանկն անկախ է պետական կառավարման համակարգից:
- Ռազմավարության տարանջատում կատարումից։
- Որոշումների կայացման ներքին կանոններ և ընթացակարգեր:
- Ռիսկերի կառավարման համակարգ:
Կարևորագույն որոշումներ կայացնելիս գործում է հավասարակշռություն պետական մարմինների և մասնավորի շահերի միջև: Այս հավասարակշռությունը վկայում է այն մասին, որ Կենտրոնական բանկն ունի կառավարման երկակի կառուցվածք։
Անկախություն
Բանկի անկախությունը ենթադրում է, որ վերջինս ունի իրեն տրված լիազորությունների շրջանակներում որոշումներ կայացնելու կարողություն՝ զերծ Կառավարության ազդեցությունից: Այն պարագայում, երբ օրենսդրությամբ նախանշված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նպատակները, մեր կառույցն ինքնուրույն է մշակում այդ նպատակներին հասնելու ռազմավարություններ:
Կենտրոնական բանկն ունի անկախ գործելու անհրաժեշտություն, քանի որ իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս հենվում է մասնագիտացված գիտելիքի վրա, հանդիպում է շահերի բախման և կարող է ենթարկվել հանրային հսկողության:
- Հատուկ գիտելիքի անհրաժեշտություն. Կենտրոնական բանկերը հաճախ են գործ ունենում տնտեսական և դրամավարկային ոլորտին առնչվող բարդ խնդիրների հետ: Անկախությունը նրանց թույլ է տալիս որոշումներ կայացնել՝ հիմնվելով սեփական փորձագիտական կարողությունների և տեխնիկական գիտելիքների վրա՝ առանց անհարկի քաղաքական միջամտության:
- Շահերի բախում. Քաղաքական մարմինները, ընտրական փուլաշրջաններով պայմանավորված, կարող են հետապնդել կարճաժամկետ նպատակներ, մինչդեռ կենտրոնական բանկերն իրենց քաղաքականությամբ հաճախ ձգտում են երկարաժամկետ տնտեսական կայունության: Անկախությունն օգնում է մեղմել շահերի բախումները և կենտրոնական բանկերին հնարավորություն է ընձեռում կենտրոնանալու իրենց առջև դրված նպատակների իրականացման վրա՝ առանց կարճաժամկետ քաղաքական ճնշումներին տեղի տալու:
- Հանրային հսկողություն. Թեև կենտրոնական բանկերին տրվում է անկախություն, դրանք սովորաբար ենթակա են հանրային հսկողության կամ հաշվետվողականության որոշ ձևերի: Սա ապահովում է թափանցիկություն և հսկողություն՝ կանխելով իշխանությունը չարաշահելու հնարավորությունը: Հաշվետվողականության մեխանիզմները, ինչպիսիք են կանոնավոր հաշվետվությունները պետական մարմիններին կամ խորհրդարանական հանձնաժողովներին/կոմիտեներին, օգնում են հավասարակշռություն պահպանել անկախության և հաշվետվողականության միջև:
Հաշվետվողականություն
Հաշվի առնելով այն, որ փողի հետ կապված որոշումները երկրի տնտեսությունը կառավարելու մաս են կազմում, Բանկը չի կարող ամբողջովին անջատված լինել պետական համակարգից: Այն պետական քաղաքականության ինստիտուտ է, և Կենտրոնական բանկի գործունեությանը հետևելը կարևոր է օրենսդիրների համար: Ազգային Ժողովը, որն օժտված է օրենքներ լրափոխելու լիազորություններով, շատ մեծ հնարավորություն ունի մշտադիտարկելու Բանկի գործողությունները: Ահա թե ինչու մեր Բանկը պետք է պարբերաբար հաշվետու լինի Ազգային Ժողովին, ինչպես պահանջում է օրենքը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար Ազգային Ժողովին հարկավոր են Բանկի աշխատանքը գնահատելու եղանակներ: Սրան հասնելու համար «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով սահմանված են կոնկրետ նպատակներ, և Բանկը որոշումներ կայացնելիս ուղղորդվում է այդ նպատակներով:
Թափանցիկություն
Թափանցիկությունն այն մասին է, որ յուրաքանչյուրն իմանա, թե ինչու է Բանկը կայացնում իր որոշումները: Սա կարևոր է, որովհետև մարդկանց ընձեռում է Բանկին պատասխանատվության կանչելու հնարավորություն: Ահա թե ինչու մեր Բանկը ժամանակին և հստակ տեղեկատվություն է տալիս հանրությանը, որպեսզի բոլորը կարողանան իրազեկված լինել տեղի ունեցողի մասին:
Մեր Բանկի գործունեության արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչպես են մարդիկ ընկալում այն: Այդ իսկ պատճառով մեզ համար հույժ կարևոր է հստակ ձևակերպել մեր նպատակները: Երբ մարդկանց, օրինակ շուկայի մասնակիցներին, ներկայացվում են մեր որոշումների, օրինակ՝ տոկոսադրույքների սահմանման, հիմքում ընկած շարժառիթները, դա նպաստում է մեր գործողությունների ընկալմանը: Թափանցիկություն ապահովելու համար մենք ձգտում ենք բացատրել մեր բոլոր ծրագրերն ու որոշումները:
Բանկի կայացրած որոշումները միայն գների և արտադրության վրա չէ, որ ազդեցություն են թողնում. մարդկանց ակնկալիքները նույնպես կարևոր են։ Բանկի կողմից կայացվող որոշումների վրա կարող է ազդել նաև այն, թե ինչպես են մարդիկ մեկնաբանում տեղեկատվությունը: Այդ պատճառով, մենք մեր հետազոտական և վերլուծական աշխատանքի արդյունքները, որոնք հիմք են հանդիսանում մեր կողմից որոշումների կայացման համար, հետևողականորեն ներկայացնում ենք հաղորդակցման տարբեր ուղիներով, ինչպիսիք են մամուլը և սոցիալական ցանցերը:
Մենք հրապարակում ենք հաշվետվություններ և հայտարարություններ օգնելու համար հանրությանը հասկանալու Բանկի գործունեությունը: Այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են մամուլի ասուլիսները և լրատվական հաղորդագրությունները, ուղիներ են, որոնց միջոցով մենք բացատրում ենք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կայացրած որոշումների դրդապատճառները:
Խորհուրդ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ղեկավարումն իրականացվում է Խորհրդի կողմից: Խորհուրդը բաղկացած է ութ անդամից և պատասխանատու է ռազմավարության մշակման և բանկի ռազմավարության և քաղաքականության վերաբերյալ առանցքային որոշումների կայացման համար:
Բանկի առջև դրված հիմնական նպատակներն իրագործելու համար Խորհուրդը կարևոր որոշումներ է կայացնում դրամավարկային քաղաքականության և ֆինանսական համակարգի կայունության ապահովման վերաբերյալ, տրամադրում է լիցենզիաներ և, կորպորատիվ կառավարման շրջանակներում, հաստատում է բանկի ռազմավարությունը, բյուջեն և տարեկան հաշվետվությունը։
Կարդալ ավելին
Ռիսկերի կառավարում
ՀՀ կենտրոնական բանկում ռիսկերի կառավարման գործառույթները համակարգվում են Ռիսկերի կառավարման կենտրոնի կողմից, որը պատասխանատու է ոչ ֆինանսական հիմնական ռիսկերի բացահայտման, գնահատման, մոնիթորինգի և հաշվետվողականության համապարփակ հայեցակարգի մշակման և կիրառման համար։ Բանկի ռիսկերի կառավարման վերահսկողությունն իրականացվում է Ռիսկերի կառավարման կոմիտեի կողմից, որը նախագահում է ՀՀ ԿԲ Նախագահը:
Ներքին աուդիտ
Ներքին աուդիտը Կենտրոնական բանկի խորհրդին, Կենտրոնական բանկի նախագահին և աուդիտի կոմիտեին Կենտրոնական բանկի ներքին հսկողության, ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման արդյունավետության վերաբերյալ անկախ և անաչառ գնահատական տվող գործառույթ է: Կենտրոնական բանկի ներքին աուդիտը գործում է անկախ և հաշվետու է Կենտրոնական բանկի խորհրդին:
Աուդիտ կոմիտեն
Խորհրդի ոչ գործադիր անդամներից կազմված Աուդիտի կոմիտեն աջակցում է Բանկի խորհրդին իր հսկողական գործառույթի և աուդիտի ոլորտում լիազորությունների իրականացման գործում։ Աուդիտի կոմիտեն հսկողություն է իրականացնում ներքին աուդիտի գործառույթի նկատմամբ, դիտարկում է հավաստիացման արտաքին ծառայություններ մատուցողների, այդ թվում՝ արտաքին աուդիտորի աշխատանքների արդյունքները, ինչպես նաև իրականացնում է աուդիտի կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
Գործադիր կոմիտե
Կենտրոնական բանկի առօրյա գործունեությունը ղեկավարվում է Գործադիր կոմիտեի կողմից՝ Խորհրդի կողմից սահմանված նպատակներին համահունչ: Այս կոմիտեն կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, Նախագահի երկու տեղակալներից։ Անհրաժեշտության դեպքում կոմիտեի անդամները կարող են հարցերի քննարկմանը ներգրավել դեպարտամենտների տնօրեններին:
Կարևոր հարցերը հանգամանալից ուսումնասիրելու և առանցքային նշանակություն ունեցող ու բարդաբնույթ հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար մեր Բանկը ստեղծել է հատուկ կոմիտեներ, որոնք օժտված են ինչպես քաղաքականության, այնպես էլ գործառնական ոլորտներում պահանջվող փորձագիտական կարողություններով: Այդ կոմիտեներն են.
- Ֆինանսական կայունության և հատուկ կարգավորման կոմիտե
- Լիցենզավորման և վերահսկողության կոմիտե
- Նախագծերի կառավարման կոմիտե
- Ներդրումային կոմիտե
- Բյուջետային կոմիտե
- Գնումների կոմիտե, և այլն:
Այս կոմիտեները կազմված են բանկի՝ անհրաժեշտ գիտելիքներ և փորձ ունեցող աշխատակիցներից։
Կարդալ ավելին
Սոցիալական պատասխանատվություն
Մենք ձգտում ենք լինել պատասխանատու և ինքնակրթվող հաստատություն, արժևորել մեր աշխատակիցներին, աջակցել համայնքին և ապահովել շրջակա միջավայրի բարեկեցությունը:
Հաշվի առնելով այն վճռորոշ դերը, որ ստանձնել ենք շրջակա միջավայրի բարեկեցության գործում՝ ձգտում ենք մշտապես բարելավել սեփական գործունեությունը: Մեր Բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) համակարգն այն կողմնացույցն է, որն ուղղորդում է շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված մեր ջանքերը: Խելամիտ քաղաքականության և ռազմավարական նախաձեռնությունների միջոցով ձգտում ենք նպաստել թափոնների կառավարման արդյունավետ գործընթացներին և մեր գործունեության շրջանակում ռեսուրսների կայուն կառավարմանը:
Մենք ակտիվորեն աջակցում ենք այն համայնքին, որտեղ գործում ենք, և հստակ գիտակցում ենք, որ դրա բարօրությունն անքակտելիորեն կապված է մեր բարգավաճման հետ: Տարածաշրջանային և սոցիալական զարգացման վրա գործուն ազդեցություն թողնող և, հետևաբար, կրթական ու տարածաշրջանային աճի հնարավորություններ ստեղծող մեր առաջատար ծրագրերից մեկը Դիլիջանի նախագիծն է։ Կատարած ներդրումների շնորհիվ մենք ստեղծում ենք աճի էական հնարավորություններ, խրախուսում ենք տնտեսական զարգացումը և նպաստում տարածաշրջանի ընդհանուր բարեկեցությանը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սոսկ ֆինանսական հաստատություն չէ. այն նաև ձգտում է լինել շարժիչ ուժ դրական փոփոխությունների համար: Բնապահպանական, սոցիալական և կառավարման համակարգի միջոցով մենք ստեղծում ենք այնպիսի կայուն ապագա, որում առաջնահերթությունը տրվելու է մեր ժողովրդի բարեկեցությանը, մեր համայնքի աճին և շրջակա միջավայրի կայուն զարգացմանը: