Շուկաներ
Ֆինանսական շուկան համակարգ է, որի շրջանակներում ֆինանսական շուկայի մասնակիցների միջև իրականացվում է ֆինանսական ռեսուրսների շրջապտույտ: Ֆինանսական շուկայի հիմնական բաղադրիչներն են դրամական շուկան, արտարժութային շուկան և արժեթղթերի շուկան, որոնք փոխկապակցված կերպով ապահովում են ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունը և տնտեսության ֆինանսավորման գործընթացը։
Գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո ՀՀ կենտրոնական բանկի մասնակցությունը ֆինանսական շուկաներում ձևավորվում է դրամավարկային քաղաքականության նպատակների իրականացման տրամաբանությամբ, որի շրջանակներում քաղաքականության արդյունավետ իրականացումն ապահովվում է դրամական շուկայի տոկոսադրույքների ուղղորդման միջոցով:
Միաժամանակ, ՀՀ կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության և ֆինանսական կայունության նպատակների իրագործմանն աջակցման և վստահության բարձրացման, արտաքին տնտեսական շոկերի նկատմամբ տնտեսության դիմակայունության բարձրացման և արտաքին պարտավորությունների կատարման կարողության պահպանման նպատակներով տիրապետում, օգտագործում և տնօրինում է ՀՀ միջազգային պահուստները: