Միջազգային պահուստներ
ՀՀ կենտրոնական բանկն իր նպատակներն իրագործելու համար տիրապետում, օգտագործում և տնօրինում է ՀՀ միջազգային պահուստները: ՀՀ միջազգային պահուստների կառավարումը կարգավորվում է ՀՀ Կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենքով (Հոդված 52), ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված ՀՀ միջազգային պահուստների կառավարման ներդրումային քաղաքականությամբ, ինչպես նաև ՀՀ միջազգային պահուստների կառավարման կառուցակարգով:
- Որո՞նք են ՀՀ միջազգային պահուստները
ՀՀ կենտրոնական բանկն իր հաշվեկշռում արտացոլում է ՀՀ միջազգային պահուստները, որոնք կարող են կազմված լինել ներդրումային քաղաքականությամբ սահմանվող թույլատրելի արժույթներով և թանկարժեք մետաղներով պահվող թույլատրելի ակտիվներից:
- Ինչպե՞ս են ձևավորվում ՀՀ միջազգային պահուստները
ՀՀ միջազգային պահուստները ձևավորվում են ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ կողմից ներգրավված արտարժութային պարտավորությունների, արտարժույթով ստացված վճարների, ՀՀ ԿԲ կողմից շուկայում ՀՀ դրամով արտարժույթի ձեռքբերման գործառնությունների, ինչպես նաև ՀՀ միջազգային պահուստների կառավարումից ձևավորված եկամուտների արդյունքում:
- Որո՞նք են ՀՀ միջազգային պահուստների ձևավորման նպատակները
ՀՀ միջազգային պահուստների ձևավորման նպատակներն են՝
- դրամավարկային քաղաքականության և ֆինանսական կայունության նպատակների իրագործմանն աջակցող և վստահության բարձրացմանը նպաստող միջոցների ձևավորումը,
- շոկերի հնարավոր ազդեցությունների չեզոքացման և ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման համար արտարժութային անհրաժեշտ իրացվելիության ձևավորումը,
- ՀՀ կողմից ստանձնված ընթացիկ և ապագա արտարժութային պարտավորությունների անխոչընդոտ կատարումն ապահովող պահուստային միջոցների ձևավորումը:
- Որո՞նք են ՀՀ միջազգային պահուստների տեղաբաշխման առաջնային չափանիշները
ՀՀ միջազգային պահուստների ձևավորման նպատակներից բխող տեղաբաշխման առաջնային չափանիշներն են համարվում պահուստային միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունը, իսկ կառավարումն իրականացվում է այնպես, որ
- ապահովվի ՀՀ միջազգային պահուստների ձևավորման նպատակների անխոչընդոտ և նվազագույն ծախսերով իրագործումը,
- ՀՀ միջազգային պահուստների ներդրումների ռիսկայնությունը պահպանվի ներդրումային քաղաքականությամբ ամրագրված ռիսկի հանդուրժողականության շրջանակներում,
- նշված սահմանափակումների պայմաններում ապահովվի ներդրումային հորիզոնում պահուստների կառավարման սպասվող եկամտաբերության մաքսիմալացումը:
ՀՀ կենտրոնական բանկը, ՀՀ միջազգային պահուստների կառավարման թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով, տարեկան պարբերականությամբ հրապարակում է ՀՀ միջազգային պահուստների կառավարումը նկարագրող ցուցանիշներ` համաձայն հետևյալ որոշման:
ՀՀ միջազգային պահուստների վերաբերյալ հրապարակվող պաշտոնական վիճակագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: