Դրամավարկային քաղաքականություն
Ինչ է դրամավարկային քաղաքականությունը և ինչպես է այն իրականացվում:
ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է դրամավարկային քաղաքականություն՝ գների կայունության նպատակն ապահովելու համար։ Դրամավարկային քաղաքականության տեսանկյունից նպատակադրվում է սպառողական գների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ փոփոխությունը:
ՀՀ կենտրոնական բանկում գների կայունությունը սահմանվում է որպես գների տարեկան 3% աճ: Սա չի նշանակում, որ գնաճը պետք է լինի ուղիղ 3%: Այն կարող է ձևավորվել նպատակային մակարդակից ցածր կամ բարձր: Սակայն, միջին հաշվով, Կենտրոնական բանկը պետք է ձգտի գնաճը մոտեցնել 3% թիրախային մակարդակին։
Սահմանելով փողի գինը, որը տոկոսադրույքն է, դրամավարկային քաղաքականությունն ազդում է ֆինանսական ակտիվների գների և տնտեսվարողների սպասումների վրա՝ դրանով ազդեցություն թողնելով համախառն պահանջարկի և գների վրա:
Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացում սահմանում է իրացվելիության գինը՝ քաղաքականության տոկոսադրույքը, որի միջոցով ուղղորդում է Կենտրոնական բանկի՝ վերաֆինանսավորման և շուկայական գործառնությունները՝ նպատակ ունենալով ճշգրտելու տնտեսվարողների վարքագիծը և ապահովելու գնաճային սպասումների խարսխում 3% թիրախային մակարդակում:
Տոկոսադրույքի փոփոխությունը ազդում է տնտեսվարողների՝ տնային տնտեսությունների և ձեռնարկությունների վարքագծի և որոշումների կայացման վրա, ինչն արտացոլվում է պահանջարկի և գնաճի զարգացումներում: Օրինակ, երբ տոկոսադրույքները հարաբերականորեն ցածր են, դա կարող է կարճաժամկետ հատվածում խթանել փոխառությունների, սպառման և ներդրումների պահանջարկը: Հակառակ դեպքում, հարաբերականորեն բարձր տոկոսադրույքները կարող են կրճատել փոխառությունների, սպառման և ներդրումների կարճաժամկետ պահանջարկը:
Ինչ է գնաճը և ինչու է կարևոր ցածր և կայուն գնաճը:
Գնաճը սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունն է ժամանակի որոշակի հատվածում:
Գնաճը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե-ի կողմից, որն անկախ մարմին է: Գնաճը չափվում է սպառողական գների ինդեքսով, որը սպառողական զամբյուղում ներառված ապրանքների ու ծառայությունների գների միջին կշռված արժեքն է։ Այսպիսով, գնաճն արտահայտում է սպառման վրա կատարվող մեր ծախսերը և ժամանակի որոշակի հատվածում Հայաստանում ներկայացուցչական սպառողի կողմից սպառված ապրանքների և ծառայությունների գների փոփոխությունները:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում սպառողական ապրանքների զամբյուղը բաղկացած է հարյուրավոր ապրանքներից ու ծառայություններից,որոնց գները պարբերաբար գրանցվում են շուկայում և իրենց համապատասխան կշռով ներառվում սպառողական գների ինդեքսում:
Գների կայունություն ապահովելու համար ՀՀ կենտրոնական բանկը հանձնառու է պահպանել ցածր և կայուն գնաճային միջավայր: Այն նպաստում է երկարաժամկետ մակրոտնտեսական կայունության և կայուն տնտեսական աճի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։
Ցածր և կայուն գնաճային միջավայրի պահպանումը նպաստում է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացմանը։ Ցածր ու կայուն գնաճը պաշտպանում է մեր՝ սպառողներիս գնողունակությունը, միաժամանակ, գների կայունությունն օգնում է ապահովել կայուն տնտեսական աճ և զբաղվածություն, քանի որ նվազեցնում է ապագայի հետ կապված անորոշությունը:
Կայուն տնտեսական աճը Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի աճի պահպանումն ու շարունակական բարելավումն է՝ առանց բախվելու տնտեսական խնդիրների ու ճգնաժամերի:
Ինչպես ենք կայացնում դրամավարկային քաղաքականության որոշումները:
2006 թվականի հունվարի 1-ից ՀՀ կենտրոնական բանկը որդեգրել և իրականացնում է գնաճի նպատակադրման ռազմավարություն։
Գնաճի նպատակադրման պայմաններում, ՀՀ կենտրոնական բանկը սահմանում է իրացվելիության գինը՝ քաղաքականության տոկոսադրույքը միջնաժամկետում գնաճի 3% թիրախային մակարդակն ապահովելու նպատակով:
Գնաճի նպատակադրման ռազմավարության շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկն առաջնորդվում է փողի և փոխարժեքի ճկուն պայմանակարգի սկզբունքներով. մենք չունենք փողի կամ փոխարժեքի՝ պարտադիր պահպանման ենթակա ուղենիշներ: ։
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է այն տոկոսադրույքը, որը համարում է անհրաժեշտ միջնաժամկետ (12-եռամսյակ) հորիզոնում գնաճը 3% նպատակային ցուցանիշին մոտեցնելու համար:
Տարվա ընթացքում ութ անգամ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում դրամավարկային քաղաքականության ուղղությունների և քաղաքականության տոկոսադրույքի վերաբերյալ։ Դրանցից չորսն ուղեկցվում են դրամավարկային քաղաքականության ծրագրերի հրապարակմամբ, որոնք ներառում են մակրոտնտեսական և քաղաքականության սցենարների համապարփակ վերլուծություն: Ցանկացած տնտեսական իրավիճակում ՀՀ ԿԲ խորհուրդը մշակում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ընթացիկ և ապագա գործողությունների ծրագիր, որն ուղղված է նվազագույն տնտեսական ծախքերով գնաճը և գնաճային սպասումներ նպատակային ցուցանիշին մոտեցնելուն:
Ինչպես ենք հանրությանը հաղորդակցում մեր որոշումները:
Որպես անկախ պետական կառույց՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հասարակությանը հաշվետու է գների կայունության նպատակին իր հանձնառության իրագործման համար։
Գնաճի նպատակային ցուցանիշին զուգահեռ, գնաճի սցենարի և դրա հիմքում ընկած ենթադրությունների հրապարակումը ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը դարձնում է առավել թափանցիկ, հասկանալի և կանխատեսելի։ Սա էականորեն բարձրացնում է Կենտրոնական բանկի հեղինակությունը և վերջինիս գործողությունների հանդեպ հանրության վստահությունը, ինչպես նաև նվազեցնում է իրականացվող քաղաքականության հասարակական ծախքերը։ Մենք նպատակ ունենք ավելի կանխատեսելի միջավայր ստեղծել տնային տնտեսությունների և ձեռնարկությունների համար:
Դրամավարկային քաղաքականությունը հանրությանը հաղորդակցվում է Դրամավարկային քաղաքականության զեկույց (ԴՎՔ ծրագիր) հիմնական փաստաթղթի միջոցով:
Դրամավարկային քաղաքականության հիմնական գործիքի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ յուրաքանչյուր որոշման հետ մեկտեղ հրապարակվում է մամուլի հաղորդագրություն, որով ՀՀ ԿԲ խորհրդի որոշման տնտեսական հիմնավորումներն ամփոփվում են հանրությանն ուղղորդող հիմնական ուղերձներով և ազդակներով: Բացի այդ, դրամավարկային քաղաքականության յուրաքանչյուր որոշումից հետո ՀՀ կենտրոնական բանկի նախագահն անց է կացնում մամուլի ասուլիս, որը հեռարձակվում է ուղիղ եթերով՝ անգլերեն զուգահեռ թարգմանությամբ։ Մենք հրապարակում ենք նաև դրամավարկային քաղաքականության զեկույցներ (ԴՎՔ ծրագրեր), որոնք ներառում են մակրոտնտեսական վերջին զարգացումների մանրամասն վերլուծությունը և նախանշում դրամավարկային քաղաքականության սցենարները՝ գնաճի և հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների նախատեսվող միջնաժամկետ ուղեգծերով:
Որպես ժողովրդավար հասարակությունում հանրայնորեն հաշվետու հաստատություն՝ մենք արժևորում ենք մեր քաղաքականության որոշումների բավականաչափ թափանցիկությունը: Լայն հանրության հետ պարբերաբար հաղորդակցմանը զուգահեռ՝ յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացնում ենք դրամավարկային քաղաքականության մասին հաղորդումը։