Որոշումների կայացման գործընթաց
Տարվա ընթացքում ութ անգամ, նախապես հրապարակված ժամանակացույցի համաձայն, ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ և սահմանում է քաղաքականության տոկոսադրույքը:
Ութ որոշումներից չորսը (տարվա յուրաքանչյուր եռամսյակում) հետևում են ամբողջական կանխատեսման փուլին, որը մանրամասնորեն ներկայացվում է ստորև։ Մյուս չորսը «միջանկյալ» որոշումներ են, որոնք հետևում են մշտադիտարկման ավելի պարզեցված գործընթացին: Ցանկացած տնտեսական իրավիճակում ՀՀ ԿԲ-ն մշակում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ընթացիկ և ապագա գործողությունների ծրագիր՝ նպատակ ունենալով նվազագույն տնտեսական ծախսերով գնաճն ու գնաճի սպասումները թիրախին ուղղորդումը: Կենտրոնական բանկի խորհրդի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ հաջորդ տարվա որոշումների ժամանակացույցը հրապարակվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբերի վերջին, մեր կայքում:
Դրամավարկային քաղաքականության որոշումների կայացման շրջափուլի ժամկետները:
Եռամսյակային որոշումների համար քաղաքականության մշակման 29-օրյա շրջափուլ.
դրամավարկային քաղաքականության մշակման ԿՔՎՀ-2 մեր նոր համակարգի շրջանակում գործընթացը ներառում է 29-օրյա համագործակցային և դինամիկ փուլ: Քաղաքականության մշակման և որոշման կայացման գործընթացը տեղի է ունենում հետևյալ կերպ.
Մեկնարկային հանդիպում
Քաղաքականության մշակման փուլը սկսելու համար Խորհուրդի հետ կազմակերպվում է մեկնարկային հանդիպում՝ քննարկելու տվյալ պահին առկա հիմնական մտահոգությունները, ռիսկերն ու անորոշությունները: Մեկնարկային հանդիպումից հետո Խորհրդի անդամներից յուրաքանչյուրն ուրվագծում է իր դատողություններն ու եզրահանգումները և տալիս կառուցվածքային ու որակական գնահատականներ քաղաքականությանն առնչվող հիմնական ռիսկերի վերաբերյալ: Ռիսկերի այս գնահատումները կարևոր ազդակներ են փոխանցում Թիմին, որոնց հիման վրա կառուցվում են օրինակելի դեպքերի սցենարները և սցենարների բազմությունը: Սցենարների բազմության նպատակն է Հայաստանի տնտեսական և գնաճային միջավայրի վրա տարբեր տեսակի ռիսկերի և ցնցումների հնարավոր ազդեցության կառուցվածքային գնահատումը, ինչպես նաև այդ ռիսկերի նյութականանալու պարագայում ԿԲ դրամավարկային քաղաքականության համապատասխան արձագանքը ներկայացնելը: Այն նաև օգնում է ընթերցողին առավել արդյունավետ կերպով հասկանալ տարբեր շահագրգիռ կողմերին՝ ԿԲ խորհուրդից ու Թիմից մինչև ֆինանսական շուկաներ և հասարակություն, ներկայացվող մեծածավալ տեղեկատվությունը, դատողությունները և դիրքորոշումները:
Սցենարների քննարկման հանդիպում
Որոշման կայացման օրվանից երկու շաբաթ առաջ Խորհրդի և Թիմի միջև տեղի է ունենում Սցենարների քննարկման հանդիպում: Խորհրդի մտահոգությունները քննարկելուց հետո, Թիմը ներկայացնում է «Ա տիպի» և «Բ տիպի» սցենարները, որոնք իրենց բնույթով պայմանական են, այլ ոչ պաշտոնական կանխատեսում և ծառայում են որպես արդյունավետ հաղորդակցման գործիք: Թիմը Ա և Բ տիպի վերջնական սցենարները ներկայացնում է Խորհրդին քաղաքականության տոկոսադրույքի վերաբերյալ որոշման ընդունումից մեկ օր առաջ, որից հետո դրանք ենթակա չեն որևէ փոփոխության:
Քաղաքականության որոշման կայացման հանդիպում
Նախորդ 28 օրվա ակտիվ քննարկումներից և մտքերի փոխանակությունից, ինչպես նաև Ա և Բ տիպի վերջնական սցենարների ներկայացումից հետո Խորհրդի անդամներն առաջարկում են քաղաքականության տոկոսադրույքի փոփոխության վերաբերյալ իրենց դիրքորոշումն ու հիմնավորում այն: Որոշումների ընդունման գործընթացն իրականացվում է ձայների մեծամասնության ձևաչափով, որտեղ, անհրաժեշտության դեպքում, Նախագահի ձայնը որոշիչ է: Խորհրդի որոշման կայացման օրը, որոշմանը զուգահեռ, հրապարակվում են Դրամավարկային քաղաքականության հաղորդագրությունը, Դրամավարկային քաղաքականության զեկույցը և Թափանցիկության զեկույցը: Քաղաքականության որոշման կայացմանը հաջորդում է ԿԲ նախագահի գլխավորած մամուլի ասուլիսը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որը ուղիղ հեռարձակվում է հանրությանը (Իմացեք ավելին մեր հաղորդակցման մոտեցման վերաբերյալ):
Քաղաքականության մշակման միջանկյալ շրջափուլ
Քաղաքականության մշակման եռամսյակային շրջափուլին համապատասխան, քաղաքականության մշակման միջանկյալ շրջափուլը նույնպես հետևում է դինամիկ մոտեցմանը: Վերլուծական գործընթացը և քննարկումները Խորհրդի անդամների, ինչպես նաև Խորհրդի և Թիմի միջև, հիմնականում տեղի են ունենում մշտադիտարկման շաբաթական հանդիպումների ընթացքում: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Թիմը Խորհրդին ներկայացնում է վերջին հանդիպումից ի վեր ստացված նոր տեղեկատվությունը, մասնավորապես՝ տնտեսության զարգացումների, ռիսկերի և անորոշությունների վերաբերյալ: Այս հանդիպումները հետևում են պատմողական ձևաչափին՝ ապահովելով նախորդ եռամսյակային շրջափուլի քննարկումների պատմությունների շարունակականությունը:
Որոշման կայացման հանդիպումը հետևում է եռամսյակային շրջափուլի նույն մոտեցմանը: Այսպես, որոշումը կայացվում է Խորհրդի մեծամասնական քվերակությամբ՝ Նախագահի որոշիչ ձայնի իրավունքով, միջանկյալ որոշմանը զուգահեռ, նույն օրը, հրապարակվում է Դրամավարկային քաղաքականության հաղորդագրությունն ու Թափանցիկության զեկույցը, ինչպես նաև կազմակերպվում է ԿԲ նախագահի մամուլի ասուլիսը լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը ուղիղ հեռարձակվում է հանրությանը: