Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականություն
Որպես դրամավարկային քաղաքականության թափանցիկության և հաշվետվողականության շարունակական բարելավման հանձնառության կարևոր բաղադրիչ Կենտրոնական բանկը, տարեկան պարբերականությամբ, հրապարակում է դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը: Սույն զեկույցն ուղղված է ապահովելու, որ քաղաքականության որոշումները լինեն ավելի ընկալելի և թափանցիկ: Այս առաջնահերթությունները գների կայունության մեր հանձնառության ապահովման կարևոր հենասյուն են, որի վերջնանպատակը՝ հասարակության բարեկեցության բարելավումն է:
Դրամավարակային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը ներկայացնում է գների կայունության նպատակի ապահովման համար վերջին տարվա ընթացքում Կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները:
Զեկույցն ամփոփ անդրադարձ է կատարում նախորդ տարիների տնտեսական զարգացումներին, որին հաջորդում է նախորդ տարվա ընթացքում կայացված դրամավարկային քաղաքականության որոշումների մանրամասն ներկայացումը: Սա ներառում է որոշումների կայացման գործընթացում դիտարկված տարբեր տնտեսական սցենարների համապարփակ քննարկումը, ինչպես նաև Խորհրդի կողմից «նվազագույն ափսոսանքի» քաղաքականության հայեցակարգի ներքո ռիսկերի կառավարման մոտեցման արդյունքների նկարագիրը: Կարևորելով Խորհրդի անդամների անհատական հաշվետվողականության մեր հանձնառությունը՝ զեկույցը քննարկում է, թե տարվա ընթացքում ինչպես է փոփոխվել Խորհրդի յուրաքանչյուր անդամի մտածողությունը քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ: Միևնույն ժամանակ, առաջնորդվելով քաղաքականության հիմնակարգի և որոշումների կայացման գործընթացում հաղորդակցման և թափանցիկության բարձր չափանիշների ապահովման հանձնառությամբ՝ զեկույցն անդրադառնում է նախորդ տարվա ընթացքում դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացի վերաբերյալ հանրային հետքրքրություն ներկայացնող և առավել հաճախ քննարկվող հարցերին:
Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը կազմվում է «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, համաձայն որի՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ԿԲ-ը պատրաստում և հրապարակում է առնվազն նախորդ 12 ամիսների ընթացքում իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները:
Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույց

Գլուխ 1-ը ներկայացնում է վերջին տարիների ընթացքում համաշխարհային և ներքին տնտեսության զարգացումները: Այն տրամադրում է բովանդակալից և ընդգրկուն տնտեսական համատեքստ, որն ընթերցողին հնարավորություն է տալիս լավագույնս հասկանալու որոշումների տրամաբանությունը և Խորհրդի մտածողությունը։
Գլուխ 2-ում ներկայացվում է դրամավարկային քաղաքականության իրականացումը և ԿԲ-ի կողմից «նվազագույն ափսոսանքի» քաղաքականության հայեցակարգի ներքո ռիսկերի կառավարման մոտեցման արդյունքները: Գլուխ 2-ը սկսվում է սցենարների բազմության տարեկան աղյուսակի ներկայացմամբ: Այն համապարփակ կերպով ամփոփում է նախորդ տարվա ընթացքում ԿԲ խորհրդի կողմից քննարկված և քաղաքականության քննարկումների համար առանձնացված կարևոր ու առանցքային սցենարները, որոնք, ռիսկերի խելամիտ կառավարման համակարգի ներքո, կարող էին ազդել քաղաքականության որոշումների վրա միջնաժամկետ հորիզոնում: Սույն բաժինն, այնուհետև, ամփոփում է թե ինչպես է ԿԲ Խորհուրդը կայացրել և հաղորդակցել քաղաքականության տոկոսադրույքի վերաբերյալ որոշումները, և ինչպես են Խորհրդի անդամների անհատական մտահոգությունները հիմնական ռիսկերի, անորոշությունների վերաբերյալ տարվա ընթացքում փոփոխվել։
Գլուխ 3-ը ներկայացնում է ֆինանսական շուկայի արձագանքի վերլուծությունը՝ քաղաքականության տոկոսադրույքի վերաբերյալ որոշումներին և հաղորդակցմանը:
Գլուխ 4-ը ներկայացնում է նախորդ տարվա ընթացքում դրամավարկային քաղաքականության հաջողությունները:
Գլուխ 5-ը պատասխանում է նախորդ տարվա ընթացքում դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ առավել հաճախ տրված հարցերին՝ հիմնվելով տարվա ընթացքում լրատվամիջոցների, ակադեմիական շրջանակաների, ֆինանսական շուկաների և լայն հանրության կողմից բարձրաձայնված հարցերի և/կամ մեկնաբանությունների վրա: