Ինչպես է դրամավարկային քաղաքականությունն ազդում գնաճի վրա
Այս ենթաբաժնում նկարագրվում է, թե ինչպե՞ս է ԿԲ-ն իրականացնում դրամավարկային քաղաքականություն՝ գների կայունության իր նպատակին հասնելու համար: Բացատրվում են փոխանցումային այն ուղիները, որոնց միջոցով քաղաքականության տոկոսադրույքների փոփոխություններն ազդում են համախառն պահանջարկի և գնաճի վրա:
ՀՀ ԿԲ-ն իրականացնում է դրամավարկային քաղաքականություն, որպեսզի հասնի իր հիմնական նպատակին՝ գների կայունության ապահովմանը: ՀՀ ԿԲ-ում մենք սահմանում ենք գների կայունությունը որպես տարեկան գնաճի 3% թիրախ: Իհարկե, սա չի նշանակում, որ յուրաքանչյուր պահի գնաճը պետք է լինի ճշգրիտ 3%, այն ժամանակ առ ժամանակ կարող է լինել դրանից ցածր կամ բարձր: Ընդհանուր առմամբ, հանրությունը պետք է վստահ լինի, որ Կենտրոնական բանկն իր գործողություններով միջնաժամկետում միջին հաշվով կապահովի 3% թիրախը:
Իմացեք ավելին` «Գների կայունություն»:
Դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացում, մեր մանդատին համահունչ, մենք կիրառում ենք տարբեր գործիքներ (Իմացեք ավելին Դրամավարկային քաղաքականության գործիքների մասին): Դրամավարկային քաղաքականության մեր հիմնական գործիքը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է: Բարձրացնելով կամ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, մեր նպատակն է ազդել տնտեսական գործակալների վարքագծի վրա՝ միջնաժամկետ և երկարաժամկետ գնաճային սպասումները 3% թիրախի շուրջ խարսխելու համար:
Դրամավարկային քաղաքականության որոշումները (Դրամավարկային քաղաքականության որոշումների կայացման գործընթաց) ազդում են մեր տնտեսության այլ տոկոսադրույքների վրա, որոնք էլ ազդում են տնտեսական գործակալների վարքագծի և որոշումների վրա տարբեր ուղիներով՝ ի վերջո արտացոլվելով համախառն պահանջարկի և գնաճի զարգացումներում: Նշենք, որ քաղաքականության տոկոսադրույքների փոփոխությունները փոխանցվում են տնտեսությանն աստիճանաբար, ուստի դրամավարկային քաղաքականության ամբողջական ազդեցությունը տնտեսության և գնաճի վրա պահանջում է որոշակի ժամանակ:
ՀՀ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության գործիքները ճշգրտելու որոշումը հիմնված է տնտեսության ընթացիկ վիճակի և դրա համապարփակ, գործոնային վերլուծության վրա՝ հաշվի առնելով քաղաքականության համար կարևոր ռիսկերի և անորոշության տարբեր տեսակները:
Դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմը, կամ այն ուղիները, որոնցով քաղաքականության տոկոսադրույքների փոփոխություններն ազդում են համախառն պահանջարկի և գնաճի վրա, նկարագրվում է հետևյալ կերպ.
- Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխություններն ազդում են կարճաժամկետ տոկոսադրույքների վրա, այնուհետև դրանց միջոցով փոխանցվում են տնտեսության այլ տոկոսադրույքների վարքագծին: Տնտեսության բոլոր տոկոսադրույքների շղթայական ճշգրտումն ազդում է տնտեսական գործակալների սպառման և ներդրումների վարքագծի վրա, ինչն արտացոլվում է համախառն պահանջարկի և գնաճի փոփոխություններում: Օրինակ` գնաճային միջավայրում, որտեղ համախառն պահանջարկը գերազանցում է համախառն առաջարկը, այլ հավասար պայմաններում, ակնկալվում է, որ Կենտրոնական բանկը կբարձրացնի քաղաքականության տոկոսադրույքը: Տնտեսության բարձր տոկոսադրույքներն իրենց հերթին կզսպեն սպառումը և ընդհանուր պահանջարկը՝ նպաստելով գնաճի վերադարձմանը թիրախային մակարդակին:
- Քաղաքականության տոկոսադրույքների փոփոխությունները նաև գործում են փոխարժեքի ուղու միջոցով: Երբ Կենտրոնական բանկը բարձրացնում է քաղաքականության տոկոսադրույքը, այն սովորաբար հանգեցնում է արտաքին կապիտալի ներհոսքի, հետևաբար՝ տեղական արժույթի արժևորմանը: Վերջինս հանգեցնում է արտահանման մրցունակության նվազման և ավելի էժան ներմուծման՝արտահայտվելով տնտեսական աճի և գնաճի դանդաղմամբ:
- Դրամավարկային քաղաքականության հաջողությունը մեծապես կախված է տնտեսական գործակալների գնաճային սպասումներից: Դրանք անհատների, տնային տնտեսությունների, գործարարների և ֆինանսական շուկաների պատկերացումներն են ապագա գնաճի կանխատեսվող մակարդակի վերաբերյալ: Այդ սպասումները կարևոր դեր են խաղում տնտեսական վարքագծի և որոշումների ձևավորման գործում: Երբ տնտեսական գործակալները սպասում են բարձր գնաճ ապագայում, նրանք կարող են համապատասխանաբար ճշգրտել իրենց ներկայիս ծախսերի և ներդրումների մոդելները: Օրինակ՝ երբ նրանք կանխատեսում են, որ գները զգալիորեն կբարձրանան, որոշում են ավելի քիչ ներդրում կատարել և պահել իրենց գումարը: Սա կարող է ստեղծել մի շրջան, որտեղ սպառողական ծախսերն ավելանում են և գնաճն ավելի է բարձրանում: Բացի այդ, Կենտրոնական բանկը մեծ ուշադրություն է դարձնում գնաճային սպասումներին, քանի որ դրանք ուղղակիորեն ազդում են դրամավարկային քաղաքականության միջոցառումների արդյունավետության վրա: Եթե գնաճային սպասումները խարսխված են Կենտրոնական բանկի գնաճի թիրախին, ավելի հեշտ է կառավարել գնաճը տոկոսադրույքների ճշգրտման և քաղաքականության այլ գործիքների միջոցով, որը նաև համահունչ է վստահելիության գաղափարին: Հակառակը, երբ գնաճային սպասումները զգալիորեն բարձր են գնաճի թիրախից, գնաճը զսպելու համար Կենտրոնական բանկը պետք է ավելի ագրեսիվ և թանկ միջոցառումներ ձեռնարկի:
- Դրամավարկային քաղաքականության դիրքորոշումը (այսինքն՝ որքան բարձր կամ ցածր է քաղաքականության տոկոսադրույքը) նաև ազդում է ակտիվների գների, բանկերի վարկավորման պայմանների, ընկերությունների հաշվեկշռային դիրքերի և այլնի վրա:
Դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմի հիմնական հատկանիշները
