Ինչ է Դրամավարկային քաղաքականությունը
Այս բաժինը ներկայացնում է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հիմնական մոտեցումներն ու սկզբունքները, կիրառվող գործիքակազմը, ինչպես նաև պատմական ակնարկ:
Այն բացատրում է, թե ինչպե՞ս է ԿԲ-ն իրականացնում դրամավարկային քաղաքականություն՝ գների կայունության իր նպատակին հասնելու համար: Քննարկվում են փոխանցումային այն ուղիները, որոնց միջոցով քաղաքականության տոկոսադրույքների փոփոխություններն ազդում են համախառն պահանջարկի և գնաճի վրա, ինչպես նաև բացատրվում է գնաճային սպասումների կառավարման կարևորությունը:
Այնուհետև, ներկայացվում են ԿԲ-ի հիմնական խնդրի՝ գների կայունության ապահովման համար կիրառվող դրամավարկային քաղաքականության գործիքները, մասնավորապես՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը և բաց շուկայական գործառնությունները: Ընդգծվում է, թե ինչպե՞ս են այս գործիքներն օժանդակում շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքների կառավարմանը և տնտեսության ուղղորդմանը դեպի գնաճի իր նպատակը:
Այնուհետև ներկայացվում է արդյունավետ դրամավարկային քաղաքականության հիմնասյուները, ինչպիսիք են՝ Կենտրոնական բանկի անկախությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Նկարագրվում է, թե ինչպե՞ս են այս սկզբունքները բարձրացնում ԿԲ-ի քաղաքականության արդյունավետությունը և դրա հանդեպ վստահելիությունը՝ ապահովելով երկարաժամկետ կայունությունը և հանրության վստահությունը: Շուկայական սպասումների խարսխման և ԿԲ-ի հանդեպ վստահելիության պահպանման հարցում կարևորվում են նաև հաղորդակցությունը և ուղղորդումը:
Վերջում ներկայացվում է ՀՀ դրամավարկային քաղաքականության պատմությունը և զարգացման ուղին: Այն ներառում է 1993 թվականին դրամի ներդրումը և փողի ագրեգատների նպատակադրման ռազմավարության սկզբունքների որդեգրումը, 2006 թվականից գնաճի նպատակադրման ռազմավարությանն անցումը: Այս համատեքստում շեշտադրվում է 2024 թվականին քաղաքականության մշակման նոր համակարգի՝ ԿՔՎՀ-2 (FPAS Mark II) ներդրումը, որի հիմքում ընկած է տնտեսական աճող անորոշություններին Հայաստանի հարմարվողականությունը: Այս գործընթացում ԿԲ-ն զգալի ներդրում է կատարել՝ ամրապնդելու իր դրամավարկային քաղաքականության համակարգը, որի կարևորագույն քայլը 2025 թվականին գնաճի նպատակային ցուցանիշը 4-ից 3%-ի իջեցումն էր: Այս պատմական ակնարկն ընդգծում է ՀՀ դրամավարկային քաղաքականության առաջընթացը և դրա դերը գների և մակրոտնտեսական կայունության պահպանման գործում: