Վճարահաշվարկային համակարգ
Վճարահաշվարկային համակարգը գործիքների, ցանցերի, կանոնների, ընթացակարգերի և կազմակերպությունների համալիր է, որը հնարավորություն է տալիս անհատներին, բիզնեսին և կառավարությանը միմյանց միջև իրականացնել գումարների փոխանցում: Արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականցման համակարգը հնարավորություն է տալիս իրականացնելու արժեթղթերի փոխանցումներ և վերջնահաշվարկներ համապատասխան գրանցամատյաններում գրառումներ կատարելու միջոցով՝ բազմակողմանի նախապես սահմանված կանոնների համաձայն։ Այս համակարգերը միասին հայտնի են որպես վճարահաշվարկային համակարգեր։
Վճարահաշվարկային համակարգերը կարևոր նշանակություն ունեն ֆինանսական հատվածի և տնտեսական կայունության համար, դրանք հնարավորություն են տալիս հարմար և անվտանգ ձևով կատարել ապրանքների և ծառայությունների փոխանակման գործարքների հետ կապված ֆինանսական պարտավորությունների մարումը, միջազգային դրամական փոխանցումների կատարումը, հեշտացնել հարկային, սոցիալական և այլ հանրային վճարումները, իրականացնել ֆինանսական շուկայի գործարքների վերջնահաշվարկ, նպաստել ֆինանսական ներառմանը և խթանել նորարարությունը։
Հայաստանում վճարային ծառայություններ մատուցողները առաջարկում են ծառայությունների լայն շրջանակ, որոնք համապատասխանում են հաճախորդների տարբեր կարիքներին ու նախընտրություններին։ Հաճախորդները կարող են վճարումներ և փոխանցումներ իրականացնել տարբեր ուղիներով՝ ներառյալ դասական բանկային մասնաճյուղերը և վճարային քարտերը մինչև ժամանակակից միջոցները, ինչպիսիք են բջջային և ինտերնետ բանկինգը, էլեկտրոնային փողերը և ՔՅՈՒԱՐ կոդի տեխնոլոգիաները։ Այս բազմազան ծառայությունների ապահովման համար բանկերն ու վճարահաշվարկային կազմակերպությունները կիրառում են տարբեր մեխանիզմներ, ընթացակարգեր և համագործակցային մոտեցումներ։
Այս բաժնում ներկայացված են՝
- Հայաստանում գործող հիմնական վճարահաշվարկային համակարգերը,
- Հայաստանում հիմնական վճարահաշվարկային ծառայություններ մատուցողները
- Հայաստանում օգտագործվող հիմնական վճարային գործիքները/մեթոդները և տարածված ուղիները։,
Բացի այդ, ներկայացված են Հայաստանի կենտրոնական բանկի հիմնական գործառույթները։ «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկի խնդիրներից է հանդիսանում գործուն վճարահաշվարկային համակարգի ստեղծումն ու զարգացումը։ Այս ռազմավարական ուղղությունը ընդգծում է բանկի հանձնառությունը՝ ստեղծելու կայուն ենթակառուցվածք, որը կհամապատասխանի գլոբալ չափանիշներին և կապահովի բազմազան ու ճկուն ծառայություններ։ Այս նպատակների իրագործման համար Կենտրոնական բանկը կատարում է մի շարք կարևոր գործառույթներ՝
- Վճարահաշվարկային համակարգերի գործարկում և վճարահաշվարկային ծառայությունների մատուցում,
- Վճարահաշվարկային համակարգերի զարգացում,
- Վճարահաշվարկային համակարգերի և ծառայություններ մատուցողների կարգավորում,
- Վճարահաշվարկայի ծառայություններ մատուցողների վերահսկում,
- Վճարահաշվարկային համակարգերի հսկողություն։
Այս գործառույթների իրականացմամբ Կենտրոնական բանկը նպատակ ունի ապահովել Վճարահաշվարկային համակարգերի անխափան աշխատանքը՝ ամրապնդելով Հայաստանի ֆինանսական ոլորտի կայունությունն ու ճկունությունը։
Հայաստանում գործող հիմնական վճարահաշվարկային համակարգերը
Վճարահաշվարկային համակարգերի՝ որպես ֆինանսական համակարգի հիմնարար բաղադրիչի լայն սահմանումից բացի կարելի է նշել առանձին վճարահաշվարկային համակարգեր, որոնք լիազորված են գործել Հայաստանում: Ստորև ներկայացված են Հայաստանի հիմնական վճարահաշվարկային համակարգերը։
Հայաստանի Կենտրոնական բանկի էլեկտրոնային վճարումների համակարգ
Էլեկտրոնային վճարումների համակարգը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության միջբանկային վճարային ենթակառուցվածքի հիմնասյուներից մեկը։ Համակարգը գործարկվել է 1997 թվականին՝ նշանավորելով երկրի ֆինանսական համակարգի կարևոր զարգացումը։ Հայաստանի Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) հանդես է գալիս միաժամանակ որպես համակարգի օպերատոր և հաշվարկային բանկ, ինչպես նաև պատասխանատու է հսկողության, կարգավորման, քաղաքականության մշակման և համակարգի օպտիմալ աշխատանքի ապահովման համար։
Համակարգը գործում է իրական ժամանակի համախառն հաշվարկի (RTGS) ռեժիմով, ինչը հնարավորություն է տալիս միջբանկային փոխանցումները կատարել արագ և իրականացնել վերջնահաշվարկ՝ յուրաքանչյուր գործարք առանձին մշակելու միջոցով։ Համակարգում իրականացվում են բացառապես կրեդիտային փոխանցումներ, ներառյալ բանկերի սեփական պարտավորությունների ներքո միջբանկային փոխանցումները։ Բացի այդ, գործարքների գումարի սահմանափակում չի սահմանվում, ինչը թույլ է տալիս սպասարկել ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ վճարումները: Նման ճկունությունն ընդգծում է Համակարգի՝Հայաստանի տնտեսության բազմաբնույթ ֆինանսական կարիքներին համահունչ և հարմարավետ լինելու ունակությունը։
Էլեկտրոնային վճարումների համակարգը նաև հեշտացնում է հարակից համակարգերի՝ ներառյալ ArCa քարտային վճարային համակարգի, ArcaPay արագ վճարումների համակարգի և Հայաստանի ֆոնդային բորսայի միջոցով կատարված գործարքների վերջնահաշվարկները։
Էլեկտրոնային վճարումների համակարգի մասնակիցներն են հայկական առևտրային բանկերը, ինչպես նաև հարակից համակարգերի, ինչպիսին է ArCa քարտային վճարային համակարգը, օպերատորները, Ֆինանսների նախարարությունը, միջազգային բանկերը։
ArCa միասնական քարտային վճարային համակարգ
ArCa քարտային վճարային համակարգը Հայաստանում քարտային գործարքների մեծ մասի հիմնական ենթակառուցվածքն է։ «ArCa» համակարգը ստեղծվել է 2001 թվականին՝ հայկական առևտրային բանկերի և Հայաստանի Կենտրոնական բանկի համագործակցությամբ։ Համակարգի օպերատորը «Արմենիա Քարդ» ՓԲԸ-ն է։ Համակարգը գործում է հետաձգված զուտ հաշվարկների սկզբունքով, որտեղ գործարքները համախմբվում և հաշվարկվում են սահմանված հաշվարկային ցիկլի ավարտին։ Վերջնահաշվարկներն իրականացվում են Հայաստանի Կենտրոնական բանկի Էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով՝ մասնակցող բանկերի թղթակցային հաշիվներով։
Համակարգի մասնակիցներն են այն հայկական բանկերը, որոնք ակտիվորեն ներգրավված են քարտային վճարային գործառնություններում։ Համակարգում թողարկվում են ազգային «ArCa» քարտեր։ Բացի այդ, համակարգը գործում է որպես պրոցեսինգի և քլիրինգի կենտրոն՝ սպասարկելով տեղական գործարքները ոչ միայն ArCa քարտերով, այլև միջազգային քարտերով, ինչպիսիք են VISA, MasterCard, American Express, Diners Club և այլն։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք հետևյալ հղմամբ:
Հայաստանի Կենտրոնական բանկի պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգ
Հայաստանի Կենտրոնական բանկը հանդիսանում է Հայաստանում թողարկված պետական արժեթղթերի կենտրոնական պահառուն և արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատոր։ Համակարգը բազմաստիճան է. բանկերը, այլ ներդրումային ծառայություններ մատուցողները և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան հանդես են գալիս որպես ենթապահառուներ։ Արժեթղթերի սեփականատերերը կարող են իրենց արժեթղթերը պահել ուղղակիորեն ենթապահառու բանկում կամ ներդրումային ծառայություններ մատուցողի մոտ բացված արժեթղթերի հաշիվներում կամ Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի համակարգում բացված արժեթղթերի հաշիվներում (մանրամասները տես ստորև)։
Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգ
Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան հանդիսանում է կորպորատիվ արժեթղթերի կենտրոնական պահառու և արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատոր։ Բացի այդ, այն հանդես է գալիս որպես պետական արժեթղթերի ենթապահառու։ Համակարգը բազմաստիճան է․ բանկերը և ներդրումային ծառայություններ մատուցողները հանդես են գալիս որպես ենթապահառուներ։ Արժեթղթերի սեփականատերերը կարող են իրենց արժեթղթերը պահել ուղղակիորեն Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշիվներում կամ ենթապահառու բանկի կամ ներդրումային ծառայություններ մատուցողի մոտ բացված արժեթղթերի հաշիվներում։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք հետևյալ հղմամբ: