Հայաստանում օգտագործվող հիմնական վճարային գործիքները/մեթոդները և տարածված ուղիները
Հայաստանում կիրառվում է վճարային գործիքների և մեթոդների լայն շրջանակ՝ ապահովելով դրամական գործարքների իրականացումը՝ համապատասխան անհատների և բիզնեսների բազմազան կարիքներին ու նախասիրություններին։ Ստորև ներկայացնում ենք Հայաստանում հիմնականում օգտագործվող վճարային մեթոդների մանրամասն նկարագիրը․
Կանխիկ միջոցներ
Թվային վճարային մեթոդների աճող կիրառմանը զուգահեռ՝ կանխիկը շարունակում է մնալ լայնորեն օգտագործվող վճարային միջոց Հայաստանում։ Այն հատկապես տարածված է առօրյա գործարքներ իրականացնելիս, մասնավորապես գյուղական շրջաններում և փոքր գնումներ կատարելու համար։
Կրեդիտային փոխանցումներ
Կրեդիտային փոխանցումները հարմար միջոց են բանկային հաշիվների միջև դրամական միջոցներ փոխանցելու համար։ Անհատները և կազմակերպությունները կարող են փոխանցումներ նախաձեռնել նույն բանկում կամ տարբեր բանկերի միջև՝ այցելելով բանկի մասնաճյուղեր, օգտվելով առցանց բանկինգից կամ վճարային տերմինալներից։
Վճարային քարտեր
Հայաստանում վճարային քարտերը լայնորեն կիրառվում են վճարումներ իրականացնելու համար ։ Տարածված են ինչպես տեղական «ArCa» քարտերը, այնպես էլ միջազգային քարտային համակարգերը՝ Visa, Mastercard, American Express և այլն, որոնք ընդունվում են երկրի բազմաթիվ առևտրային կետերում։
Թվային դրամապանակներ
Թվային դրամապանակները՝ էլեկտրոնային հավելվածներ են, որոնք պահում են վճարային քարտերի տվյալները և հնարավորություն են տալիս օգտագործողներին սմարթֆոններով իրականացնելու առանց կոնտակտի վճարումներ։ Հայաստանում տարածված են թվային դրամապանակների հավելվածներ, ինչպիսիք են Apple Pay-ը և Google Pay-ը, որոնք թույլ են տալիս կատարել գնումներ պարզապես սարքը վճարային տերմինալին մոտեցնելով։
Էլեկտրոնային փողեր
Էլեկտրոնային փողը ևս մի թվային վճարային մեթոդ է, որն աստիճանաբար տարածում է գտնում Հայաստանում։ Այն էլեկտրոնային եղանակով պահպանվում է սարքերում՝ բջջային դրամապանակներում կամ համակարգիչներում, և կարող է օգտագործվել առցանց գնումների, կոմունալ վճարումների, անձից անձ փոխանցումների և ֆինանասական այլ գործարքներ իրականացնելու համար։
ՔՅՈՒԱՐ (տեխնոլոգիայի) կոդի կիրառմամբ վճարումներ և փոխանցումներ
QR կոդի կիրառմամբ վճարումներ և փոխանցումների իրականացումը Հայաստանում գնալով ավելի է տարածվում։ Օգտվողները կարող են սմարթֆոններով սկանավորել ՔՅՈՒԱՐ կոդերը՝ օգտագործելով իրենց բջջային բանկային հավելվածները՝ վճարումներ և փոխանցումներ իրականացնելու համար։ ՔՅՈՒԱՐ կոդի միջոցով վճարումների իրականացումը հարմար և առանց կոնտակտի մեթոդ է ինչպես վաճառողների, այնպես էլ սպառողների համար։
Այս բազմազան վճարային գործիքներն ու մեթոդները նպաստում են Հայաստանում ամուր ֆինանսական էկոհամակարգի ձևավորմանը՝ ապահովելով հարմարավետություն, հասանելիություն և անվտանգություն սպառողների և բիզնեսների համար։
Բացի այդ, վճարումները հեշտացնելու համար օգտագործվում են տարբեր ուղիներ և սարքեր՝ բավարարելով անհատների և բիզնեսների բազմազան կարիքներն ու նախասիրությունները: Ահա վճարումներ կատարելու համար սովորաբար օգտագործվող հիմնական ուղիներ և սարքերի ամփոփ նկարագրությունը.
Ավանդական մասնաճյուղեր
Չնայած վճարային ծառայությունների թվայնացման աճին, բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասնաճյուղերը շարունակում են մնալ վճարումների կարևոր միջավայր։ Հաճախորդները կարող են այցելել մասնաճյուղեր՝ կատարելու կանխիկի մուտքեր և ելքագրումներ, փոխանցումներ և տարբեր վճարումներ։
Ինքնասպասարկման սարքեր
Հայաստանում ինքնասպասարկման սարքերը բազմաֆունկցիոնալ են, և հնարավորություն են տալիս առանց ֆինանասական կազմակերպության աշխատակցի կատարել մի շարք ֆինանսական գործառույթներ։ Դրանք նախատեսված են կանխիկի մոտքագրման և կանխիկացման, վճարումների, մնացորդի հարցումների և այլ գործառույթների համար։ Այս սարքերը տեղադրված են բանկերի մասնաճյուղերում, վճարահաշվարկային կազմակերպություններում, առևտրի կենտրոններում և այլ հասանելի վայրերում՝ ապահովելով 24/7 ծառայություններ։
Ինքնասպասարկման սարքերը լինում են տարբեր տեսակի՝ առաջարկելով տարբեր ծառայությունների համադրություններ, ինչը հաճախորդներին հնարավորություն է տալիս ընտրելու իրենց կարիքներին ու նախասիրություններին համապատասխան ինքնասպասարկման սարք։
Վաճառքի կետերի (POS) տերմինալներ
POS տերմինալները էլեկտրոնային սարքեր են, որոնք օգտագործվում են վաճառողների կողմից՝ քարտային վճարումների ընդունման համար վաճառքի կետերում։ Հաճախորդները կարող են օգտագործել իրենց դեբետային կամ վարկային քարտերը՝ ներդնելով կամ սահեցնելով քարտը տերմինալի միջով։ Դրանք լայնորեն կիրառվում են մանրածախ խանութներում, ռեստորաններում, սուպերմարկետներում և այլ բիզնեսներում՝ ապահովելով հարմար և անվտանգ գործարքներ։
Բջջային հավելվածներ
Բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածները թույլ են տալիս օգտվողներին կառավարել իրենց հաշիվները, կատարել վճարումներ և գործարքներ՝ անմիջապես սմարթֆոններից կամ պլանշետներից։ Այս հավելվածները հաճախ ներառում են կոմունալ վճարումների, փոխանցումների, հաշվի մնացորդի մոնիթորինգի գործառույթներ՝ ապահովելով հարմար վճարային ծառայություններ ցանկացած վայրից։
Ինտերնետ բանկինգի հարթակներ
Ինտերնետ բանկինգի հարթակները հնարավորություն են տալիս օգտվողներին մուտք գործելու իրենց հաշիվներ և կատարելու վճարային գործարքներ առցանց՝ համակարգիչների միջոցով։ Դրանք սովորաբար առաջարկում են փոխանցումներ, կոմունալ վճարումներ, հաշվի կառավարում և գործարքների պատմության դիտում։ Ինտերնետ բանկինգը ապահովում է օգտվողների ֆինանսների կառավարման ճկունություն ու հարմարավետություն՝ ցանկացած վայրից ինտերնետ հասանելիությամբ։