Հիմնակարգ և ինստիտուցիոնալ կառուցվածք
Հաշվի առնելով դրամավարկային քաղաքականության առջև ծառացած մարտահրավերները և առկա բարձր անորոշության միջավայրը՝ 2021 թվականից սկսած ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է դրամավարկային քաղաքականության գործող մոտեցումը հիմնովին վերաիմաստավորելու համապարփակ գործընթաց: Նպատակ ունենալով ներդնել դրամավարկային քաղաքականության մշակման լավագույն համակարգ, որը թույլ կտա հասնել գների կայունության իր մանդատին առավել արդյունավետ, վստահելի, թափանցիկ և հաշվետու ձևով, ԿԲ-ն համագործակցել է առաջատար միջազգային փորձագետների հետ՝ մշակելու դրամավարկային քաղաքականության ռիսկերի խելամիտ կառավարման նոր մոտեցում: Այն հայտնի է ԿՔՎՀ-2 անվամբ, ներկայացնում է քաղաքականության ամբողջական մշակում և ինստիտուցիոնալ կառուցվածք, որի ներքո բարելավվել է ԿՔՎՀ-1 նախկին համակարգի մի քանի սկզբունք՝ դրամավարկային քաղաքականության մշակման մեջ անորոշությունների և ռիսկերի կառավարման ավելի մեծ շեշտադրումներով: ԿՔՎՀ-2-ի մշակման տեսլականը բխում է 2021 թվականի ԿԲ ռազմավարությունից, որն ուրվագծում էր աշխարհում դրամավարկային քաղաքականության մշակման լավագույն համակարգ ունենալու անհրաժեշտությունը:
ԿՔՎՀ-2-ի ներդրմանն ու հետագա կիրառմանն օժանդակելու առումով ԿԲ-ն կարևորում է ուժեղ ինստիտուցիոնալ կառուցվածքի առկայությունը: Դա ենթադրում է մարդկային կապիտալի շարունակական զարգացում, առաքելության ապահովմանը նպատակաուղղված, բարձր որակավորում ունեցող, տնտեսական բազմագործոն վերլուծություններ իրականացնող և որոշումների կայացման գործընթացին աջակցող անձնակազմի ձևավորում: Արդյունավետ համագործակցության նպատակով Կենտրոնական բանկը վերասահմանել է Խորհրդի և Թիմի միջև դերերն ու պարտականությունները. Խորհուրդը կենտրոնացած է քաղաքականության ուղղությունների և տոկոսադրույքի սահմանման վրա, իսկ Թիմը տրամադրում է շարունակական վերլուծություններ և աջակցում քաղաքականության հաշվետվությունների պատրաստմանը:
Դրամավարկային քաղաքականության մշակման համակարգ
ԿՔՎՀ-2-ը հիմնված է ԿՔՎՀ-1-ի վրա՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով դրամավարկային քաղաքականության մշակման տվյալ շրջափուլում առկա անորոշությունների վրա: Այն ռիսկերի խելամիտ կառավարմամբ դրամավարկային քաղաքականության մշակման համակարգված մոտեցում է, որը քաղաքականության իրականացման ընթացքում առաջնորդվում է «նվազագույն ափսոսանքի» սկզբունքով։
ԿՔՎՀ-2-ը ներկայացնում է Կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգի (ԿՔՎՀ/FPAS) հաջորդ սերունդը, որն առաջին անգամ մշակվել է Նոր Զելանդիայի պահուստային բանկում և Կանադայի բանկում: Այն ներկայացնում է քաղաքականություն մշակման համակարգված, կառուցվածքային և ապագային միտված մոտեցում, որն ամբողջությամբ ներառում է գնաճի նպատակադրման հիմնարար սկզբունքները:
ԿՔՎՀ-2-ը հիմնված է գործող ԿՔՎՀ-1-ի վրա՝ դրամավարկային քաղաքականության մշակման գործընթացում մեծ ուշադրություն դարձնելով առկա անորոշություններին: Այն իրենից ներկայացնում է ռիսկերի խելամիտ կառավարմամբ դրամավարկային քաղաքականության մշակման, ինչպես նաև «նվազագույն ափսոսանքի» սկզբունքով քաղաքականության իրականացման կառուցվածքային և համակարգված մոտեցում: ԿՔՎՀ-2-ի անկյունաքարը քաղաքականության մշակման գործընթացում անորոշությունների բացահայտման և փորձագիտական կանխատեսման փոխարեն ռիսկերի խելամիտ կառավարման ընկալման հիմնարար փոփոխությունն է (ավելին՝ տե՛ս «ԿՔՎՀ-2-ի մասին ԿԲ-ում՝ տեսություն և պրակտիկա» փաստաթղթում):
ԿՔՎՀ-2-ի համաձայն, մակրոտնտեսական պատմությունը կառուցված է դեպքերի սցենարների շուրջ (Ա տիպի և Բ տիպի սցենարներ), որոնք նախատեսված են ռիսկի և անորոշության հստակ նկարագրության և հասցեագրման համար: Այս սցենարները հիմնականում պատասխանում են հետևյալ կարևոր հարցերին. որտե՞ղ է այժմ տնտեսությունը, որո՞նք են շարժիչ ուժերը, ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն քաղաքականության նպատակներին հասնելու համար: Սցենարների վրա հիմնված այս մոտեցումը նպատակ ունի ապահովելու շատ ավելի ճկունություն և արագ արձագանք նոր տեղեկատվությանը և տնտեսական պայմանների ու շարժիչ գործոնների գնահատման շարունակական բարելավմանը:
ԿՔՎՀ-2-ի շրջանակում մենք մշակում և վերլուծում ենք երկու կամ ավելի սցենարներ, որոնք ենթադրում են ֆինանսական շուկայի սպասումների համեմատությամբ տոկոսադրույքի ավելի բարձր կամ ավելի ցածր ուղեգիծ:
Շուկայի ուղղորդիչ սցենարն արտահայտում է քաղաքականության տոկոսադրույքի սպասվող ուղեգիծը, որը տվյալ պահին գնահատվում է ֆինանսական շուկայում: Ա տիպի սցենարները ներառում են տնտեսական և ֆինանսական զարգացումներ, որոնք պահանջում են ֆինանսական շուկայի սպասումների համեմատությամբ ավելի բարձր տոկոսադրույքի ուղեգիծ: Բ տիպի սցենարները ներառում են տնտեսական և ֆինանսական զարգացումներ, որոնք պահանջում են ֆինանսական շուկայի սպասումների համեմատությամբ ավելի ցածր տոկոսադրույքի ուղեգիծ:

Նշում. Միայն ցուցադրական նպատակների համար
Իհարկե, քաղաքականության մշակման համապարփակ և ամբողջական համակարգը միայն կառուցված սցենարների բազմությունը չէ: ԿՔՎՀ-2-ը նախորդ համակարգի մեթոդաբանությունից տարբերվում է հետևյալ հիմնական փոփոխություններով.
- Բազմագործոն ու խորը վերլուծական հիմք և մոդելների փաթեթ
Առաջատար վերլուծական մոդելները, այդ թվում՝ եռամսյակային կանխատեսման մոդելը, որը ներառում է առանցքային ոչ գծային կապեր, ինչպիսին է էնդոգեն քաղաքականության վստահելիությունը, արդյունավետ քաղաքականության մշակման հիմքն են: Մենք շարունակում ենք կարևորել մոդելների դերըև ներդրումներ անել դրանց կատարելագործման ուղղությամբ, քանի որ դրանք օգնում են քաղաքականություն մշակողներին և տնտեսագետներին լավագույն մտածողության ձևավորման ու զարգացման գործում:
- Ներդրումներ մարդկային ռեսուրսում
Արդյունավետ դրամավարկային քաղաքականության մշակումը պահանջում է էական ներդրումներ Թիմում, ներառյալ՝ դինամիկ ուսուցման միջավայրի և կարծիքների շարունակական փոխանակման մշակույթի ձևավորում ու զարգացում, անարդյունավետ հիերարխիաների վերացում և այլն: ԿԲ առաքելությամբ առաջնորդվող և կատարելության ձգտող լավ պատրաստված Թիմը Կենտրոնական բանկի հաջողության լավագույն գրավականն է:
- Թափանցիկության և հաշվետվողականության բարձր աստիճան
Որպես սոցիալապես պատասխանատու հանրային հաստատություն՝ մենք վճռականորեն պաշտպանում ենք թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ որպես հիմնարար և ուղղորդող սկզբունքներ: Մենք համոզված ենք, որ հստակ և արդյունավետ հաղորդակցությունը Կենտրոնական բանկի քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկության ապահովման հիմնական միջոցն է: Ավելին, թափանցիկությունը Կենտրոնական բանկի հաշվետվողականության հիմնաքարն է: Այդ երկուսը միասին նպաստում են ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության մշակման գործընթացի նկատմամբ հանրության վստահության ու հավատի բարձրացմանը, ինչպես նաև Թիմի և ղեկավարության կողմից ճիշտ որոշումների կայացմանը (իմանալ ավելին Դրամավարկային քաղաքականության թափանցիկության մասին):
ԿՔՎՀ-2-ը կարևորում է ֆինանսական և տնտեսական գրագիտության բարելավումը հասարակության բոլոր մակարդակներում՝ սկսած նախնական կրթությունից մինչև ԶԼՄ-ներ և ֆինանսական շուկայի մասնակիցներ:
Ինստիտուցիոնալ կառուցվածք
Ուժեղ և հստակ սահմանված ինստիտուցիոնալ կառուցվածքն առանցքային է համահունչ որոշումների կայացմանը, թափանցիկության խթանմանը և քաղաքականության արդյունավետ իրականացմանն աջակցելու հարցում:
Մարդկային ռեսուրսներ
ԿՔՎՀ-2-ի ներքո դրամավարկային քաղաքականության որոշումների կայացման գործընթացի լավագույն մոտեցումների ներդրմամբ մենք վերաիմաստավորել ենք մարդկային կապիտալի դերը: Այսպես, ՀՀ Կենտրոնական բանկը կարևորում է մարդկային կապիտալի զարգացումը՝ կենտրոնանալով բարձր որակավորում ունեցող, ԿԲ առաքելությամբ առաջնորդվող Թիմի ձևավորման վրա, ինչը նպաստում է խորը և բազմագործոն մակրոտնտեսական վերլուծության իրականացմանը, տեղեկացված որոշումների կայացմանը, կառույցի ընդհանուր ռազմավարական նպատակների և տնտեսական բնականոն աճի ու բարեկեցության ապահովմանը: Մարդկային կապիտալում ներդրման տեսլականի ներքո հիմնական մոտեցումն է՝ Թիմում իսկապես համաշխարհային մակարդակի կազմակերպչական մշակույթի զարգացումը. բարձր և արագ աճող արտադրողականություն, արդյունավետ գործընթացներ և ռեսուրսների բաշխում, որոնք նվազագույնի են հասցնում բյուրոկրատական հիերարխիան: Մյուս մոտեցումը համագործակցության կոլեգիալ մշակույթի ձևավորումն է, որը խրախուսում է անձնակազմին մշտապես սովորել և զարգանալ: Եվ, վերջապես, Թիմը ձևավորելու և ժամանակը կառավարելու ավելի մեծ ճկունության, ինչպես նաև Թիմում նպատակի և սոցիալական առաքելության հստակ զգացողության ապահովում:
Խորհրդի և Թիմի դերերի ու պատասխանատվությունների տարբերակում
Խորհուրդը պատասխանատու է դրամավարկային քաղաքականության իրագործման համար՝ քաղաքականության տոկոսադրույքի և այլ գործիքների տոկոսադրույքների սահմանման միջոցով: Սա պահանջում է ընթացիկ և հիմնարար մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ հստակ դիրքորոշման ներկայացում և քաղաքականության որոշման կայացմանը դրա նպաստելու վերաբերյալ լայն հանրությանը թափանցիկ հաղորդակցում:
Թիմը պատասխանատու է ընթացիկ վերլուծություններ կատարելու, պարբերաբար Խորհրդին տնտեսության զարգացումների վերաբերյալ զեկուցելու, քաղաքականության մշակման յուրաքանչյուր շրջափուլի ընթացքում սցենարների բազմություն ձևավորելու, դրամավարկային քաղաքականության զեկույցը պատրաստելու և Խորհրդին քաղաքականության հետ կապված այլ հարցերում աջակցելու համար:
Արժութային քաղաքականություն
ՀՀ ԿԲ արժութային քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության արժութային պահուստների արդյունավետ կառավարման միջոցով ՀՀ դրամի հուսալիության և միջազգային վստահության բարձրացմանը և ընթացիկ հաշվի գործառնությունների, կապիտալի հաշվին և օտարերկրյա ներդրումների հոսքերի համար իրավական և տնտեսական դաշտի ստեղծմանը:
1996 թվականի հուլիսից ՀՀ ԿԲ-ն որդեգրել է ազատ լողացող փոխարժեքի ռեժիմ, որը ամրագրված է օրենքով և կառավարվում է արտարժութային գործառնությունների մեթոդաբանության սկզբունքներով։ ՀՀ ԿԲ-ն կիրառում է ազատ լողացող փոխարժեքի ռեժիմ, ինչը նշանակում է, որ մենք չենք պահպանում այլ արժույթների նկատմամբ հայկական դրամի կոնկրետ մակարդակ, և փոխարժեքները որոշվում են բացառապես շուկայական գործոններով (այսինքն՝ աշխարհի այլ արժույթների նկատմամբ ՀՀ դրամի պահանջարկի և առաջարկի վարքագիծը): Ընդգծենք, որ ազատ լողացող փոխարժեքի ռեժիմը համահունչ է կապիտալի հաշվի ազատականացված գործառնությունների և անկախ դրամավարկային քաղաքականության իրականացման սկզբունքներին։ ՀՀ ԿԲ-ն հրապարակում է արտարժույթի նկատմամբ հայկական դրամի շուկայական միջին փոխարժեքները։ Այնուամենայնիվ, միայն բացառիկ դեպքերում, երբ արտարժույթի շուկայում ձևավորվել են փոխարժեքի չափազանց բարձր կամ ցածր մակարդակներ և դրանք պայմանավորված չեն տնտեսական հիմքնարարներով, ԿԲ-ն անհրաժեշտաբար միջամտում է շուկային։ Նման դեպքերում ԿԲ-ի միջամտությունը արտարժույթի շուկայում պետք է լիովին համապատասխան լինի դրամավարկային քաղաքականության և ֆինանսական կայունության մեր հիմնական նպատակներին, և իրականացվի միայն այն դեպքում, երբ շուկայի պայմանները նպաստավոր են և առկա է հաջողության խելամիտ հավանականություն։
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենք
«Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք