Ինչպես ենք կայացնում դրամավարկային քաղաքականության որոշումները
Այս բաժինը նկարագրում է ՀՀ կենտրոնական բանկի քաղաքականության մշակման համակարգը, ընթացակարգերը և դրամավարկային քաղաքականության որոշումներ կայացնելու ինստիտուցիոնալ կառուցվածքը:
Դրամավարկային քաղաքականության որոշումները կայացնում է ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը, ով փոփոխում է քաղաքականության տոկոսադրույքը՝ միջնաժամկետ (12 եռամսյակ) հորիզոնում գնաճը 3% թիրախին ուղղորդելու նպատակով: Որոշումների կայացմանը նախորդում է համապարփակ և հստակ սահմանված գործընթաց, որը նպատակ ունի աջակցելու Քաղաքականություն մշակող թիմի (այսուհետ՝ Թիմ) և Խորհրդի արդյունավետ համագործակցությանն ու ակտիվ երկխոսությանը, Թիմի կողմից բազմագործոն վերլուծության իրականացմանը, Խորհրդի անդամների միջև բաց ու ազնիվ քննարկումներին և արդյունքում՝ բարձրորակ ու նպատակաուղղված որոշումների կայացմանը:
ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մշակման ներկայիս համակարգը հայտնի է որպես ԿՔՎՀ-2 (FPAS Mark II), որը մշակվել և ներդրվել է ԿԲ-ի կողմից՝ հաշվի առնելով քաղաքականություն մշակողների առջև ծառացած մեծ թվով ռիսկերն ու անորոշությունները: Այն իրենից ներկայացնում է դրամավարկային քաղաքականության՝ որպես ռիսկերի խելամիտ կառավարման մտածողությամբ կառուցվածքային և համակարգված մոտեցում, ինչպես նաև «նվազագույն ափսոսանքի» սկզբունքի վրա հիմնված քաղաքականության իրականացման համակարգ: ԿԲ-ն կարևորում է նաև արդյունավետ քաղաքականության իրականացմանն օժանդակող ուժեղ ինստիտուցիոնալ կառուցվածքը, որը ենթադրում է մարդկային կապիտալի շարունակական զարգացում, բարձր որակավորում ունեցող, կառույցի առաքելությանը համահունչ անձնակազմի ապահովում՝ բազմագործոն ու որակյալ տնտեսական վերլուծություններ իրականացնելու և որոշումների կայացման գործընթացին աջակցելու նպատակով:
ՀՀ կենտրոնական բանկը, դրամավարկային քաղաքականության որոշումներին օժանդակելու համար, մեծ ուշադրություն է դարձնում վերլուծական գերազանցության հանձնառության իրագործմանը, որի նպատակով օգտագործում է այդ ոլորտում առկա լավագույն վերլուծական գործիքակազմը, այդ թվում՝ եռամսյակային կանխատեսման մոդելը, որն իր մեջ ներառում է կարևոր ոչ գծային գործոններ, մասնավորապես՝ էնդոգեն քաղաքականության վստահելիությունը: Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք ընդգծել այն մոդելների դերը, որոնք օգնում են քաղաքականություն մշակողներին ու տնտեսագետներին լավագույն մտածողության և դատողությունների ձևավորման ու կատարելագործման հարցում: