Թղթադրամներ
Հայաստանի Հանրապետության արժույթը հայկական դրամն է: ISO կոդը` AMD, գրանշանը՝ 
Մեկ դրամը հավասար է հարյուր լումայի: Ազգային արժույթի թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին:
1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց որպես անկախ հանրապետություն: Այս իրողությունն առաջ բերեց ազգային արժույթ ունենալու անհրաժեշտություն:
1992 թ. մարտի 27-ին որոշվեց Հայաստանի ազգային արժույթի անվանումը՝ «դրամ», և հաստատվեցին ապագա թղթադրամների էսքիզները:
ՀՀ 1-ին շարքի թղթադրամները շրջանառության մեջ են դրվել 1993 թ. նոյեմբերի 22-ին։
Մինչև 1994 թ. մարտի 17-ը ժամանակավոր շրջանառության մեջ են գտնվել նաև Խորհրդային Միության 1961-1992 թթ. նմուշների 1 ռուբլուց մինչև 500 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները: Ռուբլով արտահայտված թղթադրամները դրամով փոխանակելու համար գործում էր 1 դրամ = 200 ռուբլի հարաբերակցությունը:
ՀՀ 1-ին շարքի թղթադրամները շրջանառության մեջ են եղել մինչև 2005 թ.։
ՀՀ 2-րդ շարքի թղթադրամների թողարկումն իրականացվել է 1998-2009 թթ.։ Փոփոխություն է կրել դիզայնի մոտեցումը, և ի տարբերություն I շարքի թղթադրամների վրա պատկերված Հայաստանի պատմական և ժամանակակից մշակութային կոթողների, թղթադրամների վրա պատկերվել են Հայաստանի մշակույթի և պատմական ժառանգության մեջ անգնահատելի հետք թողած անձանց դիմանկարները։
ՀՀ 3-րդ շարքի թղթադրամները թողարկվել են 2018 թ.՝ հայկական դրամի 25-ամյակի կապակցությամբ։ Դիզայնի մասով շարքը պահպանել է հայ անվանի անհատների պատկերման սկզբունքը՝ ընդլայնելով դրանց թեմատիկ և աշխարհագրական սահմանները։