«Նոյյան տապան» ներդրումային դրամներ
«Նոյյան տապան»-ը ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին ներդրումային դրամն է: Հայաստանի Հանրապետության սահմաններում այն հանդիսանում է օրինական վճարամիջոց իր անվանական արժեքով:
Նոյյան տապանը Հայաստանի պատմության ամենավառ խորհրդանիշներից է: Համաշխարհային ջրհեղեղի և Նոյյան տապանի մասին լեգենդը հայտնի է բոլոր ժողովուրդներին: Դարեր շարունակ տարբեր ազգերի ներկայացուցիչներ որոնել են Նոյյան տապանը Արարատ լեռան գագաթին: Անգամ մեր օրերում հայտնվում են «փաստացի» ապացույցներ տապանի գոյության մասին:
«Նոյյան տապան» ներդրումային դրամի թողարկումը և դրա ձեռքբերումը աշխարհի տարբեր երկրների ներդրողների, հավաքորդների և դրամագետների կողմից լայնորեն նպաստում է Հայաստանի դարավոր պատմության ճանաչմանն ու մշակութային արժեքների տարածմանը:
ՀՀ կենտրոնական բանկը «Նոյյան տապան» ներդրումային դրամի հատման, գովազդման, տարածման և վաճառքի իրավունքը տվել է «GEIGER EDELMETALLE AG» գերմանական ընկերությանը: «GEIGER EDELMETALLE AG» ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղների արդյունահանմամբ, ունի տարբեր քաշերի ոսկե, արծաթե, պլատինե ձուլակտորների և ներդրումային դրամների հատման արտադրամասեր, միջազգային շուկայում հանդիսանում է թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի վաճառքն իրականացնող առաջատար ընկերություններից մեկը:
«Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամներ
«Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները պատրաստված են 999 հարգի արծաթից: Թողարկվում են 2011-2012 թվականներից ⅒, ¼, ½, 1, 5, 10 տրոյան ունցիա, 1 և 5 կգ քաշերով՝ յուրաքանչյուր տարի տվյալ տարվա տարեգրումով:
«Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամներ
«Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները պատրաստված են 999,9 հարգի ոսկուց: Թողարկվում են 2020 թվականից 1 գրամ, ¼, ½, 1 տրոյան ունցիա քաշերով՝ յուրաքանչյուր տարի տվյալ տարվա տարեգրումով: