Կայուն ֆինանսներ
Կայուն ֆինանսների նպատակն է ինտեգրել շրջակա միջավայրի, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ) չափանիշները ֆինանսական որոշումների կայացման գործընթացում և աջակցել կայուն տնտեսական աճին։ Այն նաև նպատակ ունի բարձրացնել ֆինանսական հատվածի իրազեկվածությունն ու թափանցիկությունը ԲՍԿ ռիսկերը մեղմելու և կառավարելու անհրաժեշտության վերաբերյալ՝ հաշվի առնելով նման ռիսկերի երկարաժամկետ բնույթը և դրանց գնահատման անորոշությունը։
ՀՀ կենտրոնական բանկը դարձել է կայուն ֆինանսների ոլորտում միջազգային հեղինակավոր հարթակների անդամ, այդ թվում՝ 2020 թվականի ապրիլի 15-ից «Կանաչ ֆինանսական համակարգի համագործակցության» (Network for Greening Financial System, NGFS), և «Կայուն բանկային և ֆինանսական հարթակի» (Sustainable Banking and Finance Network, SBFN) 2021 թվականի նոյեմբերի 24-ից: Այս հարթակներին անդամակցության շրջանակում Կենտրոնական բանկն աշխատում է կայուն ֆինանսների թեմատիկ աշխատանքային խմբերում՝ համագործակցելով այլ անդամ երկրների հետ քաղաքականության փաստաթղթերի մշակման և գիտելիքի փոխանակման մեջ:
ՀՀ կենտրոնական բանկը հանձն է առել կայուն ֆինանսավորման սկզբունքների ներդնումը ՀՀ ֆինանսական համակարգում, որի նպատակով համաձայն 2023 թվականի սեպտեմբերի 5-ի խորհրդի նիստի թիվ 25 արձանագրության 18րդ կետի՝ հավանության է արժանացրել կայուն ֆինանսավորման ազգային ճանապարհային քարտեզը: Վերջինս նկարագրում է գործողությունների ծրագիր մինչև 2026 թվականը, ըստ որի Կենտրոնական բանկն առաջնորդվում է իր կայուն ֆինանսավորման նախաձեռնություններն իրականացնելիս: