Ֆինանսական կայունության քաղաքականության թափանցիկության ապահովում
Ֆինանսական կայունության քաղաքականության թափանցիկությունը, ըստ էության, ապահովում է ՀՀ կենտրոնական բանկը՝ հաղորդակցման հիմնական ուղիների միջոցով:
Հիմնական այդ ուղիներն են հրապարակվող Ֆինանսական կայունության հաշվետվությունները (ՖԿՀ), մակրոպրուդենցիալ քաղաքականության վերաբերյալ ՀՀ ԿԲ խորհրդի որոշումները՝ մակրոպրուդենցիալ գործիքների վերաբերյալ որոշումները հիմնավորող հրապարակված փաստաթղթերի հետ միասին, մամլո հաղորդագրությունները, ելույթները, ինչպես նաև հարակից այլ նյութերի և հետազոտական աշխատանքների հրապարակումները:
Մեր հաղորդակցումն ուղղված է ինչպես ներքին (այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Խորհրդարան, այլ պետական մարմիններ, ֆինանսական համակարգի մասնակիցներ, իրական հատվածի ընկերություններ, մտակենտրոններ, ակադեմիական շրջանակներ, հետազոտողներ, ուսանողներ, այլ ներգործողներ և լայն հանրություն), այնպես էլ արտաքին շահառուներին (ինչպես, օրինակ, համաշխարհային ֆինանսական հատվածը, վարկանիշային գործակալությունները, միջազգային լրատվամիջոցները, միջազգային կազմակերպությունները, առևտրային գործընկերները և այլն):
Հաղորդակցման արդյունավետությունը բարելավելու և առաջադրված խնդիրներն իրագործելու համար Կենտրոնական բանկը ցուցաբերում է անհատական մոտեցում. մենք հաշվի ենք առնում վերոհիշյալ շահառու կողմերի գործունեության տեսակը և վերջիններիս փորձագիտական պատրաստվածության աստիճանը (պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ հանրություն):
Ֆինանսական կայունության քաղաքականության մասին հիմնական շահառու կողմերի հետ հաղորդակցումը կատարվում է տարբեր ուղիներով` կախված շահառուների ոլորտային պատկանելությունից։ Այդպիսի ուղիներ են համարվում ՀՀ ԿԲ-ի կայքը, լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը, թիրախային լսարանի հետ կազմակերպվող հանդիպումները, համաժողովները, գործնական պարապմունքները:
Ներկայումս Ֆինանսական կայունության հաշվետվությունը հրապարակվում է ամենամյա պարբերականությամբ, իսկ մինչև 2021 թվականը՝ նաև կիսամյա պարբերականությամբ։ Կապիտալի հակացիկլիկ բուֆերի (ԿՀԲ) և ուղեկցող հիմնավորումների վերաբերյալ ԿԲ խորհրդի որոշումները 2019 թվականից ի վեր հետևողականորեն հրապարակվում են եռամսյա պարբերականությամբ: Այս որոշումների հետ միասին հրապարակվում են նաև ֆինանսական կայունության առանձին ցուցանիշներ:
Անկայուն ժամանակներում՝ ելնելով ընթացիկ զարգացումներից, ֆինանսական կայունության վերաբերյալ հաղորդակցումը կարող է լինել ավելի հաճախ: Այս պարագայում հիմնական ուղիներ են ծառայելու լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը, թիրախային լսարանի հետ հանդիպումները։