Կլիմայի փոփոխություն և ֆինանսական ռիսկեր
Կլիմայի փոփոխություններն ու շրջակա միջավայրի աղետները մեծապես կապված են մարդկային կորուստների, ֆիզիկական վնասների, տնտեսական և ֆինանսական կորուստների հետ: Կլիմայական փոփոխությունները ծովի մակարդակի բարձրացումից մինչև ծայրահեղ եղանակային երևույթներ, էներգիայի, սննդի և ջրային անվտանգության խնդիրներ, հանգեցնում են ողբերգական հետևանքների: Մի կողմից կլիմայի փոփոխությունն ազդում է բնության և մարդկանց կենսապայմանների վրա՝ հիմք հանդիսանալով սոցիալական և տնտեսական զարգացման համար: Մյուս կողմից՝ հասարակության գործունեությունն ազդում է կլիմայի վրա՝ ջերմոցային գազերի արտանետումների քանակի ավելացմամբ և կլիմայի հանդեպ խոցելիության աստիճանի բարձրացմամբ:
Կլիմայի փոփոխություններն էական ազդեցություն ունեն Հայաստանի վրա։ 1929-2016 թթ.-ի ընթացքում ջերմաստիճանը բարձրացել է 1.23°C` աշխարհի միջին 1°C-ի համեմատ [1], և կանխատեսվում է, որ 2100 թվականին այս աճը կհասնի 5.6°C ՝ առանց արտանետումների նվազեցման սցենարի [2]: Հայաստանում առավել տարածված ֆիզիկական կլիմայական ռիսկերը, որոնք տարբերվում են ըստ աշխարհագրական դիրքերի, ներառում են ջերմային ալիքներ, երաշտ, ծայրահեղ տեղումներ, հեղեղումներ և սողանքներ: Եվրոպական հանձնաժողովի գնահատմամբ Հայաստանը 2022 թվականի դրությամբ 181 երկրից 52-րդ տեղն է զբաղեցնում կլիմայի հանդեպ խոցելիությամբ [3]: Կլիմայական ռիսկերի կառավարման նպատակից ելնելով՝ Հայաստանը, իր ազգային նպատակային գործողություններով, պարտավորվել է երկրում ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2030 թվականը նվազեցնել 1990 թվականի մակարդակից 40 տոկոսով [4]:
Կլիմայի փոփոխությունը ունենում է բացասական հետևանքներ տնտեսության վրա, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ռիսկերի ֆինանսական համակարգի համար: Ֆինանսական շուկայի մասնակիցները, և վերահսկող մարմինները, կայունության ռիսկերը գնահատելու և կառավարելու մոտեցումներ են ճշգրտում՝ կլիմայական ռիսկերի շեշտադրումով: Գնահատված է, որ ՀՀ-ում բանկային հատվածի վարկային պորտֆելի մոտ 40%-ը պատկանում է կլիմայի հանդեպ խոցելի տնտեսական ոլորտներին (տե՛ս ԿԲ ռիսկ ռադար զեկույցը): Կլիմայական ռիսկերի տեսակները, տնտեսություն փոխանցման ուղիները և ֆինանսական ռիսկերի տեսակները ներկայացված են ստորև գծանկարում:
Գծանկար: Կլիմայական ռիսկերի փոխանցումը տնտեսություն և ֆինանսական համակարգ