Ֆինանսական կայունությանը վտանգող ռիսկերը
Ֆինանսական կայունությունը կենսական նախադրյալ է տնտեսության գործունեության համար։ Կայուն և արդյունավետ ֆինանսական համակարգի առկայությունը նպաստավոր է յուրաքանչյուրի բարեկեցության համար, ուստի նպատակահարմար է դիտարկել այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել ֆինանսական անկայունության։ Ֆինանսական համակարգը մշտապես առերեսվում է ամենատարբեր ռիսկերի։
Լայն իմաստով «ռիսկ»-ը կարելի է սահմանել որպես վնասների հանգեցնող վտանգի հավանականություն: Ռիսկը նաև ներկայացնում է անորոշությունը, որ ինչ-որ բան կարող է կորսուտ կամ ծախսեր առաջացնել: Ֆինանսական կայունությունը վտանգող ռիսկերը բազմազան են և բարդ: Այդ ռիսկերն ավելի լավ հասկանալու համար դիտարկենք բանկային համակարգը՝ որպես ֆինանսական համակարգի ամենամեծ մաս:
Բանկային համակարգի գործունեությունը կարելի է նմանեցնել քաղաքային երթևեկությանը, որտեղ օրական բազմաթիվ մեքենաներ են շարժվում: Բանկերը, վառելիքի կարիք ունեցող մեքենաների պես, ֆինանսավորման անհրաժեշտություն ունեն: Ֆինանսավորման մշտական պահանջը և դրանց աղբյուրների որոնումը ներմուծում է իրացվելիության ռիսկի գաղափարը:
Ճիշտ այնպես, ինչպես վարորդը կարգավորում է մեքենայի արագությունը, բանկերն էլ որոշում են, թե որքան վարկ տրամադրեն և ինչ ուղղություններով ներդրումներ կատարեն, ինչն ազդեցություն է թողնում բանկերի հաշվեկշռի և վարկային ռիսկի վրա: Անվտանգ երթևեկության համար մեքենան լավ անվադողերի և բարվոք ճանապարհների կարիք ունի, իսկ բանկերն ապավինում են հուսալի գործող տեղեկատվական տեխնոլոգիական համակարգերին: Բանկերի տեղեկտվական տեխնոլոգիաների և այլ առանցքային համակարգերի աշխատանքում ծագող խնդիրները առաջացնում են գործառնական ռիսկեր:
Բանկի ղեկավարների թիմը, ինչպես և մեքենայի վարորդը, մշտապես որոշումներ է կայացնում բանկի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ, և եթե թերանում է, ապա կարող են առաջանալ կառավարչական ռիսկեր:
Վերը թվարկված ռիսկերը առանձին վերցված բանկի մակարդակով անհատական կամ իդիոսինքրատիկ (idiosyncratic) ռիսկեր են ներկայացնում:
Քաղաքային երթևեկության մեջ տարբեր մեքենաներ շարժվում են միևնույն ճանապարհներով և հանդիպում խաչմերուկներում, ինչպես և բանկերը կարող են փոխգործակցել իրենց մակարդակում: Երբ մակրոտնտեսական անբարենպաստ զարգացումները կամ առանձին բանկերի մակարդակով անհատական ռիսկերն անկայունության պատճառ են հանդիսանում ողջ ֆինանսական համակարգի համար, ապա գործ ունենք համակարգային ռիսկի հետ:
Քաղաքային երթևեկությունը և բանկային համակարգի գործունեությունն ունեն նմանություններ. համակարգային ռիսկը կարելի է համեմատել երթևեկության խցանման հետ, ինչը կարող է կաթվածահար անել ամբողջ ֆինանսական համակարգը, ոչ միայն առանձին բանկերը: Վերջինս բխում է բանկերի փոխկապակցվածությունից, որի պարագայում մեկ բանկի մոտ ծագած խնդիրը կարող է շղթայական ազդեցություն ունենալ մյուսների վրա։ Այս իրավիճակը բնութագրում է համակարգային ռիսկի, ֆինանսական հաստատությունների փոխկապվածության և փոխազդեցության բնույթը (cross-sectional dimension of systemic risk): Ժամանակի ընթացքում ռիսկերի կուտակումները առաջացնում են պարբերաշրջանային համակարգային ռիսկեր (cyclical dimension of systemic risk):
Համակարգային ռիսկը կարող է դրսևորվել տարբեր կերպ՝ ֆինանսական շուկաների անկայունություն, տնտեսական անկում կամ ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության համատարած կորուստ:
Համակարգային ռիսկերը բարդ են, և դրանք բացահայտելն ու չափելը դժվար է, քանի որ այդ ռիսկերը ձևավորվում են ֆինանսական համակարգի և տնտեսության միջև բազմաշերտ փոխազդեցությունների ներքո:
Եվ այսպես, համակարգային ռիսկերը սահմանվում են որպես տնային տնտեսությունների, ընկերությունների, բանկերի և ֆինանսական համակարգի այլ մասնակիցների խոցելիություններ, անհավասարակշռություններ, որոնք բացասական շոկերի պարագայում կարող են հանգեցնել ֆինանսական կորուստների ընդհանուր ֆինանսական համակարգում կամ դրա մի մասում, արդյունքում՝ անբարենպաստ հետևանքներ ունենալով երկրի ընդհանուր տնտեսության վրա: Որքան էլ որ առանձին վերցված բանկը կամ ձեռնարկությունը ֆինանսապես կայուն է, ընդհանուր վերցրած ֆինանսական համակարգում հնարավոր է լինեն ռիսկեր, որոնք այնուամենայնիվ կարող են հանգեցնել ֆինանսական ճգնաժամի:
Ճանապարհային նշանները և երթևեկության կանոններն օգնում են կարգավորելու տրանսպորտային միջոցների շարժը և դրա հետ կապված ռիսկերը, իսկ բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները կանոններ են սահմանում, որոնք կոչված են կանխելու բանկային ռիսկերը և, ռիսկերի դրսևորման պարագայում, մեղմացնելու դրանց հետևանքները: