Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, մշակել է Հայաստանի կլիմայական վտանգների քարտեզները։ Դրանք բնակավայրերի մակարդակով ներկայացնում են երկրի տարբեր տարածքներին բնորոշ կլիմայական և բնական վտանգները՝ ստեղծելով ընդհանուր տեղեկատվական հիմք դրանց նախնական գնահատման համար։
Քարտեզները ներառում են, մասնավորապես, երաշտի, շոգի, ջրհեղեղների, սելավների, սողանքների, կարկուտի, ցրտահարության և ջրի հասանելիության վերաբերյալ շերտեր։ Դրանց միջոցով կարելի է դիտարկել առանձին վտանգները, համեմատել բնակավայրերը և առանձնացնել առավել մանրամասն ուսումնասիրության կարիք ունեցող տարածքները։
Գործիքը նախատեսված է առաջին հերթին ֆինանսական կազմակերպությունների համար։ Քարտեզների տվյալները հաճախորդների, ակտիվների և պորտֆելների վերաբերյալ տեղեկության հետ համադրելով՝ կազմակերպությունները կարող են ավելի լավ հասկանալ կլիմայական ֆիզիկական ռիսկերը վարկավորման, գրավի գնահատման, ապահովագրության և պորտֆելի կառավարման գործընթացներում, ինչպես նաև դիտարկել հարմարվողականության հնարավոր միջոցառումները։
Քարտեզները կարող են օգտագործվել նաև տարածքային և ենթակառուցվածքային պլանավորման, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և հետազոտությունների համար։ Դրանք տալիս են նախնական պատկեր և չեն փոխարինում կոնկրետ գույքի կամ նախագծի տեղային ուսումնասիրությանը և մասնագիտական գնահատմանը։
Քարտեզների հղում