Մակրոպրուդենցիալ քաղաքականության նպատակներն ու գործիքակազմը
Համակարգային ռիսկերը կարող են ծագել տարբեր աղբյուրներից, ինչը նշանակում է, որ համապատասխան մակրոպրուդենցիալ գործիքներն ընտրելու և մշակելու գործընթացը մեծապես պայմանավորված է այդ աղբյուրներից ծագող ռիսկի բնույթից, կամ այսպես կոչված միջանկյալ նպատակներից:
Միջանկյալ նպատակներն օգնում են որոշել, թե որտեղից կարող են ծագել համակարգային ռիսկերը: Ավելի պարզ ասած՝ քաղաքականություն մշակողները նախ տեղորոշում են ռիսկի հնարավոր աղբյուրները, այնուհետև ելնելով դրանից՝ ընտրում են համապատասխան միջանկյալ նպատակ մակրոպրուդենցիալ քաղաքականության համար և այդ միջանկյալ նպատակի ներքո ընտրում են ռիսկերը կառավարելու ճիշտ գործիքները։
Ավելի պարզ բացատրելու համար դիտարկենք մի քանի պարզ օրինակներ։
Օրինակ՝ ֆինանսական հաստատությունները (ավելի հաճախ՝ բանկերը) գործունեության բնույթից ելնելով՝ պարտավոր են լինում որոշակի գումար առանձնացնել որպես կապիտալ, որպեսզի կարողանան կլանել անսպասելի իրադարձությունների կամ ցնցումների պարագայում առաջացող կորուստները: Այդ գումարի պահանջվող մեծությունը ժամանակի ընթացքում (կամ, այլ կերպ ասած, ֆինանսական ցիկլի ընթացքում) կարող է փոխվել և «ավելի խոշոր» բանկերի պարագայում հնարավոր է ավելի բարձր սահմանվի: Կամ, մեկ այլ իրավիճակում, ֆինանսական հաստատությունների կամ նրանց հաճախորդների գործունեության վրա կարող են սահմանափակումներ կիրառվել, օրինակ՝ սահմանվեն հիպոտեկային վարկեր տրամադրելու պայմաններ: Օրինակ՝ փոխառուին տրամադրվող վարկի առավելագույն մեծությունը կարող է պայմանավորված լինել այնպիսի գործոններով, որպիսին գրավադրվող անշարժ գույքի արժեքն է կամ տվյալ անձի եկամուտը:
Յուրաքանչյուր երկիր կարող է սահմանել տարբեր միջանկյալ նպատակներ՝ հաշվի առնելով տվյալ երկրի և ֆինանսական համակարգի առանձնահատկությունները։
Հաշվի առնելով ֆինանսական համակարգում խոցելիության և ռիսկերի հնարավոր առաջացման աղբյուրները, մակրոպրուդենցիալ քաղաքականության համար ընդհանուր առմամբ սահմանվում են հետևյալ միջանկյալ նպատակները.
- մեղմել կամ կանխել/վերացնել վարկերի ավելցուկային աճը և չափից ավելի պարտքային ֆինանսավորումից առաջացող ռիսկը,
- մեղմել կամ կանխել/վերացնել բանկերի ակտիվների և պարտավորությունների չափից ավելի ժամկետային անհամապատասխանությունը և իրացվելիության ռիսկը,
- մեղմել կամ կանխել/վերացնել կենտրոնացվածության ռիսկը,
- մեղմել կամ կանխել/վերացնել համակարգային կարևորություն ունեցող հաստատություններից առաջացող ռիսկը,
- սահմանափակել կեղծ ազդակների համակարգային ազդեցությունը և նվազեցնել բարոյական վտանգի ռիսկը (moral hazard):
Կարելի է նկատել, որ թվարկված նպատակները շոշափում են ռիսկի տարբեր հնարավոր աղբյուրներ: Այս ռիսկերը կարող են ծագել ինչպես ֆինանսական համակարգի ներսում, այնպես էլ դրանից դուրս: Օրինակներ կարող են լինել վարկային, տոկոսադրույքի, իրացվելիության, արժութային, գործառնական, համբավի, իրավական, ակտիվների գների փոփոխության, վարակի, տնտեսական, քաղաքական և արտակարգ իրավիճակների ռիսկերը, և այլն:
Նշված միջանկյալ նպատակներն իրագործելու և հնարավոր ռիսկերը մեղմելու համար ֆինանսական կայունության ոլորտի պատասխանատուները կարող են կիրառել ամենատարբեր գործիքներ: Ստորև բերված աղյուսակում ամփոփ ներկայացված են հիմնական մակրոպրուդենցիալ գործիքները, որոնք խմբավորված են ըստ վերը նշված միջանկյալ նպատակների:
|
Միջանկյալ նպատակներ
|
Մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքներ
|
|
Մեղմել կամ կանխել/վերացնել վարկերի ավելցուկային աճը և չափից ավելի պարտքային ֆինանսավորումից առաջացող ռիսկը
|
- Կապիտալի բուֆեր/շեմ
- Կոնկրետ ոլորտների համար գործող վարկային առավելագույն սահմանաչափեր
- Պարտքի սպասարկում/եկամուտ առավելագույն հարաբերակցություն, պարտք/եկամուտ հարաբերակցություն
- Վարկ/արժեք հարաբերակցություն, և այլն
|
|
Մեղմել կամ կանխել/վերացնել բանկերի ակտիվների եւ պարտավորությունների չափից ավելի ժամկետային անհամապատասխանությունը եւ իրացվելիության ռիսկը
|
- Իրացվելիության ծածկույթի գործակից (ԻԾԳ)
- Զուտ կայուն ֆինանսավորման գործակից (ԶԿՖԳ)
- Ակտիվների-պարտավորությունների մարումների ժամկետային անհամապատասխանության առավելագույն սահմանաչափ,
- Արտարժույթով բաց դիրքերի առավելագույն սահմանաչափը՝ արտահայտված կապիտալի նկատմամբ տոկոսով, և այլն
|
|
Մեղմել կամ կանխել/վերացնել կենտրոնացվածության ռիսկը
|
- Առանձին հաճախորդի կամ ոլորտի մակարդակով վարկերի կենտրոնացվածության առավելագույն սահմանաչափեր
- Առանձին հաճախորդի կամ ոլորտի մակարդակով վարկերի կենտրոնացվածությունը մեղմող լրացուցիչ կապիտալի բուֆերներ, և այլն
|
|
Մեղմել կամ կանխել/վերացնել համակարգային կարևորություն ունեցող հաստատությունների ռիսկը / սահմանափակել կեղծ ազդակների համակարգային ազդեցությունը և նվազեցնել բարոյական վտանգի ռիսկը
|
Լրացուցիչ կապիտալի բուֆեր համակարգային կարևորություն ունեցող հաստատությունների (օրինակ՝ համակարգային կարևորություն ունեցող տեղական բանկեր) համար, և այլն։
|
Մակրոպրուդենցիալ գործիքները, ընդհանուր առմամբ, կարելի է դասակարգել ըստ իրենց հիմնական ազդեցության ոլորտի. արդյո՞ք դրանք թիրախավորում են վարկատուների կայունությունը (կապիտալին ուղղված գործիքներ), թե վարկառուների՝ պարտքը մարելու կարողությունը (վարկառուներին ուղղված գործիքներ)։ Երրորդ խումբ մակրապորւդենցիալ գործիքներն ուղղված են ֆինանսական հատվածի համակարգային իրացվելիությանը:
Առաջին խումբ գործիքների օրինակ կարող է ծառայել կապիտալի հակացիկլիկ շեմը/բուֆերը (ԿՀԲ): Այս գործիքի կիրառումը նպատակ ունի ֆինանսական ցիկլի ընթացքում կապիտալի պաշարների համալրման միջոցով ավելացնել ֆինանսական համակարգի կայունության պաշարը, որպեսզի ֆինանսական ցիկլի անկման փուլում ֆինանսական հաստատությունն ի վիճակի լինի կլանել հնարավոր կորուստները և մեղմել տնտեսության վարկավորման գործընթացի անընդհատությունը:
Կապիտալի հակացիկլիկ շեմ/բուֆեր
Ինչպես նշվեց վերևում, մակրոպրուդենցիալ քաղաքականության հիմնական գործիքներից մեկը կապիտալի հակացիկլիկ շեմն է կամ բուֆերը (այսուհետ՝ ԿՀԲ): Այն նպատակաուղղված է սահմանափակելու վարկառուների պարտքային ֆինանսավորման չափից ավելի աճը, ինչը հետագայում կարող է խնդիրներ ստեղծել նրանց համար։ Այն սովորաբար գործի է դրվում, երբ վարկառուները զանգվածային կերպով չափից շատ փոխառություններ և հետևաբար ռիսկեր են ստանձնում, այսինքն այն ժամանակ, երբ վարկերն ավելի արագ են աճում, քան մարդկանց եկամուտները: Այս պարագայում ԿՀԲ-ի խստացումը նպատակաուղղված է ավելացնել ֆինանսական համակարգի կայունությունը և փոխառությունների մասով ավելորդ ռիսկի կուտակումը դանդաղեցնել:
Եթե տնտեսությունում լինի շոկային կամ ճգնաժամային իրավիճակ և մարդիկ չկարողանան մարել պարտքերը, հնարավոր է բանկերը կրեն մեծ վնասներ։ Հետագա տնտեսական դժվարություններից խուսափելու համար բանկերը հնարավոր է դադարեցնեն տնտեսությանը վարկերի տրամադրումը` առաջացնելով տնտեսության բնականոն վարկավորման գործընթացի խաթարումներ: Սա հենց այն իրավիճակն է, երբ համակարգային ռիսկերը նյութականանում են (դառնում են իրական): Նման իրավիճակներում ԿՀԲ-ը կարող է նվազեցվել: Սա բանկերի համար կարևոր աջակցություն է այն առումով, որ վերջիններս ստանում են նման դժվարին ժամանակներում կորուստները կլանելու և վարկավորումը շարունակելու լրացուցիչ հնարավորություն: Մակրոպրուդենցիալ քաղաքականության միջոցով իրականացվող այս քայլն ուղղված է ապահովել տնտեսության վարկավորման անընդհատությունը՝ կանխելով էլ ավելի վատ սցենարները, երբ վարկերի առաջարկի կրճատումը կարող է հանգեցնել տնտեսական շոկի հետագա ուժգնացմանը:
ԿՀԲ-ն կապիտալին ուղղված և ընդհանուր ռիսկերը նվազեցնելու նպատակով բանկերի վրա ազդեցություն թողնող գործիքների ընդամենը մեկ օրինակ է: Այս խմբում կան այլ գործիքներ ևս, օրինակ, ճյուղային/ոլորտային կապիտալի բուֆերները, ֆինանսական լծակի/լևերիջի և որոշակի ոլորտներում վարկավորման նկատմամբ սահմանափակումները:
Վարկառուներին ուղղված գործիքներ (վարկ/գրավ, պարտքի սպասարկում/եկամուտ հարաբերակցություններ)
Գործիքների մեկ այլ խումբ էլ կենտրոնանում է վարկառուների վրա՝ նպատակ ունենալով այնպես անել, որ մարդիկ չափից շատ պարտք չվերցնեն և չհայտնվեն ֆինանսական դժվարին իրավիճակում: Այս գործիքներով սահմանվում են խիստ կանոններ այն իմաստով, թե որքան պարտք կարող են վերցնել ֆիզիկական անձինք ,կամ ինչպիսի վարկային պայմաններ կարող են գործել նրանց համար: Օրինակ, եթե անձը ցանկանում է տուն գնել, բանկը կարող է ավելի մեծ կանխավճար պահանջել: Այս կատեգորիայում եղած գործիքները, ի թիվս այլ գործիքների, ներառում են , վարկ/գրավի արժեք, պարտքի սպասարկում/եկամուտ, պարտք/եկամուտ հարաբերակցության վերաբերյալ պահանջներ:
Վարկ/գրավի արժեք հարաբերակցությունը սահմանափակում է այն գումարը, որ անձը կարող է փոխառել գույքի արժեքի համեմատ: Օրինակ, 90% սահմանաչափի դեպքում վարկառուն պարտավոր է մնացած 10%-ը մուծել որպես կանխավճար: Այս կանոնի կիրառությունը նախատեսում է մարդկանց հետ պահել իրենց վճարունակության համեմատ ավելի մեծ հիպոտեկային վարկ վերցնելուց, որը անշարժ գույքի շուկայի անկման պարագայում կարող է հանգեցնել զանգվածային պարտազանցումների:
Մյուս կողմից, պարտքի սպասարկում/եկամուտ հարաբերակցությունը վարկի պարբերական վճարումները (ծախսերը) վարկառուի եկամուտների հետ համեմատելու միջոցով ստուգում է սեփական պարտքերը սպասարկելու/մարելու վարկառուի ունակությունը: Եթե սահմանաչափը 30% է, ուրեմն վարկառուն չի կարող իր եկամտի 30%-ից ավելին ուղղել մարումներ կատարելուն։ Այս գործիքն օգնում է պատասխանատու վերաբերմունք ձևավորել փոխառության նկատմամբ՝ նվազեցնելով պարտազանցման ռիսկը և ֆինանսական լարվածությունը:
Ամփոփելով՝ վերը նշված մակրոպրուդենցիալ գործիքներն ապահովում են տնտեսությունում ֆինանսական ծառայությունների մատուցման անխափան ընթացքը և նպատակաուղղված են կայունության պահպանմանը և հնարավոր ֆինանսական խնդիրների կանխարգելմանը, քանի դեռ դրանք չեն խորացել: