Կայուն ֆինանսական համակարգի կարևորությունը
Ֆինանսական համակարգը կարևոր դեր ունի ընդհանուր տնտեսությունում, քանի որ այն իրականացնում է ֆինանսակայն միջնորդություն՝ ապահովելով ֆինանսական միջոցների արդյունավետ ներդրումը, և արդյունքում նպաստում տնտեսական աճին ու զարգացմանը:
Այն իրավիճակը, երբ ֆինանսական համակարգը ամուր է, դիմացկուն և ի վիճակի է ապահովել ֆինանսական ծառայությունների մատուցումը նույնիսկ սթրեսային պայմաններում, անվանում ենք ֆինանսական կայունություն։
Պատկերացնենք մի իրավիճակ, երբ բանկը մեծ վնասներ է կրում այն պատճառով, որ որոշ վարկառուներ չեն կարողանում մարել վարկերը: Այս դեպքում բանկը, հնարավոր է, որ ավելի մեծ զգուշավորություն ցուցաբերի նոր վարկեր տրամադրելու մասով կամ նույնիսկ սահմանափակի վարկավորումը: Եթե նման վարքագիծ ցուցաբերեն միանգամից մի քանի բանկեր, ապա կարող են որոշակի խնդիրներ առաջանալ տնտեսությունում: Նոր բնակարան ձեռք բերելու նպատակ ունեցող քաղաքացին կամ արտադրությունը մեծացնելու ցանկություն ունեցող ընկերությունը կարող են խոչընդոտների հանդիպել բանկերից գումար ստանալիս, անգամ եթե երկուսի մոտ ամեն ինչ կարգին է վարկային պատմության և վարկարժանության հետ կապված: Իսկ եթե նման խնդիրների են առերեսվում բազմաթիվ մարդիկ և ընկերություններ, ապա դա տնտեսության համար կարող է նշանակել ավելի քիչ ծախսումների և ավելի քիչ ներդրումների հնարավորություն: Նկարագրված իրավիճակի տևականության պայմաններում տնտեսության թուլացումը կարող է անխուսափելի լինել՝ ազդելով մեզանից յուրաքանչյուրի վրա։
Իրավիճակը, որի մասին խոսեցինք, ֆինանսական համակարգում հավանական անկայունության ընդամենը մեկ օրինակ է։ Իրական կյանքում իրադարձությունները, որոնք կարող են խաթարել ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունը, հնարավոր է առաջանան ամենատարբեր ոլորտներում և ժամանակահատվածներում՝ բացասական ազդեցություն թողնելով ֆինանսական համակարգի և ընդհանուր տնտեսության առողջության վրա իրենց ներհատուկ հետևանքներով:
Ֆինանսական համակարգի փոխկապակցվածությունը, ըստ էության, նշանակում է, որ մի ոլորտում առկա թույլ օղակները կարող են ներգործություն ունենալ համեմատաբար առողջ օղակների վրա՝ այդ կերպ թուլացնելով ընդհանուր ֆինանսական համակարգի կայունությունը: Ահա թե ինչու է կարևոր ֆինանսական համակարգի դիմադրողականությունը` ապահովելու մարդկանց, գործարարների և կառավարության համար ամենատարբեր ֆինանսական ծառայությունների հասանելիությունը:
Ուրեմն, ովքե՞ր են օգտվում կայուն ֆինանսական համակարգից:
Ավանդատուները կարող են վստահ լինել, որ իրենց խնայած գումարներն ապահով են, ֆինանսական միջոցների կարիք ունեցողներին հասանելի են վարկերը, եթե նրանք բավարարում են բանկի կողմից ներկայացված վարկունակության պահանջները, բանկի բաժնետերերը չեն կորցնում իրենց ներդրումները, իսկ տնտեսությունը կարող է աճել և ստեղծել հարստություն:
Այս ամենից մեկ կարևոր հետևություն անենք, որ ֆինանսական համակարգի կայունություն հանրային բարիք է: