Հսկողություն
Վճարահաշվարկային համակարգերը կարևոր են ֆինանսական ոլորտի և ընդհանուր տնտեսության անխափան գործունեության համար: Այնուամենայնիվ, դրանք կարող են մասնակիցների համար ռիսկային լինել և խափանումներ առաջացնել տնտեսությունում և ֆինանսական համակարգում: Այս պատճառով կենտրոնական բանկերը մեծապես կարևորում են վճարահաշվարկային համակարգերի հսկողությունը (PSO):
Միջազգային հաշվարկների բանկի սահմանումների և մոտեցումների համաձայն՝ «Վճարահաշվարկային համակարգերի հսկողությունը կենտրոնական բանկի գործառույթ է, որի միջոցով անվտանգության և արդյունավետության նպատակների ներքո իրականացվում են գործող և պլանավորված համակարգերի մոնիթորինգ, դրանց՝ նշված նպատակների տեսանկյունից գնահատում և, անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ»:
ՀՀ կենտրոնական բանկը հսկողության գործառույթն իրականացնում է «ՀՀ կենտրոնական բանկի վճարահաշվարկային և արժեթղթերի հաշվարկային համակարգերի հսկողության իրականացման հայեցակարգը» փաստաթղթում սահմանված քաղաքականության համաձայն: Հայեցակարգը սահմանում է վճարահաշվարկային համակարգերի հսկողության իրականացման սկզբունքները, իրավասությունները, նպատակները և շրջանակը, հսկողության շրջանակներում ներառված համակարգերին պահանջները, հսկողության իրականացման գործընթացը, հսկողության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների և տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև մոտեցումները միջազգային համագործակցության մասով: