Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման ուղեցույց
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Վճարահաշվարկային կազմակերպությունների (այսուհետ՝ ՎՀԿ) լիցենզավորումը, ինչպես նաև վերջիններիս գործունեությունը կարգավորվում է «Վճարահաշվարկային համակարգերի և Վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք), ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Կանոնակարգ 17/01-ով, Կանոնակարգ 17/02- ով և Կանոնակարգ 17/03-ով, ինչպես նաև Օրենքի 2-րդ հոդվածում նշված այլ իրավական ակտերով:
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՎՀԿ-ն Օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած իրավաբանական անձն է:
ՎՀԿ-ների լիցենզիաների տեսակներն են`
- դրամական (փողային) փոխանցումների իրականացումը.
- վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացումը:
ՎՀԿ-ը թվարկված լիցենզիաները կարող է ստանալ ինչպես առանձին, այնպես էլ միաժամանակ:
Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների տեսակներն ու մատուցվող ծառայությունները կարգավորվում են Օրենքի 19-րդ հոդվածով:
Էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալու համար ՎՀԿ-ը պետք է ունենա դրամական փոխանցումների լիցենզիա: Էլեկտրոնային փողի թողարկման թույտվությունը կարգավորվում է Կանոնակարգ 16/1-ով և Կանոնակարգ 16/2-ով:
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՎՀԿ-ն վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստանալու համար նախ պետք է որպես իրավաբանական անձ պետական գրանցում ստանա ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, որից հետո արդեն գրանցված իրավաբանական անձը կարող է դիմել Կենտրոնական բանկ՝ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու համար:
Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորման համար իրավաբանական անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում լիցենզիայի հայտ և համապատասխան փաստաթղթեր՝
- Հիմնադրման փաստաթղթեր,
- տվյալներ ղեկավարների և մասնակիցների վերաբերյալ
- տնտեսական ծրագիր և աշխատանքի կանոնակարգ
- դրամական միջոցների և ընդհանուր կապիտալի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր
- և այլն (ամբողջական ցանկը սահմանված է Օրենքի 20-րդ հոդվածով և Կանոնակարգ 17/01-ի 3-րդ գլխով):
ՎՀԿ-ների լիցենզիա ստանալու հայտը և պահանջվող մյուս փաստաթղթերը ներկայացվում են իրավասու մարմնի կողմից ստորագրված միջնորդագրին (դիմումին) կից էլեկտրոնային կրիչով, Կանոնակարգ 17/01-ով սահմանված ձևաչափով:
Կենտրոնական բանկը սահմանված փաստաթղթերն ու տեղեկությունները ստանալու պահից երկամսյա ժամկետում լիցենզավորում է ՎՀԿ-ը կամ մերժում է դրա լիցենզավորումը՝ համապատասխան որոշումը տրամադրելով հայտատուին:
Կենտրոնական բանկը կարող է մերժել վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստանալու հայտը Օրենքի 20.1 հոդվածով:
ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ՎՀԿ-ների համար սահմանվում է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվ` 100 միլիոն ՀՀ դրամի չափով:
Վճարահաշվարկային կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի կարող ունենալ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն:
ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարներ են համարվում վճարահաշվարկային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը, նրա տեղակալը, գլխավոր հաշվապահը, որոնց նկատմամբ պահանջները սահմանված են Օրենքի 22-րդ հոդվածով:
ՏԱՐԱԾՔ
Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության գործունեության համար օգտագործվող տարածքը և դրա տեխնիկական հագեցվածությունը պետք է համապատասխանեն Կանոնակարգ 17/01-ի 4-րդ գլխով սահմանված պահանջներին։
ՏԵԽՆԻԿԱ-ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
ՎՀԿ-ն իր ընթացիկ գործառնությունները ապահովելու համար պետք է ունենա Կանոնակարգ 17/01-ի 5-րդ գլխով սահմանված պահանջներին համապատասխան տեխնիկա-ծրագրային ապահովում:
ՏՈՒՐՔ
ՎՀԿ-ը լիցենզավորման համար պետք է վճարի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված տուրք, յուրաքանչյուր տարվա համար հետևյալ դրույքաչափով ՝
- Դրամական (փողային) փոխանցումներ իրականացման համար – 1 000 000 ՀՀ դրամ,
- Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության յուրաքանչյուր մասնաճյուղի համար 50 000 ՀՀ դրամ,
- վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացման համար 1 000 000 ՀՀ դրամ:
Էլ. փողի թողարկման համար առանձին տուրք սահմանված չէ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հետևյալ նյութը համարվում է ՎՀԿ-ների գործունեությունը կարգավորող իրավական ակտերում սահմանված պահանջների համառոտ նկարագրություն, ուստի առավել մանրամասն տեղեկություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել գործող իրավական ակտերն ամբողջությամբ։ Նշենք, որ անհրաժեշտության դեպքում ԿԲ կողմից կարող է պահանջվել լրացուցիչ տեղեկություններ և դրանք հիմնավորող փաստաթղթեր: