Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողներ
Կրիպտոակտիվը ծածկագրման (կրիպտոգրաֆիայի) վրա հիմնված գույք է, որն ունի արժեք կամ հավաստում է իրավունք, և որը կարող է փոխանցվել և պահպանվել բացառապես էլեկտրոնային եղանակով` ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի կամ նմանատիպ այլ տեխնոլոգիայի միջոցով։
ՀՀ-ում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կարգավորվում և վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։
Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի դեպքում թողարկողը պարտավոր է հրապարակել կրիպտոակտիվների առաջարկի փաստաթուղթ, որը պարունակում է թողարկողի, առաջարկվող կրիպտոակտիվների, դրանց հիմքում ընկած տեխնոլոգիայի, դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ ողջ էական տեղեկատվությունը։ Հրապարակումից առաջ փաստաթուղթը պետք է ներկայացվի Կենտրոնական բանկ։
Կրիպտոակտիվներով ծառայություններ կարող են մատուցել միայն Կենտրոնական բանկի կողմից գրանցված և լիցենզավորված իրավաբանական անձինք, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները (ներդրումային ընկերություններ, ներդրումային ֆոնդի կառավարիչներ, կարգավորվող շուկայի օպերատոր, կենտրոնական դեպոզիտարիա, բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները՝ էլեկտրոնային փողի թոքենի թողարկման մասով) *
Լիցենզավորման ենթակա ծառայություններն են՝
- կրիպտոակտիվների առևտրային հարթակի գործարկումը.
- կրիպտոակտիվների պահառությունը.
- իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացումը.
- հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացումը.
- կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը.
- կրիպտոակտիվների տեղաբաշխումը.
- կրիպտոակտիվների փաթեթի կառավարումը.
- կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրումը.
- կրիպտոակտիվների փոխանցումը.
- ակտիվին կցված թոքենների թողարկումը:
Մուտք շուկա
ԿԲ-ն սահմանում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց շուկա մուտք գործելու մանրամասն պահանջները՝ ապահովելու, որ ծառայություններ մատուցողները մասնագիտացված են, հաշվենկատ և ֆինանսապես առողջ՝ պաշտպանելով իրենց հաճախորդներին հնարավոր ռիսկերից և խթանելով կրիպտոակտիվներ ձեռքբերողների և հաճախորդների վստահությունը կրիպտոակտիվների շուկայում:
Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորման համար սահմանվում են կապիտալի, կորպորատիվ կառավարման, տեխնիկածրագրային հագեցվածության, ներքին ընթացակարգերի և այլ պահանջներ:
Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորման հիմնական պահանջներն են՝
- Կենտրոնական բանկում գրանցել իրավաբանական անձ` բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ձևով:
- Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ դիմորդի հետ չփոխկապակցված որևէ բանկում բացված հաշվին մուծել կառավարչի կանոնադրական կապիտալը:
- Ստանալ Կենտրոնական բանկի նախնական հավանությունը` նշանակալից մասնակցության ձեռքբերման վերաբերյալ:
- Որոշ ծառայությունների դեպքում՝ ունենալ գործարար ծրագիր` գործունեության առաջիկա երեք տարիների համար:
- Յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարել տարեկան պետական տուրքի վճարում:
Այն անձինք, որոնք «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ (04/07/2025թ․) ՀՀ տարածքում մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ, մինչև 31/01/2027թ. պետք է գրանցվեն և լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ, հակառակ դեպքում պետք է դադարեցնեն այդ ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը:
Կարդալ ավելին
Կանոնակարգում
Կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումներ
Նախագծեր
Տեսանյութեր
- ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանի մեկնաբանությունը «Հանրային» հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրին, 2026 թ., հունվարի 8
- ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքը «Ֆինանսների ապագան Հայաստանում․ բանկեր, ֆինթեք, web3՝ հակամարտությո՞ւն, թե՞ համատեղում» պանելային քննարկմանը, 2025 թ., օգոստոսի 21
- ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանի մեկնաբանությունը «Հանրային» հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրին, 2025 թ., հուլիսի 28
- ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսության «ՍիվիլՆեթ բիզնես» հաղորդմանը, 2025 թ., մարտի 18
- ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանի մեկնաբանությունը Factor հեռուստատեսությանը, 2024 թ., հուլիսի 24
- ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանի մեկնաբանությունը Iravaban.net կայքի «Իրավական շաբաթ» հաղորդմանը, 2024 թ., հունիսի 15
- ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Կարեն Հակոբյանի մեկնաբանությունը «Հանրային» հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրին, 2024 թ., հունվարի 27
- ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանի մեկնաբանությունը «Հանրային» հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրին, 2024 թ., հունվարի 7
Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների ցանկ