Ներդրումային ֆոնդեր և ֆոնդի կառավարիչներ
Ներդրումային ֆոնդեր
Ներդրումային ֆոնդը ակտիվների համախումբ է, որը ստեղծվել, գործում կամ օգտագործվում է ներդրողներից միջոցները միասնական ներդրումային քաղաքականության ներքո արժեթղթերում կամ այլ ակտիվներում կոլեկտիվ ներդրումներ իրականացնելու նպատակով։
Ներդրումային ֆոնդերը ֆիզիկական անձանց հնարավորություն են տալիս ներդրումներ կատարել քիչ միջոցներով, ինչը հեշտացնում է նրանց մասնակցությունը ֆինանսական շուկաներում: Ներդրումային ֆոնդերում կուտակված գումարները կառավարվում են ֆոնդերի կառավարման փորձառու մասնագետների կողմից, ովքեր կայացնում են ներդրումային որոշումներ՝ ֆոնդի նպատակներին համապատասխան: Այս նպատակները ֆոնդից ֆոնդ կարող են տարբերվել պահպանողականից (կայուն եկամուտ և կապիտալի պահպանում) մինչև ագրեսիվ (բարձր աճ՝ բարձր ռիսկով):
Ֆոնդերը կարող են ներդրումներ կատարել տարբեր ակտիվներում, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը, անշարժ գույքը կամ ապրանքները: Դա օգնում է դիվերսիֆիկացնել ռիսկը և ստանալ համեմատաբար ավելի կայուն եկամուտներ: Անհատ ներդրողը կարող է ռեսուրս չունենալ ինքնուրույն կերպով նման դիվերսիֆիկացիայի հասնելու համար:
Հայաստանի օրենսդրությունը տալիս է իրավական հիմքեր տարբեր տեսակի ներդրումային ֆոնդերի ստեղծման համար, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կառուցվածքը, իրավական կարգավիճակը և ներդրումային հստակ ռազմավարությունը: Օրինակ․
- Բաց հրապարակային ֆոնդեր. ներդրումային ֆոնդեր, որոնք շարունակաբար առաջարկում են նոր փայեր և մարում գոյություն ունեցողները: Նրանք սովորաբար սպասարկում են ներդրողների լայն շրջանակ՝ տարբեր ռիսկի ախորժակով,
- Կենսաթոշակային ֆոնդեր. ներդրումային ֆոնդեր, որոնք կառավարում են ապագա կենսաթոշակառուների կուտակումները՝ ապահովելու նրանց կենսաթոշակը,
- Բորսայում շրջանառվող ֆոնդեր (ETFs). ֆոնդեր, որոնց փայերը շրջանառվում են ֆոնդային բորսաներում,
- Հեջ ֆոնդեր. Սովորաբար ուղղված են որակավորված ներդրողներին (իրավաբանական անձինք, մասնագետներ կամ մեծ կապիտալով անհատներ) և ունեն առավել բարդ ներդրումային ռազմավարություն՝ հանրավոր ավելի բարձր ռիսկերով և եկամուտով,
- Մասնավոր կապիտալի ֆոնդեր. Իրենց ռազմավարությամբ ներդրումներ են կատարում մասնավոր ընկերություններում, որոնք ցուցակված չեն ֆոնդային բորսաներում:
Ներդրումային ֆոնդերի կարգավորումը ռիսկահեն է և տարբերվում է ելնելով ֆոնդի տեսակից (օրինակ՝ հրապարակային կամ ոչ հրապարակային ֆոնդեր, հեջ ֆոնդեր, մասնավոր կապիտալի ֆոնդեր և այլն)։
Ներդրումային ֆոնդի կառավարիչներ
Ներդրումային ֆոնդի կառավարիչը Կենտրոնական բանկի կողմից գրանցված և լիցենզավորված ընկերություն է, որը կառավարում է ներդրումային ֆոնդի ակտիվները:
Լրացուցիչ թույլտվության դեպքում ներդրումային ֆոնդի կառավարիչը կարող է կառավարել նաև պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդեր։
ԿԲ կողմից համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում ներդրումային ֆոնդի կառավարիչը կարող է մատուցել նաև հետևյալ լրացուցիչ ծառայությունները.
- Ներդրումային խորհրդատվության տրամադրում,
- Ներդրումային ֆոնդի փայերի և բաժնետոմսերի պահառություն,
- Արժեթղթերի պորտֆելի կառավարում"
Մուտք շուկա
ԿԲ կարգավորումը օգնում է կանխել խարդախությունները կամ չարաշահումները, որոնք կարող են վնասել ներդրողներին: Բացի այդ, մուտքի պահանջներ սահմանելով՝ հնարավոր է գնահատել ֆոնդերի կառավարիչների՝ իրենց գործունեությունը պատշաճ կերպով կազմակերպելու կարողությունը։ Կարգավորումը նաև պահանջում է, որ ֆոնդերի կառավարիչները ներդրողներին տրամադրեն համապարփակ և ճշգրիտ տեղեկատվություն իրենց կառավարվող ֆոնդերի մասին:
Ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզավորման պահանջները
- Կենտրոնական բանկում գրանցել իրավաբանական անձ` բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ձևով:
- Բավարարել Կենտրոնկան բանկի սահմանած տարածքի և տեխնիկական հագեցվածության պահանջները:
- Կենտրոնական բանկում կամ կառավարչի հետ չփոխկապակցված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում բացված հաշվին մուծել կառավարչի կանոնադրական կապիտալը:
- Ստանալ Կենտրոնական բանկի նախնական հավանությունը` նշանակալից մասնակցության ձեռքբերման վերաբերյալ:
- Ունենալ գործարար ծրագիր` գործունեության առաջիկա երեք տարիների համար:
- Յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարել տարեկան պետական տուրքի վճարում:
Կարգավորում և վերահսկողություն
ԿԲ-ն ֆոնդերի կառավարիչների գործունեության համար սահմանում է պահանջներ՝ ապահովելու համար ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ֆինանսական կայունությունը, արդար մրցակցությունը և արժեթղթերի շուկայի անաղարտությունը: Կարգավորումն ուղղված է չարաշահումների բացառմանը, այն խրախուսում է արդար գործելակերպը և պարտավորեցնում է խուսափել շահերի բախումից՝ ի օգուտ ֆոնդի ներդրողների լավագույն շահերի:
Ելք շուկայից
Ֆոնդի կառավարչի լուծարումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ներդրողների և ֆինանսական համակարգի վրա: Կարգավորումներն ապահովում են, որ նվազագույնի հասցվի բոլոր շահագրգիռ կողմերի և շուկայի այլ մասնակիցների համար ռիսկերը:
Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեությունը կարգավորող իրավական դաշտ
Ուղեցույցներ
Ծանոթացեք Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված հրապարակային և ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերին
Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ցանկ