Բանկեր
Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի տրված լիցենզիայի հիման վրա ավանդներ ընդունել և ավանդն ընդունողի անունից և ռիսկով դրանք տեղաբաշխել` վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու և (կամ) ներդրումներ կատարելու միջոցով:
Միևնույն ժամանակ, բանկը կարող է իրականացնել օրենքով սահմանված այլ ֆինանսական գործառնություններ:
Մուտք Շուկա
Մենք սահմանում ենք շուկա մուտք գործելու ընթացակարգեր և պահանջներ, որպեսզի նոր ձևավորվող բանկերն ունենան անհրաժեշտ կապիտալ և ռեսուրսներ՝ ավանդատուների շահերը պաշտպանելու, կայուն ու շարունակական գործունեություն ծավալելու համար:
Լիցենզավորման ընթացակարգը սկսվում է լիցենզիայի նախնական հավանություն ստանալու միջնորդագիր ներկայացնելու պահից և ավարտվում է լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու դիմումը մերժելու պահով:
Բանկերի լիցենզավորման փուլերն են՝
- լիցենզիա ստանալու նախնական հավանությունը.
- բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցումը.
- լիցենզիա տալը:
Բանկերի լիզենցավորման համար սահմանվում են կապիտալի, կորպորատիվ կառավարման, տեխնիկածրագրային հագեցվածության, տարածքի և այլ պահանջներ:
Կարդալ ավելին
Վերահսկողություն
Հայաստանի Կենտրոնական բանկի (ՀԿԲ) Բանկային պրուդենցիալ վերահսկողության ծառայությունը (ԲՊՎԾ) պատասխանատու է պրուդենցիալ վերահսկողության համար և շարունակաբար հսկում է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի ֆինանսական կայունությունն ու հուսալիությունը: ԲՊՎԾ-ի հիմնական նպատակներն են իրականացնել կարգավորվող բանկերի տեղում ստուգումներ և հեռակա վերահսկողություն, ապահովել ՀԿԲ-ի կողմից սահմանված կարգավորիչ ստանդարտների պահպանումը, ստուգել բանկերի կողմից ներկայացվող շաբաթական, ամսական և եռամսյակային հաշվետվությունների հավաստիությունը, բացահայտել, վերլուծել և գնահատել առկա ֆինանսական ռիսկերը, և ձեռնարկել միջոցառումներ՝ ուղղված ռիսկերի նվազեցմանը և բանկերի ֆինանսական վիճակի կայունացմանը:
Տարին մեկ անգամ ԲՊՎԾ-ն իրականացնում է Վերահսկողական վերանայման և գնահատման գործընթաց (ՎՎԳԳ) և ձևավորում է բանկերի տարեկան ցուցանիշների ամփոփ գնահատական՝ հիմնվելով բանկերի կողմից ՀԿԲ-ին ներկայացված հաշվետվությունների վրա: ՎՎԳԳ-ի հիմնական սկզբունքները ներառում են բանկերի բիզնես մոդելի և շահութաբերության գնահատումը, արդյունավետ կառավարումը և ռիսկերի կառավարումը, կապիտալի ռիսկերը և իրացվելիության ու ֆինանսավորման ռիսկերը: Հաստատությունների ֆինանսական վիճակի և գործառնական հուսալիության վերլուծության մեջ ԲՊՎԾ-ն վերլուծում է բանկերի ֆինանսական վիճակը, ապագա ռազմավարական պլանների կանխատեսումները և փաստացի կատարողականը, և գնահատում է ներքին ու արտաքին աուդիտը և բանկի կառավարման մարմինները:
Ելք շուկայից/Վերակառուցում
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) Վերակառուցման ծառայության (ՎԾ) հիմնական նպատակն է ֆինանսական հաստատությունների շուկայից կանոնակարգված ելքի համար ապահովել համապատասխան պատրաստվածություն՝ վերակառուցման կամ լուծարման միջոցով: ՎԾ-ն պատասխանատու է բոլոր առևտրային բանկերի համար վերակառուցման ծրագրերի մշակման համար: Վերակառուցման ծրագրերը ներառում են յուրաքանչյուր բանկի վերակառուցման ռազմավարության որոշում և նրանց վերակառուցման հնարավորության գնահատում: Միաժամանակ, երբ առկա են վերակառուցման կամ լուծարման բոլոր հիմքերը, ՎԾ-ն նախաձեռնում է համապատասխան գործընթացներ և իրականացնում է այս կազմակերպությունների շարունակական վերահսկողություն:
Բանկերի վերակառուցման կանոնակարգերը ձևակերպված են համաձայն Ֆինանսական կայունության խորհրդի (ՖԿԽ) կողմից հաստատված "Ֆինանսական հաստատությունների արդյունավետ վերակառուցման ռեժիմների հիմնական հատկանիշներ" միջազգային ստանդարտի ("Key Attributes of Effective Resolution Regimes for Financial Institutions"):
Օրենսդրություն
ԿԲ նախագահի որոշումներ
Ձեռնարկներ
Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի ցանկ
Լուծարման գործընթացում գտնվող բանկերի ցանկ