(2011/3) ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր (3-րդ եռամսյակ, 2011թ.)

2011 թվականի երկրորդ եռամսյակի փաստացի ցուցանիշները և զարգացումները

2011 թվականի երկրորդ եռամսյակի համար կանխատեսվել էր նախորդի համեմատությամբ ավելի մեղմ գնաճային միջավայր, ռիսկերի աստիճանական հավասարակշռում: Գնաճային միջավայրի մեղմմանը նպաստելու էին.

  • տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացման, պարտադիր պահուստավորման մեխանիզմի փոփոխության լագային ազդեցությունները,
  • արտաքին աշխարհից ՀՀ տնտեսություն փոխանցվող գնաճային ճնշումների թուլացումը,
  • մասնավոր ծախսումների չեզոք ազդեցությունը,
  • աշխատանքի շուկայի` նախորդ ժամանակահատվածի համեմատությամբ ավելի թույլ գնաճային ազդեցությունը,
  • հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությունը
  • նախորդ տարվա համեմատությամբ տեղական արտադրության գյուղմթերքների թողարկման ծավալների աճի պայմաններում դրանց գների ակնկալվող նվազումը:

Չնայած նշված, հիմնականում ոչ գնաճային ազդակներին, մինչև եռամսյակի ավարտը պահպանվելու էր 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը` իր մեջ դեռևս ներառելով 2010 թվականից փոխանցված գյուղատնտեսական ապրանքների բարձր գնաճը, հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճը, ամիսներ շարունակ գրանցված բարձր գնաճի երկրորդային ազդեցությունները և գնաճային սպասումները:

2011 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում գնաճային միջավայրը ձևավորվեց վերը թվարկված գործոնների` հնարավոր բարենպաստ դրսևորումների ներքո (ներքին պահանջարկի և գյուղատնտեսության ճյուղի համար նախանշվել էին երկկողմանի, հաշվեկշռված ռիսկեր), և արձանագրվեց 1.6% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կանխատեսված 9.2%-ի փոխարեն կազմեց 8.5%: Այդուհանդերձ, դեռևս բավականին բարձր է պարենային ապրանքների գների աճի նպաստումը` 7.3 տոկոսային կետ, որից միայն գյուղատնտեսական ապրանքներինը` 4.2 տոկոսային կետ, իսկ ներմուծված պարենային ապրանքներինը` շուրջ 3 տոկոսային կետ: Ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների աճի նպաստումները 12-ամսյա գնաճին կազմել են համապատասխանաբար` 0.5 և 0.8 տոկոսային կետ: Եռամսյակի ընթացքում արձանագրված գնանկումը պայմանավորվել է պարենային ապրանքների գների անկմամբ, որի նպաստումը կազմել է 1.7 տոկոսային կետ:

Եռամսյակի ընթացքում բնականոն գնաճն ավելացել է 1.2%-ով` դեռևս կրելով պարենային ապրանքների բարձր գների ազդեցությունը: Արդյունքում՝ 12-ամսյա բնականոն գնաճը կազմել է 6.7%: