Միջազգային ժյուրին և հանդիսատեսն ընտրել են «Առնո Բաբաջանյան-100» հուշադրամը 2021 թվականի «տարվա հուշադրամ»
Միջազգային ժյուրին և հանդիսատեսն ընտրել են «Առնո Բաբաջանյան-100» հուշադրամը 2021 թվականի «տարվա հուշադրամ»
«Դրամների համաստեղություն-2022» 16-րդ միջազգային մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2021 թ․թողարկված «Առնո Բաբաջանյան-100» արծաթե հուշադրամը արժանացել է մրցանակների միանգամից 3 անվանակարգերում․
«Տարվա հուշադրամ»՝ 1 տեղ
«Գեղարվեստական հաջող լուծում»՝ 3-րդ տեղ
«Հանդիսատեսի համակրանք»։
«Առնո Բաբաջանյան-100» արծաթե հուշադրամի էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է հարսանեական զույգ, սոլի բանալի, ոճավորված վարդ՝ որպես սիրո խորհրդանիշ, և ձայնասկավառակ։
Հուշադրամի դարձերեսին Առնո Բաբաջանյանի դիմապատկերն է, ձայնասկավառակի, դաշնամուրի ստեղների, նոտաների և գրչի ոճավորված պատկերներ:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում՝ 500 հատ թողարկման քանակով։
«Դրամների համաստեղություն-2022» միջազգային մրցույթում 17 երկրի 21 կազմակերպություններ ներկայացրել են 140 հուշադրամներ։
Մասնագիտական “Золотой червонец” պարբերականը (N3 (60), 2022) անդրադարձել է «Դրամների համաստեղություն-2022» մրցույթի արդյունքներին. մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ անցնելով հղումով:
Առնո Բաբաջանյանի մասին
Առնո Բաբաջանյանը (1921-1983 թթ.) հայտնի հայ կոմպոզիտոր է, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970 թ․):
Ավարտել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաները: 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Որպես բարձրարվեստ դաշնակահար աչքի է ընկել իր ստեղծագործությունների կատարմամբ։ Ստեղծագործական ոճը ձևավորվել է Ա. Խաչատրյանի և Ս. Ռախմանինովի ազդեցությամբ և առավելապես արտահայտվել վաղ շրջանի ստեղծագործություններում՝ դաշնամուրի (1944 թ.) և ջութակի (1949 թ.) համար կոնցերտներում։ «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերը 1947 թ. Պրահայում կայացած Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 1-ին փառատոնում արժանացել են առաջին մրցանակի: Կոմպոզիտորի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար 1950 թ. գրված «Հերոսական բալլադում» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ․), ապա դաշնամուրային տրիոյում (1952 թ․):
Բաբաջանյանը ստեղծագործել է տարբեր՝ դասական, պոպ, ջազ ոճերով։ Նա սովետական երգի ականավոր վարպետներից է: Գրել է բազմաթիվ քնարական երգեր, երաժշտություն դրամատիկական ներկայացումների (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») և կինոնկարների («Առաջին սիրո երգը», համահեղինակ՝ Ղ. Սարյան, «Ամպրոպի արահետով», «Երջանկության մեխանիկան») համար:
Բաբաջանյանը սովետական ժողովրդի կողմից սիրված կոմպոզիտորներից է, ով բացառիկ բնատուր տաղանդի, խոր զգացմունքայնության ու երաժշտական արտահայտչականության շնորհիվ իր ուրույն տեղն է զբաղեցնում հայկական և սովետական երաժշտության պատմության մեջ: