Հետազոտական օրակարգ
ՀՀ կենտրոնական բանկի հետազոտական օրակարգ
Կենտրոնական բանկը մեծ կարևորություն է տալիս հետազոտական գործունեությանը, որը թույլ է տալիս ձևավորել քաղաքականության մշակման և իրականացման համար անհրաժեշտ վերլուծական հիմք։ Այս համատեքստում կարևորվում է նաև ԿԲ-ի հետազոտական օրակարգի հրապարակայնության ապահովումը, որը նպատակ ունի՝
- ներկայացնել ԿԲ-ի գերակա հետազոտական ուղղությունները,
- հրավիրել համագործակցության կենտրոնական բանկերի գործունեությանն առնչվող հետազոտական հարցերով հետաքրքրվող արտաքին հետազոտողներին և փորձագետներին։
2026–2027թթ. ՀՀ կենտրոնական բանկի հիմնական ռազմավարական առաջնահերթություններից բխող հետազոտական օրակարգը ներառում է հետևյալ ուղղությունները՝
![]() |
![]() |
![]() |
![]() |
Դրամավարկային քաղաքականություն
Համաշխարհային տնտեսությունում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները ստեղծել են լուրջ մարտահրավերներ դրամավարկային քաղաքականություն իրականացնող կառույցների համար։ Հետհամավարակային գնաճի աճը, ֆինանսական շուկաների տատանումները և աշխարհաքաղաքական զարգացումները կենտրոնական բանկերին ստիպեցին աննախադեպ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին, մինչդեռ առաջիկա տարիներին ակնկալվում են նոր մարտահրավերներ՝ կապված պետական պարտքի աճող մակարդակների, միջազգային առևտրային ուղիների խաթարման ռիսկերի, ինչպես նաև ժողովրդագրական, միգրացիոն և կլիմայական երկարաժամկետ փոփոխությունների հետ։ Այս զարգացումներից անմասն չմնաց նաև ՀՀ կենտրոնական բանկը, որի արձագանքը դրամավարկային քաղաքականության համակարգի վերափոխումն էր ու ռիսկերի խելամիտ կառավարման շրջանակին անցումը։
Այս նոր միջավայրը առաջ է բերում հետազոտական նոր առաջնահերթություններ, որոնց շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի համար 2026–2027 թթ. հետաքրքրություն ներկայացնող թեմաներից են՝
- Ինչպե՞ս են ժողովրդագրական, տեխնոլոգիական և սոցիալ-տնտեսական զարգացումներն ազդում տնտեսության և մակրոտնտեսական միջավայրի երկարաժամկետ կառուցվածքի վրա։
- Ինչպե՞ս է դրամավարկային քաղաքականությունը փոխանցվում մակրոտնտեսական և ֆինանսական զարգացումներին:
- Ինչպե՞ս են բանկերը ձևավորում վարկային տոկոսադրույքները, և որո՞նք են այդ գործընթացի հիմնական որոշիչ գործոնները։
- Ինչպե՞ս է ԿԲ հաղորդակցությունն ազդում տնային տնտեսությունների գնաճային սպասումների վրա, և ի՞նչ մեթոդներով կարելի է բարելավել այդ սպասումների գնահատականները՝ այդ թվում՝ ոչ ավանդական տվյալների և մեթոդների կիրառմամբ։
- Ինչպե՞ս են կապիտալի հոսքերն ազդում ֆինանսական խոցելիությունների կուտակման և մակրոտնտեսական դինամիկայի վրա, և ի՞նչ դեր կարող է ունենալ դրամավարկային քաղաքականությունը դրանց կառավարման գործում։
Ֆինանսական կայունություն և վերահսկողություն
Վերջին տարիների ճգնաժամային զարգացումները ցույց տվեցին, որ ֆինանսական համակարգի կայունությունը պետք է գնահատել ոչ միայն կապիտալի բավարարության, այլև իրացվելիության, փոխկապվածությունների և շուկայի կառուցվածքային առանձնահատկությունների տեսանկյունից։ Միաժամանակ, ֆինանսական համակարգի երկարաժամկետ արդյունավետությունն ու դիմակայունությունը պայմանավորված են մրցակցային միջավայրով, տեխնոլոգիական նորարարությունների և ֆինանսական պրոդուկտների ինտեգրմամբ, ինչպես նաև կարգավորող շրջանակի արդյունավետությամբ։ Այս պայմաններում առավել կարևոր են դառնում շուկայական համախմբման, մրցակցային դինամիկայի, ֆինանսական պրոդուկտների գնագոյացման ու դիզայնի, ինչպես նաև կարգավորումների ազդեցության ուսումնասիրությունները։ Հատուկ ուշադրության են արժանի նաև վարկառուների, ավանդատուների և ֆինանսական հաստատությունների վարքագծային արձագանքները տոկոսադրույքների, պարտքային բեռի, կարգավորիչ պահանջների և մակրոպրուդենցիալ քաղաքականության փոփոխություններին։
Այս համատեքստում ՀՀ կենտրոնական բանկի համար 2026–2027 թթ. հետաքրքրություն ներկայացնող հետազոտական թեմաներից են՝
- Ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ և գործիքակազմ պետք է կիրառվեն ֆինանսական համակարգում ծառայությունների արդյունավետ վերահսկողության և վարկային ռիսկի մոնիտորինգի համար
- Ինչպե՞ս է ֆինանսական շուկայում մրցակցության մակարդակն ազդում ֆինանսական կայունության վրա, և ինչպիսի՞ կարգավորիչ մոտեցումներ կարող են ապահովել այս երկու նպատակների արդյունավետ համատեղ իրականացումը
- Ինչպե՞ս է մրցակցային միջավայրն ազդում ֆինանսական պրոդուկտների գնագոյացման և դիզայնի վրա
- Որո՞նք են ԱՊՊԱ համակարգում վարորդների վարքագծի և գնագոյացման մեխանիզմի վրա ազդող գործոնները
- Ինչպե՞ս են բնակլիմայական փոփոխություններն ազդում բանկերի վարկավորման և վարկային պորտֆելի որակի վրա
- Ինչպե՞ս է ֆիրմաների և տնային տնտեսությունների պարտքային բեռի դինամիկան ազդում վարկառուների վարքագծի, վարկավորման պայմանների և ֆինանսական կայունության վրա, և ի՞նչ դեր կարող են ունենալ կարգավորող ու մակրոպրուդենցիալ գործիքները այդ ռիսկերի կառավարման գործում
- Ինչպե՞ս է փոխվել բանկերի վարքագիծը իրացվելիության ծածկույթի և կայուն ֆինանսավորման նորմատիվների ներդրումից հետո
- Ինչպե՞ս են ֆինանսական ինստիտուտների ցանցի կառուցվածքն ու նրանց միջև փոխկապվածություններն ազդում համակարգային ռիսկի վրա
- Ո՞րն է ավանդների երաշխավորման օպտիմալ ծածկույթի չափը համակարգային ռիսկերի նվազեցման և ռեսուրսների կայուն բաշխման տեսանկյունից։
Ֆինանսական շուկաներ և վճարահաշվարկային համակարգեր
Ֆինանսական ծառայությունների թվայնացումը, վճարային վարքագծի փոփոխությունն ու նոր տեխնոլոգիաների զարգացումը կենտրոնական բանկերի համար ձևավորում են նոր հետազոտական առաջնահերթություններ։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե ինչպես են օրենսդրական և կարգավորող փոփոխություններն ազդում անկանխիկ վճարումների տարածման վրա, որ գործիքներն են առավել արդյունավետ երկարաժամկետ վարքագծային փոփոխությունների խթանման տեսանկյունից, և ինչ գործոններ են պայմանավորում կանխիկի պահանջարկն ու բնակչության վճարային վարքագիծը։ Միաժամանակ, բաց բանկինգի, բաց ֆինանսների և արհեստական բանականության զարգացումը կարող են էապես վերափոխել ֆինանսական ծառայությունների ոլորտն ու կենտրոնական բանկերի գործառույթները՝ ստեղծելով ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ կարգավորման և ռիսկերի կառավարման նոր մարտահրավերներ։
Այս ուղղությամբ, ՀՀ կենտրոնական բանկի համար 2026-2027թթ-ին հետաքրքրություն ներկայացնող հետազոտական թեմաներից են՝
- Ինչպե՞ս են օրենսդրական և կարգավորող փոփոխություններն ազդում անկանխիկ վճարումների տարածման վրա
- Ինչպե՞ս են բնակչության կանխիկ վճարումների վարքագծային օրինաչափություններն ազդում թղթադրամների՝ որպես կանխիկի պահանջարկի դինամիկայի վրա
- Ինչպե՞ս են բաց բանկինգը, բաց ֆինանսները և արհեստական բանականությունը փոխակերպում կենտրոնական բանկերի և ֆինանսական ծառայությունների ոլորտը
Ֆինանսական գրագիտություն և ներառականություն
Տնային տնտեսությունների ֆինանսական գրագիտության բարձրացումը և ֆինանսական ներգրավվածության խորացումը շարունակում են մնալ ՀՀ ԿԲ-ի կարևոր առաջնահերթություններից։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե ինչ գործոններ են պայմանավորում ֆինանսական ծառայությունների ընդունումն ու օգտագործումը, հատկապես գյուղական համայնքներում և ֆինանսապես խոցելի խմբերի շրջանում։ Առանձնահատուկ կարևորություն ունեն թվային ֆինանսական ծառայությունների, այդ թվում՝ մոբայլ բանկինգի, որակյալ օգտագործման խթանման մեխանիզմները, թվային գործիքների ազդեցության ուսումնասիրությունը խնայողական վարքագծի վրա, ինչպես նաև ֆինանսական զեղծարարությունից պաշտպանության և սպառողների իրազեկվածության բարձրացման արդյունավետ մոտեցումները։ Կարևոր է նաև այն քաղաքականությունների և գործիքների գնահատումը, որոնք կարող են նպաստել գերպարտքի հետևանքով ֆինանսական համակարգից դուրս մնացած անձանց ֆինանսական վերաինտեգրմանը։
Այս շրջանակում, ՀՀ կենտրոնական բանկի համար 2026-2027թթ-ին հետաքրքրություն ներկայացնող հետազոտական թեմաներից են՝
- Ինչպե՞ս են վարքագծային միջամտությունները (օրինակ՝ handholding, ֆինանսական խրախուսումներ, վարքագծային այլ լուծումներ) ազդում սպառողների մոբայլ բանկինգում ներգրավման, որակյալ օգտագործման, ինչպես նաև տնային տնտեսությունների խնայելու վարքագծի վրա:
- Ինչպե՞ս են երաշխավորության վերաբերյալ ԿԲ-ի իրականացված կարգավորման փոփոխություններն ազդել երաշխավորությամբ տրվող վարկերի վրա:
- Որո՞նք են գերպարտքի կուտակման հիմնական պատճառները, և ի՞նչ քաղաքականություններ կարող են նպաստել դրա կանխարգելմանն ու նվազեցմանը:



