Գնաճի նպատակադրման նորագույն մոտեցումները
Կենտրոնական բանկերի գործունեության հետազոտությունների կենտրոն
Ձեռնարկ թիվ 29
Գնաճի նպատակադրման նորագույն մոտեցումները
(վերանայվել է 2010 թ. հունվարին)
Ջիլ Հեմոնդ
Անգլիայի բանկ
Աշխարհում մեծանում է այն կենտրոնական բանկերի թիվը, որոնք գնաճի նպատակադրումն ընդունում են որպես իրենց դրամավարկային քաղաքականության ռազմավարություն: 2010 թ. սկզբի դրությամբ 27 կենտրոնական բանկեր համարվել են լիարժեք գնաճի նպատակադրում իրականացնողներ, և շատ երկրներ գտնվում են լիարժեք գնաճի նպատակադրման քաղաքականության անցնելու գործընթացում:
Սույն ձեռնարկում ներկայացրել ենք հիշյալ 27 կենտրոնական բանկերի կողմից իրականացվող գնաճի նպատակադրման քաղաքականության ամենակարևոր առանձնահատկությունները: Այդ տվյալները հնարավորություն են տալիս վերլուծելու գնաճի նպատակադրման նորագույն մոտեցումները, այսինքն` իրավական և ինստիտուցիոնալ կայացվածությունը, գնաճի նպատակային ցուցանիշի ձևավորումը, որոշումներ կայացնող մարմինը և որոշումների կայացման գործընթացը, կենտրոնական բանկերի կողմից օգտագործվող մոդելները և կանխատեսումները, հաշվետվելիության մեխանիզմները, ինչպես նաև հաղորդակցման և հրապարակայնության ռազմավարությունները:
2008 թվականին ամբողջ ուժգնությամբ ու ծավալով դրսևորված ֆինանսատնտեսական ճգնաժամը հստակ հարցադրումներ է առաջադրել դրամավարկային քաղաքականությանը, և գնաճի նպատակադրման ռազմավարությունն այս առումով բացառություն չէ: