Գնաճի հաշվետվություն 2023/4 (Դրամավարկային քաղաքականության 2023թ. չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2023թ. երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ 

2023 թ. չորրորդ եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել: Իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել:  Այդուհանդերձ, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում գնաճի 12-ամսյա ցուցանիշները դեռևս պահպանվում են նպատակային ցուցանիշից բարձր մակարդակներում, ինչից ելնելով՝ այդ երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կպահպանեն հարաբերականորեն զսպող դրամավարկային պայմանները: Գնահատվում է, որ նշված զարգացումների արդյունքում ակնկալվում են արտաքին հատվածից ՀՀ տնտեսություն փոխանցվող գնանկումային ազդեցություններ:

Չորրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը մնում է բարձր՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճով: Համախառն պահանջարկը ևս պահպանվում է բարձր մակարդակում՝ հիմնականում ի հաշիվ ներքին պահանջարկի աճի: Վերջինիս նպաստում է մասնավոր սպառման բարձր աճը՝ պայմանավորված նախկինում կուտակված խնայողությունների ծախսմամբ և եկամուտների շարունակական ավելացմամբ: Միաժամանակ, միջազգային այցելուների և զբոսաշրջիկների հոսքը դանդաղում է՝ հանգեցնելով արտաքին պահանջարկի որոշ չափով թուլացմանը:

Ընդհանուր առմամբ, թե՛ համաշխարհային, թե՛ ներքին տնտեսությունում ապագա զարգացումների հետ կապված անորոշությունների պայմաններում Կենտրոնական բանկը, դրանից բխող հնարավոր ռիսկերը կառավարելու նպատակով, կառուցում և քննարկում է իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ, որոնցից մեկը ներկայացված է սույն ծրագրում:

 2023 թվականի չորրորդ եռամսյակում պահպանվող ցածր գնաճային միջավայրում 12-ամսյա գնաճը նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է -0.5%: ՀՀ ԿԲ ներկայացրած սցենարի համաձայն՝ առաջիկայում 12-ամսյա գնաճը դեռևս կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր՝ 2023 թ. վերջին ձևավորվելով  0.1% մակարդակում: Դա հիմնականում պայմանավորված կլինի միջազգային շուկաներից փոխանցվելիք գնանկումային ազդեցություններով և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ: Նման իրավիճակում Կենտրոնական բանկն այս փուլում նպատակահարմար է համարել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացման շարունակումը՝ միաժամանակ պահպանելով հետևողականությունը գնաճային սպասումների վերջնական կայունացման հարցում:  

Իրականացվող դրամավարկային քաղաքականության և սպասվող մակրոտնտեսական զարգացումների պայմաններում 12-ամսյա գնաճը միջնաժամկետում աստիճանաբար կավելանա և կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ ներկայացրած սցենարի համաձայն՝ տնտեսական բարձր ակտիվությունն առաջիկայում կպահպանվի՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների ու շինարարության ճյուղերի սպասվող բարձր աճով: Նշվածից ելնելով՝ գնահատվում է, որ 2023 թվականի վերջին տնտեսական աճը կկազմի 8.3%:

Միջնաժամկետ հորիզոնում տնտեսական աճը որոշակիորեն կդանդաղի՝ պայմանավորված պահանջարկի աճի դանդաղմամբ և քաղաքականության իրագործման հորիզոնի վերջում կմոտենա իր երկարաժամկետ կայուն մակարդակին` 4.5%-ին:

 Ներկայացված սցենարում քաղաքականության 3 տարվա հորիզոնում գնաճի և տնտեսական աճի նախանշված ուղեգծերից շեղման հավանականային ռիսկերը հիմնականում հավասարակշռված են: Ռիսկերի՝ որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը։