ՀՀ ԿԲ բանբեր (2010թ. 4-րդ եռամսյակ)

ՀՀ ֆինանսական համակարգը 2010 թվականի չորրորդ եռամսյակում

ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը 

31.12.2010 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործում են 21 առևտրային բանկեր` 408 մասնաճյուղերով:

2010 թվականի չորրորդ եռամսյակում արձանագրվել է բանկային համակարգի ամփոփ ցուցանիշների աճ: Տնտեսության ակտիվության վերականգնմանը զուգընթաց, հաշվետու եռամսյակում բանկային համակարգը վարկային շուկայում գործել է բավականին ակտիվ:

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը 

2010 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 4.0%-ով (12.3 մլրդ դրամով) և կազմել 319.0 մլրդ դրամ` հիմնականում պաjմանավորված ընթացիկ ժամանակաշրջանի շահույթով:

Եռամսյակի ընթացքում համակարգն ապահովել է 9.5 մլրդ դրամի չափով զուտ շահույթ:

Կապիտալի համեմատ ակտիվների ավելի արագ աճի պայմաններում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 1.2 տոկոսային կետով` կազմելով 20.4%:

Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 4.6 տոկոսային կետով և կազմել 22.2%` հիմնականում պայմանավորված կապիտալի նկատմամբ ռիսկով կշռված ակտիվների առաջանցիկ աճով` ի հաշիվ չորրորդ եռամսյակում վարկային շուկայի կտրուկ ակտիվացման:

Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները 

Հաշվետու եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները աճել են 11.7%-ով (130.3 մլրդ դրամով) և կազմել` 1 տրլն 241.5 մլրդ դրամ` հիմնականում պայմանավորված բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների 63.7 մլրդ դրամ և ֆիզիկական ու իրավաբանական անճանց ժամկետային և ցպահանջ պարտավորությունների 54.7 մլրդ դրամ աճերով: Ընդհանուր պարտավորությունների աճ արձանագրվել է 18 բանկում և նվազում` 3 բանկում:

Պարտավորությունների կազմում հիմնականում նվազել են ՀՀ կառավարության նկատմամբ պարտավորությունները` 6.7%-ով կամ 5.8 մլրդ դրամով:

31.12.2010 թվականի դրությամբ առևտրային բանկերի ընդհանուր ավանդների մեծությունը կազմում է 673.1 մլրդ դրամ:

Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն աճել են 11.1%-ով կամ 40.6 մլրդ դրամով: Իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն աճել են 5.6%-ով կամ 14.1 մլրդ դրամով:

Ըստ արժութային կառուցվածքի դրամային ավանդները եռամսյակի ընթացքում աճել են 14.3%-ով կամ 25.6 մլրդ դրամով, իսկ արտարժութային ավանդները` 6.6%-ով կամ 29.1 մլրդ դրամով: