ՀՀ ԿԲ բանբեր (2010թ. 1-ին եռամսյակ)
ՀՀ ֆինանսական համակարգը 2010 թվականի առաջին եռամսյակում
ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը
31.03.2010 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 22 առևտրային բանկեր` 389 մասնաճյուղերով:
2010 թվականի առաջին եռամսյակում, տնտեսության ակտիվացմանը զուգընթաց, բանկային համակարգում ևս պահպանվել են նախորդ երկու եռամսյակներում ձևավորված աճի միտումները. ապահովվել է ակտիվների և վարկերի համապատասխանաբար 4.3% և 6.3% աճ:
Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը
2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 2.5%-ով (7.0 մլրդ դրամով) և կազմել 285.4 մլրդ դրամ: Եռամսյակի ընթացքում երկու բանկեր համալրել են կանոնադրական կապիտալը` ընդհանուր 4.1 մլրդ դրամի չափով: Ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը եռամսյակի ընթացքում նվազել է 0.4 տոկոսային կետով` կազմելով 20.6%, իսկ ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշն աճել է 0.2 տոկոսային կետով և կազմել 28.6%:
Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները
Հաշվետու եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները ավելացել են 4.8%-ով (50.6 մլրդ դրամով) և կազմել 1 տրլն 98.2 մլրդ դրամ: Ընդհանուր պարտավորությունների աճ է արձանագրվել 15 բանկում, իսկ նվազում՝ 7 բանկում: Պարտավորությունների կազմում ավելացել են հիմնականում ՀՀ կառավարության նկատմամբ պարտավորությունները` 21.0%-ով (14.2 մլրդ դրամով) և ընդհանուր ավանդները (իրավաբանական և ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային միջոցները)` 5.6%-ով (35.2 մլրդ դրամով):
31.03.2010 թ. դրությամբ առևտրային բանկերի ընդհանուր ավանդների մեծությունը կազմել է 662.0 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն ավելացել են 6.7%-ով (22.7 մլրդ դրամով), իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները` 4.3%-ով (12.5 մլրդ դրամով):