ՀՀ ԿԲ Բանբեր (2012թ. 2-րդ եռամսյակ)

ՀՀ ֆինանսական համակարգը 2012 թվականի երկրորդ եռամսյակում

ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը 

30.06.2012 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործում են 21 առևտրային բանկեր 461 մասնաճյուղով: 2012 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է բանկային համակարգի հիմնական ցուցանիշների աճ:

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը 

2012 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 1.9 %-ով (6.8 մլրդ դրամով) և եռամսյակի վերջին կազմել 369.8 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը պայմանավորված է եռամսյակի ընթացքում բանկերի կողմից ապահոված ընդհանուր 7.6 մլրդ դրամ զուտ շահույթով:

Հաշվետու եռամսյակում ակտիվների աճի տեմպը գերազանցել է ընդհանուր կապիտալի աճի տեմպը 8.1 տոկոսային կետով: Արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 1.3 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 16.5%:  Ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 1.0 տոկոսային կետով և կազմել 16.8%` պայմանավորված ընդհանուր նորմատիվային կապիտալի նկատմամբ ռիսկով կշռված ակտիվների առաջանցիկ աճով` ի հաշիվ հաշվետու եռամսյակի ընթացքում վարկավորման ծավալների ընդլայնման:

Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները 

Հաշվետու եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր պարտավորություններն աճել են 11.8%-ով (197.1 մլրդ դրամով) և եռամսյակի վերջին կազմել 1 տրլն 871.2 մլրդ դրամ: Ընդհանուր պարտավորությունների աճ արձանագրվել է 19 բանկում, իսկ  նվազում` 2 բանկում:

Պարտավորությունների կազմում հիմնականում աճել են բանկերի նկատմամբ պարտավորությունները (ներառյալ ԿԲ), իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդները, այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները` համապատասխանաբար` 19.1%-ով (65.8 մլրդ դրամով),  8.6%-ով (78.0 մլրդ դրամով) և 14.7%-ով (34.8 մլրդ դրամով):

Հաշվետու եռամսյակի վերջին ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամկետային և ցպահանջ ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 986.8 մլրդ դրամ: Ընդհանուր ավանդներում ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 33.4% և 66.6% (31.03.2012թ. դրությամբ համապատասխանաբար` 33.6% և 66.4%):

Եռամսյակի ընթացքում ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն աճել են 10.0 %-ով (59.2 մլրդ դրամով)  և կազմել 648.7 մլրդ դրամ: Իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն աճել են 5.9 %-ով (18.8 մլրդ դրամով) և եռամսյակի վերջին կազմել 338.1 մլրդ դրամ:

Ըստ արժութային կառուցվածքի դրամային ավանդները եռամսյակի ընթացքում նվազել  են 4.1 %-ով (12.7 մլրդ դրամով), իսկ արտարժութային ավանդները` աճել 15.3 %-ով (90.7 մլրդ դրամով): Արդյունքում դրամային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում նվազել է 4.0 տոկոսային կետով` եռամսյակի վերջին  կազմելով  30.1%: