ՀՀ ԿԲ բանբեր (2014թ. 1-ին եռամսյակ)
ՀՀ ֆինանսական համակարգը 2014 թվականի առաջին եռամսյակում
ՀՀ տարածքում գործող բանկերը
2014 թվականի մարտի 31-ի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 21 առևտրային բանկեր 489 մասնաճյուղով և մեկ զարգացման բանկ (Համահայկական բանկը): Եռամսյակի ընթացքում շարունակվել է արձանագրվել բանկային համակարգի հիմնական հաշվեկշռային ցուցանիշների աճ:
Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը
2014 թվականի առաջին եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 2.2%-ով (12 ամսյա աճը կազմել է 14.9%) և կազմել 466.0 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը ապահովվել է եռամսյակի 7.7 մլրդ դրամ զուտ շահույթի և մեկ բանկի կողմից կանոնադրական կապիտալի 7.0 մլրդ դրամով համալրման հաշվին:
Հաշվետու եռամսյակում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը աճել է 0.4 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 15.9%:
Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 0.3 տոկոսային կետով և եռամսյակի վերջին կազմել 16.4%:
Բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները
Հաշվետու եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները նվազել են 1.1%-ով (12 ամսյա աճը կազմել է 13.7%) և կազմել 2 տրլն 460.1 մլրդ դրամ:
Ընդհանուր պարտավորությունների նվազումը հիմնականում պայմանավորվել է բանկերի նկատմամբ` (ներառյալ` ԿԲ) պարտավորությունների (ներառյալ` թղթակցային հաշիվները) 12.4% (52.9 մլրդ դրամով) նվազմամբ:
Եռամսյակի ընթացքում իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները աճել են 1.7%-ով և կազմել 619.4 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները աճել են 2.9%-ով և կազմել 938.9 մլրդ դրամ:
Ըստ ժամկետային կառուցվածքի՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդհանուր ավանդներում ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 33.4% և 66.6% (31.12.2013թ. դրությամբ համապատասխանաբար` 34.3% և 65.7%):
Ըստ արժութային կառուցվածքի` դրամային ավանդները եռամսյակի ընթացքում նվազել են 0.9%-ով, իսկ արտարժութային ավանդները աճել են` 3.8%-ով: Արդյունքում արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 1.0 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 71.9%:
Եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում հիմնականում ավելացել է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների կշիռը, նվազել է բանկերի (ներառյալ ԿԲ) նկատմամբ պարտավորությունների կշիռը: