ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր (2009թ. 2-րդ եռամսյակ)
(2009/2) 2009 թվականի առաջին եռամսյակի փաստացի ցուցանիշները և զարգացումները
2009 թվականի առաջին եռամսյակը նշանավորվեց գների զարգացումը պայմանավորող արտաքին և ներքին տնտեսական գործոնների տարաբնույթ ազդեցություններով: Համաշխարհային պահանջարկի շարունակական նվազման պայմաններում արտաքին հատվածի ցածր գնաճային միջավայրը պահպանվեց ողջ եռամսյակի ընթացքում` փոխանցվելով նաև ՀՀ ապրանքային շուկաներ: Մյուս կողմից, նույն գործոնով պայմանավորված նվազեցին նաև ներքին պահանջարկի սպառման և ներդրումների բաղադրիչները` լրացուցիչ զսպող ազդեցություն ունենալով գնաճի ընդհանուր մակարդակի վրա:
Այնուհանդերձ, մարտի սկզբին տեղի ունեցած դրամի արժեզրկման պայմաններում ներմուծված ապրանքների հիմնական մասի դրամային գները մասամբ ճշգրտվեցին` թուլացնելով գնանկումային զարգացումների ազդեցությունը: Վերոնշյալ զարգացումներով պայմանավորված 2009 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 0.7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 1.0%` նախորդ եռամսյակի համեմատ նվազելով 4.2 տոկոսային կետով: Ընդ որում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները եռամսյակի ընթացքում աճել 0.3%-ով (նպաստումը գնաճին` 0.2 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գների 1.4%-ով (նպաստումը գնաճին` 0.2 տոկոսային կետ) և ծառայությունների սակագները 1.0%-ով (նպաստումը գնաճին` 0.3 տոկոսային կետ): Միաժամանակ, բնականոն գնաճը 2009 թ. առաջին եռամսյակում կազմել է 0.3%, áորի պարագայում 12-ամսյա բնականոն գնաճը դեկտեմբերի նույն ցուցանիշի համեմատ նվազել է 2.0 տոկոսային կետով` կազմելով 3.3%: