Գնաճի հաշվետվություն 2014/4 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 4-րդ եռամսյակ 2014թ., Դրամավարկային քաղաքականության 2014թ. 3-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)
Համառոտագիր
Համաձայն ՀՀ ԿԲ կանխատեսումների կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը աստիճանաբար կմոտենա իր նպատակային ցուցանիշին և կկայունանա դրա շուրջ, իսկ 2015թ. և կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կտատանվի թույլատրելի միջակայքի սահմաններում՝ 4% +/- 1.5 տոկոսային կետ: Արտաքին և ներքին տնտեսական զարգացումներում առկա անորոշությունների ներքո կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճը կվերականգնվի դանդաղ տեմպերով և հորիզոնի ընթացքում աստիճանաբար կմոտենա իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:
2014թ. երրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության միջավայրի որոշ չափով ընդլայնում, այնուամենայնիվ, տնտեսական աճը դեռևս պահպանվել է ցածր մակարդակում: Երրորդ եռամսյակում ցածր ներքին պահանջարկի մասին են վկայում մասնավոր սպառման նվազումն ու ներդրումային թույլ ակտիվության պահպանումը. 2014թ-ի երրորդ եռամսյակում մասնավոր սպառման մասով գնահատվում է տ/տ 1.0% նվազում, իսկ մասնավոր ներդրումների աճը՝ տ/տ 2.0%: Ցածր պահանջարկն արտացոլվել է արդյունաբերության ու ծառայությունների ճյուղերի թողարկման ծավալների ցածր աճերում և շինարարության դեռևս բացասական զարգացումներում: Ի տարբերություն նշված ճյուղերի, գյուղատնտեսության ճյուղում արձանագրվել է սպասվածից բարձր աճ, ինչն էլ հիմնականում նպաստել է եռամսյակի ընթացքում տնտեսական ակտիվության ավելացմանը: Արդյունքում, ակնկալվում է, որ երրորդ եռամսյակի տնտեսական աճը կգտնվի տ/տ 3.5-3.8% միջակայքում:
Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն մասնավոր սպառման աճի տեմպերը կշարունակեն դանդաղել, իսկ ներդրումային միջավայրը՝ կայունանալ, ինչի պարագայում 2014թ-ին մասնավոր սպառումը կնվազի 1.7%-ով, իսկ մասնավոր ներդրումները կաճեն 1.4%-ով: Տարվա ընթացքում նախատեսվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում հարկաբյուջետային ազդակը (հաշվարկված նախորդ տարվա նկատմամբ) գնահատվում է փոքր ընդլայնող: 2014թ-ի արդյունքներով ապրանքների և ծառայությունների արտահանման և ներմուծման իրական աճերը կհավասարակշռվեն 6.0%-ի շուրջ, իսկ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասով ակնկալվում է զուտ 3% նվազում: Արդյունքում, տնտեսական աճը 2014թ-ին գնահատվում է 3.1-3.6% միջակայքում` պայմանավորված հիմնականում գյուղատնտեսության և ծառայության ճյուղերի աճերով (ընդհանուր նպաստումը՝ 3.0-3.3 տոկոսային կետ):
Կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճը աստիճանաբար կմոտենա իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին՝ պայմանավորվելով մասնավոր սպառման աճի տեմպերի արագացմամբ և մասնավոր ներդրումների դանդաղ տեմպերով վերականգնմամբ: Այսպիսով, 2015թ-ի գնանկումային ազդեցությոնից հետո կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում, մասնավոր պահանջարկի կայունացման և հարկաբյուջետային քաղաքականության ընդհանուր առմամբ չեզոք ազդեցության արդյունքում, համախառն պահանջարկի վրա ներքին տնտեսության ազդեցությունը կլինի ոչ գնաճային:
Արտաքին հատվածում 2014 թվականի երրորդ եռամսյակում ևս աշխարհաքաղաքական զարգացումների ներքո անորոշություններն ավելացել են և պահպանվել է արտաքին պահանջարկի ցածր մակարդակը: Այս իրավիճակում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում նկատվել են հիմնականում գնանկումային զարգացումներ:
Կանխատեսվող հորիզոնում համաշխարհային տնտեսական աճի դանդաղ վերականգնման տեմպերը կպահպանվեն, որի պայմաններում արտաքին պահանջարկի կողմից և հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներից գնաճային ճնշումներ չեն սպասվում:
2014թ-ի երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և հուլիսին կազմել է անհամեմատ ցածր՝ 0.4% մակարդակ, իսկ հաջորդ երկու ամսում արդեն աստիճանաբար ավելացել է: Արդյունքում, սեպտեմբերի վերջին 12-ամսյա գնաճը կազմել է 1.5%՝ դեռևս ցածր գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից: Երրորդ եռամսյակում փոխվել է նաև բնականոն գնաճի միտումը, որի հետևանքով 12-ամսյա ցուցանիշը եռամսյակի ընթացքում ավելացել է 0.6 տոկոսային կետով՝ սեպտեմբերի վերջին կազմելով 1.0%:
Կենտրոնական բանկը 2014թ-ի երրորդ եռամսյակում իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սեպտեմբերի վերջին սահմանելով այն 6.75% (մանրամասն ներկայացված է «III. 1.1 Փաստացի գնաճ և գնաճի նպատակի իրագործումը բաժնում):
ԿԲ կանխատեսումների համաձայն կարճաժամկետ հատվածում, չնայած արտաքին և ներքին տնտեսություններում սպասվող ցածր պահանջարկին, չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրման և 2015թ-ի հունվարից Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության արդյունքում ակնկալվում է գնաճի տեմպերի վերականգնում: Այս պայմաններում ԿԲ խորհուրդը գտնում է, որ մինչ օրս դրամավարկային պայմանների շարունակական թուլացումը բավարար է կարճաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար:
Կանխատեսված ցուցանիշից գնաճի շեղման ռիսկերն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ հատվածում գնահատվում են հավասարակշռված: Ընդ որում, արտաքին հատվածից եկող ռիսկերը մեծամասամբ կապված են համաշխարհային տնտեսության աճի տեմպերի վերականգնման և զարգացող երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի, տնտեսական ու աշխարհաքաղաքական զարգացումների հեռանկարների և հումքային ու պարենային ապրանքների շուկաների վրա դրանց հնարավոր ազդեցության փոխանցման հետ: Ներքին տնտեսությունից եկող ռիսկերը հիմնականում պայմանավորված են ներքին պահանջարկի զարգացումների, մասնավորապես՝ մասնավոր սպառման աճի տեմպերի և կապիտալ ներդրումների վերականգնման ընթացքով, Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության տնտեսական հետևանքների, մի շարք ապրանքների գծով դրոշմապիտակների ներդրման գնաճային ազդեցությունների դրսևորմամբ, ինչպես նաև բնակլիմայական պայմաններից կախված գյուղատնտեսության ճյուղի զարգացումներով: Վերոնշյալ ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը կարձագանքի համապատասխան քաղաքականությամբ՝ ապահովելով գնաճի նպատակային մակարդակը միջինժամկետ հատվածում: