Գնաճի հաշվետվություն 2022/4 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 4-րդ եռամսյակ 2022թ. Դրամավարկային քաղաքականության 2022թ. 3-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)
Համառոտագիր
2022 թ. չորրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և մասնավորապես ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության տեմպերի դանդաղումը: Դրան զուգահեռ, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր՝ պայմանավորված հիմնականում պահանջարկի դեռևս դրական զարգացումներով: Զարգացած երկրներում բարձր գնաճի մեղմմանն ուղղված զսպող դրամավարկային քաղաքականության իրականացման արդյունքում միջազգային ապրանքահումքային շուկաներում դիտվում է գների որոշակի նվազում: Ի տարբերություն համաշխարհային տնտեսության, ՀՀ-ում դիտվում է տնտեսական ակտիվության բարձր աճի տեմպեր, որին շարունակում է էականորեն նպաստել ծառայությունների ոլորտում ձևավորված արտաքին բարձր պահանջարկը: Նման զարգացումների պարագայում, չնայած արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունների աստիճանաբար թուլացմանը և հետևողական դրամավարկային քաղաքականության իրականացման և դրամի արժևորման արդյունքում ներքին գնաճային միջավայրը որոշ չափով մեղմմանը, այնուամենայնիվ, գնաճի վարքագծում դեռևս մեծ ազդեցություն ունեն բարձր պահանջարկն ու գնաճային սպասումները:
Ընդհանուր առմամբ, առկա զգալի անորոշությունների պայմաններում, Կենտրոնական բանկը փորձում է նվազեցնել դրանցից բխող հնարավոր ռիսկերը՝ կառուցելով ու քննարկելով իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ, որոնցից մեկը մանրամասնորեն ներկայացված է սույն ծրագրում:
Չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը պահպանվել է բարձր մակարդակում և նոյեմբերին կազմել 8.8%: ՀՀ ԿԲ սցենարի համաձայն՝ ձևավորված մեծ պահանջարկն առաջիկայում դեռևս կնպաստի գնաճային միջավայրի և բարձր գնաճային սպասումների պահպանմանը, ինչից ելնելով՝ Կենտրոնական բանկն այս փուլում դեռևս շարունակել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը:
Իրականացվող դրամավարկային քաղաքականության և սպասվող մակրոտնտեսական զարգացումների ներքո 12-ամսյա գնաճը հաջորդ տարվա ընթացքում կնվազի և հետագայում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ ներկայացվող սցենարի համաձայն՝ տնտեսական բարձր ակտիվությունն առաջիկայում կպահպանվի, ինչի արդյունքում 2022 թ. ակնկալվում է նախորդ սցենարին մոտ բարձր տնտեսական աճ: Միջնաժամկետում վերջինս աստիճանաբար կդանդաղի և կկայունանա երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակի շուրջ:
2022 թ. սպասվող տնտեսական աճին հիմնականում կնպաստի ծառայությունների և շինարարության ճյուղերի բավականին բարձր աճը: Կանխատեսվող միջնաժամկետ հորիզոնում դրական ՀՆԱ ճեղքվածքը կփակվի, և տնտեսական աճը կդանդաղի՝ պայմանավորված պահանջարկի ճշգրտմամբ: Հորիզոնի վերջում տնտեսական աճը կլինի իր երկարաժամկետ կայուն 4.0% մակարդակին մոտ:
Քաղաքականության 3 տարվա հորիզոնում գնաճի և տնտեսական աճի նախանշված ուղեգծերից շեղման ռիսկերը հավասարակշռված են (տե՛ս ենթաբաժին 2.2.4): Ռիսկերի՝ որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը: