Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը (2004 թվական)

Նախաբան

2004 թվականին բանկային համակարգի զարգացումները վկայում են, որ մակրոտնտեսական բարենպաստ միջավայրի պարագայում մեծ է համակարգի ընդարձակման ու խոշորացման ներուժը: Բանկային համակարգը 2004 թվականին գործել է առողջ մրցակցային միջավայրում՝ վստահության ամրապնդման և ծառայությունների ընդլայնման միջոցով գրավելով հաճախորդների ավելի լայն շրջանակներ: 2004 թվականի նշանակալի հաջողություններից է ֆինանսական միջնորդության մակարդակի բարձրացումը, որին նպաստեցին նաև նախորդող մի քանի տարիներին այդ ուղղությամբ իրականացված միջոցառումները: Այդ ձեռնարկումների շնորհիվ մի կողմից ապահովվել է ֆինանսական միջոցների ներհոսք բանկային համակարգ, մյուս կողմից՝ վարկավորման մի շարք կայացած մեխանիզմների և տնտեսական ակտիվության շնորհիվ էականորեն աճել են վարկերի ծավալները: Բանկային համակարգի կողմից ներգրավված ընդհանուր ավանդները 2004 թվականին աճել են 24%-ով, իսկ տնտեսության վարկավորումը՝ 37%-ով (2003 թվականին, համապատասխանաբար՝ 13% և 16%):

Անվանական ՀՆԱ-ի 16.7% աճի համեմատ բանկային համակարգի ակտիվների 29% առաջանցիկ աճի տեմպի պարագայում 1.8 տոկոսային կետով աճել է բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը և կազմել 19.2% (2003 թ.՝ 17.4%): Այդուհանդերձ, ֆինանսական միջնորդության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում դեռևս խիստ ցածր է, քանի որ մի շարք եվրոպական երկրներում և նախկին խորհրդային տարածքի որոշ հանրապետություններում բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 60 - 100%: Ֆինանսական միջնորդության խթանման արմատական քայլերից մեկը դեռևս 1999-2000 թվականներին Կենտրոնական բանկի ձեռնարկած՝ բանկային համակարգի «առողջացման» գործընթացն էր, որը միտված էր շուկայից դուրս բերելու խնդրահարույց բանկերը: Այդ բանկերը տնտեսության զարգացման և ֆինանսական շուկայում առողջ մրցակցային դաշտի ուժեղացման պայմաններում դարձել էին անվճարունակ և ֆինանսական շուկայում դրանց հետագա գործունեությունը կարող էր անուղղելի վնաս հասցնել բանկային համակարգի հետագա զարգացմանը:

Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ իրականացվեցին մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ընդունվեց բանկերի սնանկության մասին նոր օրենք և բարձրացվեց Կենտրոնական բանկի վերահսկիչ դերը: Այդ ռազմավարական ծրագրի իրականացումը ոչ միայն թույլ տվեց ժամանակին կանխելու հնարավոր ճգնաժամը, այլ նաև նպաստեց բանկային համակարգի հետագա զարգացմանն ու առողջ մրցակցային միջավայրի հաստատմանը:

Ֆինանսական միջնորդության աստիճանի բարձրացման գործում էական դեր են ունեցել ՀՀ-ում գործող՝ փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված միջազգային վարկային ծրագրերը: Արդեն մի քանի տարի է ՀՀ առևտրային բանկերը ընդգրկված են այդպիսի մի շարք ծրագրերում: Նախապես մրցութային կարգով ընտրված առևտրային բանկերին ծրագրերի շրջանակներում ոչ միայն տրամադրվել են ֆինանսական միջոցներ, այլև ներդրվել են վարկավորման որոշակի մեխանիզմներ, հատուկ դասընթացներում վերապատրաստվել են բանկերի վարկային գործակալները: Ֆինանսական միջնորդության համար որոշիչ դեր ունեն ֆինանսական ենթակառուցվածքները և դրանց արդյունավետ գործունեությունը:

2003 թվականի ընթացքում ներդրվել են վարկային ռեգիստրը, ավանդների երաշխավորման համակարգը` էապես նպաստելով ռիսկերի նվազեցմանը և ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը: Միևնույն ժամանակ, իրենց գործունեությունն են սկսել վարկային կազմակերպությունները՝ հնարավորություն ընձեռելով բնակչության առավել լայն զանգվածներին օգտվելու որոշակի ֆինանսական ծառայություններից: 2003 – 2004 թթ. աննախադեպ ավելացել է կիրառվող պլաստիկ քարտերի քանակը՝ ապահովելով ոչ միայն լրացուցիչ էժան ֆինանսական միջոցների ներհոսք առևտրային բանկերի համար, այլև քարտերի միջոցով հարակից նոր ծառայությունների մատուցման հնարավորություններ (օվերդրաֆտ, սպառողական վարկեր):

2004 թվականին զգալիորեն (38.5%-ով կամ 36.8 մլրդ դրամով) աճել են համախառն վարկային ներդրումները (ներառյալ դեբիտորական պարտքերը): Վարկերի ծավալային աճին զուգահեռ, 36.9%-ով ավելացել է նաև վարկերի ու դեբիտորական պարտքերի քանակը և 2004թ. վերջի դրությամբ կազմել մոտ 200 հազար հատ: Վարկավորման նման աճի պարագայում վարկային ներդրումների որակի վատացում չի արձանագրվել: Հատկանշական է, որ պահպանվել են տնտեսության ճյուղերի վարկավորման՝ նախորդ տարվա սեզոնայնությունները: 2004 թվականին աննախադեպ բարձր է եղել շահույթի մակարդակը, ինչը հիմնականում պայմանավորվել է վարկերի ծավալի աճով և որակի պահպանմամբ: Դիտարկվում է նաև բանկերի միջև մրցակցության ուժեղացում: Առևտրային բանկերը փորձում են իրենց դիրքերն ամրապնդել ֆինանսական շուկայի որոշակի հատվածներում, որոշակի ֆինանսական գործիքների ու ծառայությունների մատուցման ոլորտներում:

Հատկանշական է, որ 2004 թվականին բանկային համակարգի վարկավորման աճը, ինչպես և նախորդ տարի, հիմնականում տեղի է ունեցել սպառողական և առևտրային վարկերի հաշվին: Սպառողական վարկերի 16.1 մլրդ դրամով (կամ 69.4%-ով) աճը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է սպառողական վարկավորման նոր մեխանիզմների ներդրմամբ և բնակչության զուտ տնօրինվող եկամտի աճով: 2003 թվականի համեմատ, մասնավոր տրանսֆերտները 2004 թվականին աճել են 63 %-ով, ինչն ազդել է նաև մասնավոր հատվածի զուտ տնօրինվող եկամտի աճի, ինչպես նաև ծախսերի 10.6%-ով աճի վրա: Առևտրային վարկերն ավելացել են 10.0 մլրդ դրամով կամ 47.3%-ով:

2004 թվականին անվանական ՀՆԱ 16.7% աճին հիմնականում նպաստել են գյուղատնտեսության և շինարարության ճյուղերը: Գյուղատնտեսության ճյուղի վարկավորումը տարվա ընթացքում ավելացել է 11.7%-ով, իսկ ճյուղի թողարկման անվանական աճը կազմել է 22.9%: Շինարարության ոլորտում թողարկման անվանական աճը կազմել է 18.7%, որին զուգահեռ, բանկային համակարգի կողմից ճյուղի վարկավորումն ավելացել է 10.0%-ով կամ 481 մլն դրամով: Շինարարության աճն ապահովվել է ոչ թե բանկային համակարգի վարկավորման, այլ մասնավոր հատվածի կողմից ֆինանսավորված շինարարության ծավալների աճի հաշվին:

Արդյունաբերության ճյուղի վարկերը 2004 թվականին ավելացել են 19.6 %-ով (5.8 մլրդ դրամով), իսկ ճյուղի թողարկման անվանական աճը կազմել է 25.1%: Նախորդ տարիների համեմատ թողարկման անվանական բարձր աճ է արձանագրվել հանքագործության ճյուղում՝ 202.1% (աճի վրա շատ էական է եղել պատվիրատուի հումքի գների աճը), որի վարկավորումը բանկային համակարգի կողմից ավելացել է 2.7 մլրդ դրամով և կազմել 3.1 մլրդ դրամ: Որպես ֆինանսական միջնորդության մակարդակի բնութագրիչ՝ տոկոսադրույքների սպրեդի համեմատաբար բարձր մակարդակը վկայում է ՀՀ ֆինանսական համակարգում անբավարար ֆինանսական միջնորդության աստիճանի մասին: Այսպես, չնայած 2004 թվականին տոկոսադրույքների սպրեդը նվազել է մոտ 1 տոկոսային կետով, այնուամենայնիվ, Մերձբալթյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների 5 տոկոսային կետ կազմող սպրեդի նկատմամբ ՀՀ բանկերի տոկոսադրույքների սպրեդը կրկնակի բարձր է:

Սպրեդի բարձր մակարդակը բացատրվում է նրանով, որ ՀՀ բանկային համակարգի և առանձին բանկերի փոքր չափերի պարագայում փոքր է ավանդային և վարկային բազան, ուստի բարձր հաստատուն ծախսերի պարագայում ցածր է բանկի գործունեության արդյունավետությունը՝ ինչը ենթադրում է, որ բանկային համակարգում դեռևս բացակայում է «մասշտաμային էֆեկտը»: Խոշոր բանկերը, այլ հավասար պայմաններում, հնարավորություն ունեն ներդնելու ռիսկերի կառավարման առավել համապարփակ և գործող համակարգ, նվազեցնելու այդ ռիսկերից հավանական վնասները և բարձրացնելու շահութաբերությունը: Սպրեդի բարձր մակարդակը պայմանավորում են նաև մի կողմից՝ մեծ վարկային ռիսկը, մյուս կողմից՝ տնտեսությունում «երկար» խնայողությունների բացակայությունը, ինչի հետևանքով ֆինանսական միջոցների ներգրավման - տեղաբաշխման անհամապատասխանությունից առաջանում է այլ ռիսկերից (իրացվելիության, տոկոսադրույքների) ակնկալվող կորուստների լրացուցիչ փոխհատուցման խնդիր: