Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը (2016 թվական)

Նախաբան

2016 թվականին ՀՀ ֆինանսական համակարգում արձանագրվել են կայուն զարգացման միտումներ` ապահովվել է հիմնական հաշվեկշռային ցուցանիշների զգալի աճ և բարելավվել են ֆինանսական կայունությունը բնութագրող ցուցանիշները: Ֆինանսական միջնորդությունը բնութագրող ակտիվների ու ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշն ավելացել է 12.3 տոկոսային կետով և կազմել 89.1%, իսկ վարկերի ու ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշն ավելացել է 6.6 տոկոսային կետով և կազմել 50.0%: Ցածր գնաճային միջավայրում Կենտրոնական բանկը տարվա ընթացքում աստիճանական նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդհանուր առմամբ 2.5 տոկոսով, որն իր համապատասխան ազդեցությունն է փոխանցել թե' պետական պարտատոմսերի շուկայի` դրանց եկամտաբերության նվազման, և թե' ֆինանսական համակարգի կողմից տնտեսության ֆինանսավորման ոլորտի` վարկերի տոկոսադրույքների նվազման ուղղությամբ: Բանկերի ընդհանուր կապիտալի սահմանաչափի բարձրացման որոշման ներքո կապիտալի համալրումները նպաստել են բանկերի կայունության ամրապնդմանը:

Ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակից բանկային համակարգում արձանագրվել է վարկերի և ավանդների աճ, ապահովվել է շահութաբերություն: Ընդ որում, վարկերի աճը զուգորդվել է վարկային ռիսկը բնութագրող չաշխատող վարկերի տեսակարար կշռի նվազմամբ: Ապահովագրական ընկերությունները ապահովել են ամփոփ ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, կապիտալ և այլն) կայուն աճի միտումներ: Կենսաթոշակային ֆոնդերը տարվա ընթացքում կրկնապատկվել են, ինչը արդեն իսկ կայացած համակարգի նկատմամբ վստահության աճի և միջոցների արդյունավետ կառավարման արդյունք է:

Ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության ոլորտում Կենտրոնական բանկը շարունակել է աշխատանքներ իրականացնել ֆինանսական հաստատությունների գործունեության կարգավորման ու վերահսկողության արդյունավետության բարձրացման ուղղություններով: Կենտրոնական բանկը, կարևորելով ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, իրականացրել է մի շարք միջոցառումներ հասարակության տարբեր նպատակային խմբերի ֆինանսական կրթման, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների վարվելակերպի կարգավորման և վերահսկողության ուղղություններով: