ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2018 թվական)

Ուղերձ

Հարգելի՛ ընթերցող

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018 թվականի տարեկան հաշվետվությունը: 2018 թվականին Կենտրոնական բանկն իր գործունեությունը ծավալել է սահմանադրական բարեփոխումներից բխող՝ ՀՀ կենտրոնական բանկի մասին օրենքի նոր դրույթներին համապատասխան: Ըստ օրենսդրական փոփոխության՝ Կենտրոնական բանկի հիմնական նպատակները երկուսն են՝ Հայաստանի Հանրապետությունում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը: Կենտրոնական բանկը մշտապես կարևորել և ապահովել է ֆինանսական կայունությունը, սակայն օրենսդրական փոփոխությամբ դա ևս սահմանվել է որպես հիմնական նպատակ:

Երկու նպատակների միաժամանակյա իրագործումը ներկայիս աշխարհի զարգացումների հրամայականն է, և Կենտրոնական բանկը տարվա ընթացքում իր լիազորությունների ներքո ապահովել է դրանք: Գների կայունության ապահովման գործընթացում Կենտրոնական բանկի կողմից ցածր գնաճային միջավայրում իրականացվել է ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն. ԿԲ խորհուրդը ամբողջ տարվա ընթացքում քաղաքականության տոկոսադրույքը պահպանել է ցածր մակարդակում՝ նույնիսկ համաշխարհային տոկոսադրույքների բարձրացման պարագայում։ 2018 թ. ընթացքում նվազել են գնաճային սպասումները, ավելացել է ազգային արժույթի նկատմամբ պահանջարկը, որն արտացոլվել է բնակչության ավանդների կառուցվածքում: Ավելացել է նաև բնակչության ավանդների ծավալը: Կայուն ֆինանսական համակարգը հնարավորություն է ընձեռել ավելացնելու միջնորդությունը: Վարկավորման աճի տեմպերը բարձր են եղել ինչպես սպառողական ու հիպոտեկային, այնպես և արդյունաբերության ու շինարարության ոլորտներում: Տնտեսության առաջնահերթ նշանակության ոլորտներում վարկավորման հասանելիության աստիճանի բարձրացման նպատակով Կենտրոնական բանկը համագործակցել է Կառավարության և գործընկեր միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ:

ԿԲ-ի կողմից մեղմ դրամավարկային պայմանների պահպանման և մակրոպրուդենցիալ քաղաքականության ներքո շարունակվել են ֆինանսական ծառայությունների հասանելիության և վարկերի ժամկետայնության աճի, ինչպես նաև տոկոսադրույքների նվազման միտումները, ինչը ֆինանսական համակարգում աճող մրցակցության արդյունք է:

2018 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից իրականացվել է ֆինանսական համակարգի գնահատման ծրագիր, որի ամփոփված արդյունքների համաձայն՝ ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն, իսկ կարգավորման և վերահսկողական գործընթացները համապատասխանել են Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին շուրջ 97%-ով: Բանկային համակարգը գնահատվում է բավարար իրացվելի և կապիտալացված:

2018 թվականը հոբելյանական էր. նշվեց պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 25-ամյակը: Դրամաշրջանառության մեջ են մտել լավագույն պաշտպանական հատկանիշներով տպագրված երրորդ սերնդի թղթադրամները, որոնք որակական հատկանիշների շնորհիվ շատ ավելի երկար կծառայեն: Կենտրոնական բանկը կշարունակի օրենքով սահմանված լիազորությունների ներքո ապահովել մակրոտնտեսական կայունության երկու հենասյուները` գների կայունությունը և ֆինանսական կայունությունը, իսկ ֆինանսական համակարգն ունակ կլինի սպասարկելու տնտեսությանը երկարաժամկետ հեռանկարում:

Կենտրոնական բանկի նախագահ    Արթուր Ջավադյան